Երևանի պատմության թանգարանում դեկտեմբերի 5–ին տիկնիկները դիմավորեցին իրենց առաջին այցելուներին:
Մուլտֆիլմի հերոսները, հայկական հեքիաթների կերպարները մասնագետների ձեռքերով մարմին են առել, հագել գեղեցիկ հագուստ ու բազմել իրենց տեղերում: Տաղավարում Ամանորյա շունչ են հաղորդում «Սառցե թագուհին», «Էլզան ու Աննան», «Եղնիկն ու Ձյունանուշիկը»: Իսկ մյուս ցուցափեղկերում Սուրբ Ծննդի ու Բարեկենդանի տեսարաններ են:
Էլզա ու Աննա տիկնիկների հեղինակը՝ Եկատերինա Սահակյանը մասնագիտությամբ դաշնակահար է, բայց 7 տարի է՝ չի աշխատում այդ ասպարեզում, այլ տիկնիկներ է գործում.
«Սկզբում գործում էի թոռնիկներիս համար, հետո սկսեցի գործել վաճառքի համար, պատվերներ եմ ունենում Շվեդիայից, Ամերիկայից, Կանադայից»:
Օլգան երկար տարիներ աշխատել է Սանկտ Պետերբուրգում՝ մանկական թատրոնում՝ որպես հագուստի մոդելավորող, իսկ երեք տարի առաջ տեղափոխվել է Հայաստան.
«Երբ եկա Հայաստան, հասկացա, որ պետք է շարունակեմ աշխատանքս տիկնիկների տեսքով, դրանք թատերական են, քանի որ թատրոնը իմ ներսում է, այն չի մահացել»:
Տիկնիկները պատրաստվում են կտորից, թելերից, պլաստիկից ու մետաղալարից, ինչի շնորհիվ կարող են փոխել իրենց դիրքը՝ նստեն, կանգնեն և այլն:
Այցելուները թե՛ մեծեր են, թե՛ երեխաներ: Փոքրիկները լուսանկարվում են իրենց սիրելի հերոսների մոտ, իսկ մեծահասակները հիշում մանկությունը կամ էլ ինչ-որ խորհրդավոր բան փնտրում տիկնիկների մեջ:
«Նույնիսկ վախենալու ինչ-որ բան կա. զգում ես, որ կարող են կենդանանալ»,- ասում է այցելուներից Անահիտ Պետրոսյանը:
2-ամյա Ռիման սիրում է եղնիկների մասին մուլտֆիլմեր դիտել և հավանում է մուլտհերոսուհի Աննային:
Ուսանողուհի Գոհար Մկրտչյանին ցուցահանդեսը ոգևորում է.
«Ես նկարում եմ ու տիկնիկերին նայելով մոտիվացիա եմ ձեռք բերում, որպեսզի ինքս ստեղծեմ իմ տիկնիկը»:
Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը խոսեց «Ձմեռային հեքիաթ» ցուցահանդեսի գլխավոր նպատակի մասին.
«Տիկնիկների թեման ամբողջ աշխարհում մեծ տարածում է ստացել. շատ ցուցահանդեսներ են լինում, կան տարբեր թանգարաններ, բայց մեզ մոտ սա դեռ սաղմնային վիճակում է, ուստի գլխավոր նպատակը՝ հռչակել տիկնիկը՝ որպես արվեստի ինքնուրույն ուղղություն, որն իր մեջ սինթեզում է գեղանկարչությունը, քանդակագործությունը և դիզայնը»:
Նշենք, որ 5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 28 տիկնիկագործներ, ներկայացված են 100-ից ավելի տիկնիկներ, որոնք այստեղ կմնան մինչև մարտի 5-ը:
Միլենա Մովսեսյան
2-րդ կուրս