ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ԵՊՀ-ՈՒՄ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳԻՆ ԵՊՀ-ՈՒՄ

1176

ԵՊՀ-ում գործում է «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Ակումբի ստեղծման պահից սկսված այն համալրվել է ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետների ուսանողներով, ովքեր, միավորվելով մեկ գաղափարի շուրջ, մշակել են մի շարք ծրագրեր իրենց նպատակներին հասնելու համար։ «Վարդանանք» ակումբի տնօրեն Սաթենիկ Աբրահամյանն ասում է․

«Վարդանանքի նպատակն է վառ պահել համալսարանական զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը։ Այդ ձևով մենք փորձում ենք համալսարանական երիտասարդությանը ավելի մոտիկ կանգնեցնել իրենց արմատներին, ազգային արժեքներին ` ճանաչել հայրենիքը և հարգել մեր պետականությունը»։

Սաթենիկ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ ակումբում գործում են բազմաթիվ ծրագրեր, ինչպես՝ «Դասը վարում են համալսարանականները», «Միացյալ Հայաստան»։

«Մենք ուսանողների միջոցով «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակներում այցելում ենք Երևանի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների անվան դպրոցներ, հանդիպում ենք ուսուցչական կազմի հետ։ Իհարկե, դպրոցները և՛ տարբեր մարզերում են, և՛ Երևան քաղաքի տարբեր համայնքներում։ ֆակուլտետների դեկանների հետ, որտեղ որ սովորել են տղաները, դպրոցում մեկ դասաժամի ընթացքում իրականացնում ենք «Դասը վարում են համալսարանականները» ծրագիրը։ Այդ օրը նվիրվում է մեր հերոսին։ Եվ փառք Աստծո, դեռ դպրոցներում հիշում են հերոսներին, ովքեր իրենց հետքն են թողել բոլորիս կյանքում՝ մարտիրոսվելով հանուն հայրենիքի»։

Ակումբը մեծ դեր է կատարում ԵՊՀ-ի և Հայկական բանակի միջև եղած կապը ամրապնդելու համար: Այդ նպատակով «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակներում պարբերաբար այցելություններ են արվում տարբեր զորամասեր, կազմակերպվում միջոցառումներ:

«Մենք առաջինն ենք մեկնել Արցախ 1996 թ․-ին՝ որպես ուսանողական խումբ։ Ամեն տարի գնում ենք։ Լինում են ինտելեկտուալ խաղեր, երգի, պարի ուսուցում, դասախոսություն, կազմակերպում ենք Նժդեհյան ընթերցումներ, Հայոց ցեղասպանության հետ առնչվող քննարկումներ ենք կատարում, ներկայացնում ենք համալսարանական զոհված ազատամարտիկներին»,- ասաց Տիկին Սաթենիկը։

«Վարդանանքի» հիմնադիրը ասաց, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ամեն տարի իրենց հետ գնում է Արցախ․ «2009թ. սկսեցինք համագործակցել Արկադի Տեր-Թադևոսյանի և «ԴՕՍԱԱՖ» կազմակերպության հետ։ Այդ ժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանը առաջարկեց միասին մեկնել Արցախ և ասաց, որ կխոսի Լևոն Հայրապետյանի հետ, ով կտրամադրի Արցախի Վանք գյուղի դպրոցը, և կկարողանանք մնալ այդ դպրոցում։ Անգամ նախքան մեր գնալն էր մեկնում Արցախ և լուծում կեցության բոլոր պայմանները։ Շուրջ տասը տարի է՝ Վանք գյուղի դպրոցում մեր կեցությունն ենք ապահովում։ Դպրոցում կան բոլոր հարմարավետ պայմանները» ։

«Երբ նոր էինք գնում Արցախ, չեմ կարող ասել, որ մեծ ոգևորությամբ էին ընդունում։ Դե, բնական է՝ մի քիչ զգուշավոր էին։ Իսկ հիմա շատ սրտաբաց և մեծ ուրախությամբ են մեզ ընդունում։ Ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում։ Մեզ հետ գալիս է նաև «Վան» ազգագրական երգի և պարի համույթը իր գեղարվեստական խմբի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանի հետ, ով նաև ազատամարտիկ է։ Այդ ռազմահայրենասիրական, ազգագրական երգերով ավելի հագեցնում են մեր ճամփորդությունը»։

 

Մերի Միքայելյան

2-րդ կուրս

Կիսվել