ՆՈՒՅՆ ԿՈՒՐՍԻ 10 ԱՆԻՆԵՐՆ ՈՒ ԳԱՌՆԻՆ. Ի՞ՆՉ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՀԱՅԵՐԸ

ՆՈՒՅՆ ԿՈՒՐՍԻ 10 ԱՆԻՆԵՐՆ ՈՒ ԳԱՌՆԻՆ. Ի՞ՆՉ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՀԱՅԵՐԸ

3855

Անունները համարվում են մարդու այցեքարտը: Ոմանք կարծում են` այն ճակատագրական ազդեցություն է թողնում մարդու կյանքի վրա: Ըստ Հրաչյա Աճառյանի` անունների մեջ արմատական բառեր չկան, դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցավոր բառեր են: Շատ անձնանուններ ծագել են հասարակ բառերից` Մարտիկ, Ազատ, Հասմիկ, Նարգիզ…: Հնում մարդկանց անվանակոչել են` նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը` Տորք Անգեղ, Աշոտ Մսակեր, Լենկ Թեմուր(կաղ Թեմուր), Իվան Ահեղ… Անունները, մի լեզվից մյուսին անցնելով և ենթարկվելով հնչյունափոխության, կորցրել են իրենց նախնական նշանակությունը: Օրինակ` Թովմաս նշանակում է «երկվորյակ» և սկզբնապես տրվել է երկվորյակներից մեկին:

Հայերիս մոտ ամեն շրջանում նորաձև են եղել տարբեր անուններ: Օրինակ` Խորհրդային կարգերի տարիներին առավել տարածված են եղել ռուսական անունները` Ռոզա, Սվետլանա, Վլադիմիր, Վանյա, իսկ անկախության հաստատումից հետո աստիճանաբար սկսեցին տարածում գտնել հայկական անունները:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2005թ.-ին երեխաներին ամենահաճախ տրվող անունները Էրիկն ու Էլենն են եղել, իսկ 2010թ.-ին`տղաների անուններից Նարեկը, Դավիթը, Գոռը,  Էրիկը, Արմանը, իսկ աղջիկների անուններից` Մանեն, Միլենան, Անին, Անահիտը, Էլենը:

Եթե փորձենք համեմատություն անցկացնել 2016 և 2017 թվականների միջև, ապա կարող ենք տեսնել, որ անունների ընտրության մեջ էական տարբերություններ չկան, միայն տոկոսային հարաբերությունն է տարբեր: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2016թ.-ին տղաներին ամենահաճախ տրվող անուններն են եղել  Դավիթը, Նարեկը, Ալեքսը, Տիգրանը և Հայկը: 2017թ.-ին պատկերը գրեթե նույնն է. Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, իսկ Ալեքս անունը զիջել է իր դիրքերը` եզրափակելով հնգյակը:

Համեմատություն անցկացնենք նաև աղջիկների անունների միջև:

2016թ.-ին աղջիկների ամենատարածված անունները Մարիան, Նարեն, Մանեն, Մարին և Մարիամն են եղել, իսկ 2017թ.-ին` Նարե անունը իր տարածվածությամբ գերազանցել է Մարիային, իսկ Մարին` Մանեին, հնգյակը եզրափակում է Անի անունը:

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Ղազարյանն իրենց կուրսի 10 Անիներից մեկն է: Կուրսընկերները կատակով նշում են, որ 1-ին կուրսի սկզբնական շրջանում ում անունը չէին հիշում, ասում էին` Անի: «Չնայած անվանս շատ տարածվածությանը, ես այն շատ եմ սիրում։ Մայրս է որոշել անունս ու ասում է, որ ծնվելուս նախորդ գիշերը երազում ինձ(ասում է, որ հիմա նման եմ իր տեսած աղջկան) է տեսել Անիում։ Դրա համար էլ որոշել է Անի դնել անունս»: Մինչդեռ հակառակ պատկերն է Անիի կուրսընկերուհի Գառնի Մութաֆյանի դեպքում, ում խոսքով` մինչ իրեն տեսնելը, շատերը կարծում են` տղա է: «Մարդիկ անպայման մի քանի անգամ հարցնում են անունս` հասկանալու ճիշտ են լսել, թե` ոչ: Հետո հարցնում են անվան ընտրության  պատմությունը. ծնողներս ցանկացել են տարբերվող անուն ընտրել: Անձնանունների բառարանում աղջիկների անունների մեջ Գառնին են տեսել, հավանել են ու որոշել ինձ հենց էդ անունով կոչել»: Մութաֆյանների ընտանիքում Գառնին ու Գեղարդը անբաժան են. ծնողները տարբերվող անուններ են ընտրել նաև Գառնիի եղբայրների համար`անվանակոչելով նրանց Գեղարդ և Շահեն:

Ազգագրագետ Արարատ Ստեփանյանի խոսքով` հայերն ավելի շատ նախընտրում են արտասահմանյան անուններ. «Դա պայմանավորված է մեր իրականության մեջ եվրոպական արժեքներին առավել կարևորություն տալով: Սակայն վերջին շրջանում հայերն իրենց երեխաներին կոչում են Արեգ, Նարե, Նռանե: Այսինքն` այժմ մի փոքր միտում կա դեպի բուն հայկական անուններ, որը մոտեցումների փոփոխության արդյունք է»:

 

Լիլիթ Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել