ԿԱՊԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ ԳԱԲՐԻԵԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԳՉԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԵՎ...

ԿԱՊԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ ԳԱԲՐԻԵԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԳՉԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԵՎ «ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ» ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1918

Գառնիկ Բեգլարյանը զբաղվում է երգարվեստով, սակայն չի պատկերացնում իր ապագան Հայաստանում, քանի որ հայրենիքում շատ հաճախ չեն տեսնում և չեն գնահատում երիտասարդ երգիչների տաղանդը: Բացի երաժշտությամբ զբաղվելուց, ԳԱԲրիելը նաև գրանցված է հայկական «Դյուցազնագրքում» որպես կրկնակի ռեկորդակիր:

– Ինչո՞ւ հենց ԳԱԲրիել։

– Երբ բանակից հետո ընդունվեցի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ և սկսեցի համերգներ տալ, որոշ ժամանակ անց հասկացա, որ արդեն որոշ չափով հանդիսատես ունեմ և որոշեցի բեմական անուն ընտրել: Անվան առաջին երեք տառերը իմ անուն, ազգանուն, հայրանունն են` Գառնիկ Աշոտի Բեգլարյան, դրա համար էլ գրվում են մեծատառերով: Բացի այդ, ես  հավատում եմ իմ ներքին հրեշտակին, որը միշտ ինձ առաջ է մղում: Այդիսկ պատճառով էլ ընտրեցի հենց ԳԱԲրիել անունը:

– Մասնակցել եք տարբեր երաժշտական նախագծերի: Կա՞ր արդյոք ինչ-որ նախագիծ, որ Ձեր կյանքում որևէ կարևոր դեր խաղաց։

– Այո, դեռ մանկուց Կապանում տարբեր երաժշտական նախագծերի էի մասնակցում, նույնիսկ հնարավորություն էի ստացել տեսահոլովակ  նկարահանել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա այդպես էլ չիրագործվեց:
Մասնակցել եմ «Հայ սուպերսթար»,  «Ժողովրդական երգիչ», «The Voice», 
«X Factor» նախագծերին, սակայն կարող եմ ասել, որ առաջին 3-ը ինձ առանձնապես ոչինչ չտվեցին, քանի որ ես ինքս այդ ժամանակ շատ երիտասարդ էի և այդքան էլ պատրաստ չէի: 2013 թվականին, երբ մասնակցեցի «X Factor»-ին, բացի երգից նաև շոու ներկայացրեցի` ցույց տվեցի իմ ռեկորդը,  որի շնորհիվ քիչ թե շատ հանդիսատես ձեռք բերեցի: Դրանից որոշ ժամանակ անց մասնակցեցի «Global Rock Star» օնլայն երգի մրցույթին, որի կազմակերպիչը Ավստրիան էր: Հայաստանից 7 ներկայացուցիչ կար, այդ թվում նաև Աստղիկ Սաֆարյանը, Նիկ Եգիբյանը, Nemra-ն և այլոք, բայց կիսաեզրափակիչ անցա միայն ես, այնուհետև ճանաչվեցի
«Շաբաթվա երգիչ» և արդյունքում այդ մրցույթում զբաղեցրեցի 2-րդ հորիզոնականը: Որպես մրցանակ` ստացա իմ առաջին միկրոֆոնը:
Դրանից մոտ 3 տարի անց TV Art հեռուստաընկերությունը ցանկացավ ինձ տեսնել Բուլղարիայում:

– Ինչպիսի՞ հաջողողություններ ունեցաք Բուլղարիայում։ 

– Ես հաղորդագրություն ստացա բուլղարական TV Art հեռուստաընկերության կողմից, ովքեր տեսել էին իմ ռեկորդը, իսկ այնուհետև նաև «X Factor»-ի ելույթը: Հրավերը ստացա հեռուստաընկերության տնօրեն Ստիլիան Իվանովից և հաճույքով ընդունեցի: Այնտեղ ինձ համար համերգ կազմակերպեցին, և ես առաջին անգամ երգեցի իմ «Հայաստան» երգը, որը դեռ նոր էի գրել, և նույնիսկ պրեմիերան չէր եղել: Որպես հայ երիտասարդ երգիչ և նաև որպես ֆոտոմոդել նկարահանվեցի բուլղարական «Մերի» ամսագրի համար: Ելույթներ ունեցա նաև ռադիոյով, և դրանցից մեկի ժամանակ պատմեցի ցեղասպանության մասին:

– Իսկ ինչո՞վ էիք զբաղվում Բուլղարիայից վերադառնալուց հետո։

 – Իմ վերադարձից հետո Կապանի մշակույթի տնից ինձ հրավիրեցին աշխատելու: Եվ քանի որ Կապանում ժամանակ կունենայի ստեղծագործելու և նոր երգեր ունենալու, ընդունվեցի աշխատանքի: Իմ «Հայաստան» երգը դեռ ամբողջովին պատրաստ չէր` որոշ ֆինանսական խնդիրների պատճառով: Միջոցառումներից մեկի ժամանակ հանդիպեցի Մայքլ Քոթանջյանին` Ռաֆայել Քոթանջյանի որդուն: Քանի որ նա շատ էր հավանել իմ երգը, ինձ ծանոթացրեց Վահան Նահապետյանի հետ, ով հավաքեց իմ երգի գործիքավորումը, և իմ երգի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

– Դուք ռեկորդակիր եք «Դյուցազնագրքում»: Ինչպե՞ս ստացվեց, որ գրանցվեցիք և անգամ կրկնակի ռեկորդ սահմանեցիք։ 

 – Դեռ դպրոցական տարիներին, երբ պարան էի խաղում, զգում էի, որ իմ ձեռքերը կարող են ավելին: Առանց պարանի ես ձեռքերով կարողանում եմ ցատկապարան խաղալ: Երբ տեղափոխվեցի Երևան, հորեղբորս` ժողովրդական երգիչ Էդվարդ Բեգլարյանի ընկերներից մեկը, ով ծանոթ էր Դյուցազունների ասոցացիայի տնօրենի` Վարդան Թովմասյանի հետ,  իմանալով իմ ունակությունների մասին, խորհուրդ տվեց դիմել և գրանցվել «Դյուցազնագրքում»: Մինչ այդ ես չգիտեի, որ Հայաստանում նման բան կա: Մի քանի օր անց դիմեցի, և երբ տեսան, որ ձեռքերս առանց իրարից առանձնացնելու կարողանում եմ առջևից ետ տանել, ասացին, որ կարող են արդեն գրել իմ ռեկորդի մասին: Ասացի, որ սա դեռ ամենը չէ, և ձեռքերով ցատկապարան խաղացի: Անմիջապես հաջորդ օրը իմ առաջին ռեկորդը սահմանեցի. 49 վայրկյանում 17 ցատկ կատարեցի: Երկրորդ ռեկորդը գրանվեց, երբ արդեն վերադարձել էի Կապան, և նույնիսկ նկարահանվեց: Այդ անգամ 27 ցատկ կատարեցի 1 րոպեում: Ի դեպ, ես առաջին սյունեցին էի, ով գրանցվեց «Դյուցազնագրքում» և 2 ռեկորդ սահմանեց:
Նպատակ ունեի գրանցվել նաև Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հայտիս պատասխան ստացա, որ իմ հայտը համապատասխան չէ Գինեսի ռեկորդների գրքին:

– Ի՞նչ նպատակներ ունեք` կապված երգչի կարիերայի հետ։

– Եթե անկեղծ, ես անընդհատ աղբյուրներ եմ փնտրում, որպեսզի լքեմ Հայաստանը: Պատճառն այն է, որ այստեղ երգչին շատ քիչ են վարձատրում, իսկ ես չեմ ուզում բեմը տեղափոխել ռեստորան և այնտեղ երգել ոչ թե այն, ինչ ես եմ սիրում, այլ այն, ինչը փողաբեր է: Եվ քանի որ հիմա ռեստորանի երգիչը ավելի արագ է հայտնի դառնում և ավելի շատ է գումար վաստակում, գտնում եմ, որ անիմաստ է մնամ Հայաստանում և հաճույք չստանամ իմ գործից: Ես ուզում եմ արտասահմանում երգել այնպիսի երգեր, որոնք կներկայացնեն մեր մշակույթը:

Հարցազրույցը՝ Անահիտ Առաքելյանի

2-րդ կուրս

Կիսվել