ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱՅՍ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՔԱՇԻ

ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱՅՍ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՔԱՇԻ

1074

Նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ապամոնտաժվեց Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող շինությունը:

Իր որոշման մասին քաղաքապետը գրել էր նաև ֆեյսբուքյան իր էջում՝ գրառմանը կից տեղադրելով ապամոնտաժման տեսանյութը:

 Շինության սեփականատերը «Անի-97» ընկերության տնօրեն Դավիթ Ահարոնյանն է: Շինության 1100 քառակուսի մետր տարածքից քաղաքապետարանը քանդեց 160 քառակուսի մետրը:

Այս առիթով սեփականատերը բողոք էր ներկայացրել դատարան:

Դավիթ Ահարոնյանը  պնդում է, որ շենքը կառուցվել է իր սեփական տարածքում, և տարածքի որոշ մասն էլ դեռ չի էլ հասցրել օգտագործել:

«Իմ սեփական հողից 80 սմ էլ դեռ պակաս եմ սարքել»,-նշեց սեփականատերը:

 Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերդ Դարբինյանի խոսքով այդ տարածքը համայնքային սեփականություն է:

«Բոլոր գործողությունները օրինաչափ են, տվյալ անձինք սադրում են, հրահրում են, դրսևորում են ապօրինի վարքագիծ»,- նշեց Ռոբերտ Դարբինյանը:

Նոյեմբերի 17-ին շինարարները հավաքվեցին Գյուրջյան փողոցում և իրենց դժգոհությունը հայտնեցին  ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Սա ճիշտ  Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարեր»-ն ա. ոչխարը լողացնում էինք, իրանք չկային, ոչխարները խառնվեցին, իրանք չկային, հենց մորթեցինք, հելան եկան»,- նշեց շինարարներից մեկը:

Նորք համայնքի բնակիչներից մի քանիսը դեմ են ապօրինի շինարարությանը և ճիշտ համարեցին  ապամոնտաժումը: Նրանց խոսքով՝  շինութունը կառուցել են շատ արագ, քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

Որոշ բնակիչներ էլ շենքի ապամոնտաժումը որակեցին վանդալիզմ, և իշխանության կողմից անթույլատրելի քայլ: Ըստ նրանց, քաղաքապետարանը գոնե պիտի ժամանակ տար սեփականատերերին և չքանդեր շինությունը:

Դավիթ Ահարոնյանի խոսքով, նա  մի քանի անգամ դիմել է շինթույլտվության  համար, սակայն մերժվել է:

Սեփականատերը որոշել էր կառուցվող շինությունը խանութ դարձնել և աշխատավայրեր  տրամադրել բնակիչներին:

Շինարարներն ասում են ՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Սեփականատիրոջ հետ սպասում են դատարանի որոշմանը, եթե  չթույլատրեն շարունակել շինարարական աշխատանքները, պատրաստ են ցույց կազմակերպել ըընդդեմ այդ որոշման:

 

Սոնա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել