Վոլոդյա Գրիգորյանը «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության ծրագրի շրջանակներում արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապրում ու դասավանդում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում: Ուսուցչությունից բացի նա գյուղում բացել է Վիկիակումբ, որտեղ երեխաները սովորում են խմբագրել ու հոդվածներ գրել: Ակումբի կյանքի ու նրա գործունեության մասին զրուցեցինք Վոլոդյաի հետ:
–Ինչպե ՞ս ծնվեց ակումբը բացելու գաղափարը:
-Ես երկար տարիներ հոդվածներ եմ գրել Վիկիակումբում, բավականին մեծ փորձ ունեի, դասերից հետո ազատ ժամանակս բավականին շատ էր, ու տեսնելով երեխաների ոգևորությունը ու պատրաստակամությունը՝ որոշեցի բացել:
-Ի ՞նչ նյութեր եք խմբագրում:
-Հայկական Վիկիակումբը զարգացնում ենք հիմնականում ռուսերեն նյութեր թարգմանելով: Մենք ունենք տարիքային տարբեր խմբեր, ավագ խմբերն են հիմնականում թարգմանում նյութերը, իսկ մյուս խմբերը զարգացնում են Վիկիբառարանն ու Վիկիդարանը:
–Որտե ՞ղ է գտնվում ձեր ակումբը և ովքե՞ր են աջակցում Ձեզ:
– Հենց Վարդենիկի գյուղապետարանի շենքում են տարածք հատկացրել, բայց շուտով պիտի մշակույթի կենտրոնում սենյակ հատկացնեն: Ակումբը բացվեց Վիկիպեդիայի ու «Դասավանդիր Հայաստան» կազմակերպություների օգնությամբ:
–Ի ՞նչ է տալիս Վիկիակումբը երեխաներին:
-Մեր աշխատանքները բացառապես կամավորական հիմունքներով են, փոքրերին ամեն ամիս խրախուսական մրցանակներ եմ տալիս: Ակումբը զարգացնում է երեխաների մեջ պատասխանատվությունը, զարգացնում ենք գրելու կարողությունը, սովորում ենք լավ թարգմանել, ավելի ենք խորացնում գիտելիքները:
–Արդյո ՞ք երեխաները հետաքրքրված են Վիկիակումբի աշխատանքներով:
-Ես կասեի՝ շատ են հետաքրքրված, նույնիսկ մի քանի խմբերի ենք բաժանվել, որ հասցնենք աշխաատել, մեծ սիրով են անում իրենց գործը իրենց ոգևորությունն էլ փոխանցվում է ինձ:
-Ովքե ՞ր կարող են միանալ ձեր ակումբին:
-Բոլոր տառաճանաչ երեխաները, ովքեր սիրում են ստեղծագործել ու աշխատել: Մեր դռները բաց են ոչ միայն Վարդենիկի, այլև հարակից գյուղերի երեխաների համար:
-Ինչպիսի ՞ հաջություններ է հասել Վարդենիկի Վիկիակումբը:
-Մենք ունենք արդեն խմբագրած երկու բառարան, հարյուրավոր հոդվածներ, մասնակցել ենք մի քանի սեմինարների, իսկ արդեն ամռանը կսկսենք այցելել Վիկիճամբար:
-Մյուս տարի լրանում է Ձեր՝ գյուղում գտնվելու ժամկետը, ի ՞նչ ճակատագիր կունենա Վիկիակումբը երբ Դուք հեռանա Վարդենիկից:
-Շատ եմ ցավում, բայց երևի կփակվի, հիմա փնտրում եմ այնպիսի մեկին, ով կկարողանա փոխարինել ինձ ու էլ ավելի կզարգացնի ակումբը:
Հարցազրույցը`Գոհար Աբրոյանի
2-րդ կուրս