ԴԱՍԸՆԹԱՑ` ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԴԱՍԸՆԹԱՑ` ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1007

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացրեց իրազեկման դասընթաց Աբովյան քաղաքում՝ «ՀՀ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների  մասին» թեմայով։ Դասընթացի նպատակն էր՝ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին և նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Դասընթացը վարում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը և իրավաբան` Սյուզաննա Սողոմոնյանը։ Վերջինս կազմակերպվել էր նաև ՀՀ բոլոր մարզերում։

Դասընթացի ժամանակ մասնագետները տեղեկություն տրամադրեցին նաև զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացրած մեխանիզմների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտությունների մասին։ Ներկայացվեցին նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկը։

«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»՝ ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածը, որպես բացման խոսք, մեջբերեց Արմինե Սադիկյանը և նշեց, որ մինչև զինվորական երդում տալը անձը համարվում է նորակոչիկ և չի կարող ընդգրկվել մարտական հերթապահության կամ ռազմական գործողությունների իրականացման  մեջ։ Զինվորական ծառայության սկիզբ համարվում է այն օրը, երբ զինվորական ծառայության կանչվածքաղաքացիները, ծառայության մեկնելու նպատակով,  ներկայանում են զինվորական կոմիսարիատ, իսկ զինվորական ծառայությունն ավարտված է համարվում՝ զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի անձնակազմի և բավարարման ցուցակներից հանելու օրը:

Մասնակիցները ևս հնարավություն ունեցան ներկայացնելու խնդիրներ, որոնց առնչվել են տարբեր իրավիճակներում, տեղերում նրանց տրամադրվեց իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կոնկրետ դեպքերով նաեւ  զոչակոչիկների կամ զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ակտերը եւ այլ բժշկական փաստաթղթեր, որոնց վերաբերյալ տրվեցին բժշկական եզրակացություններ կազմակերպության բժիշկ-փորձագետի կողմից, որոնք հիմք հանդիսացան հետագայում այդ գործերով կայացված որոշումների բողոքարկման համար:

Նրանք ամենից շատ հետաքրքրված էին զինծառայությունից տարկետման և ազատվելու հիմքերով, այլընտրանքային զինվորական և աշխատանքային ծառայության տեսակներով, բժշկական զննության ժամանակ իրենց իրավունքներով, զինծառայությանը զուգահեռ կրթությունը շարունակելու հնարավորություններով: Ներկայացրեցին բժշկական զննության ընթացքում ունեցած խնդիրները եւ խոչընդոտները:

 

Մարիամ Մարգարյան

3-րդ կուրս

 

Կիսվել