ԱՐՄԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ՝ «THE BEAUTIFIED PROJECT»-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԻՐ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

ԱՐՄԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ՝ «THE BEAUTIFIED PROJECT»-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԻՐ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1340

Հարցազրույց «The Beautified Project»-ի նախկին անդամ, «New Gray» խմբի հիմնադիր, երաժիշտ Արմեն Շահվերդյանի հետ։

Արմեն, նախ «The Beautified Project»-ի մասին խոսենք. ինչո՞ւ որոշեցիք դադարեցնել ձեր համագործակցությունը։
– Այդ հարցն ինձ շատ են տվել։ Դա կապված էր և՛ մեր աշխատանքային գրաֆիկի հետ, որովհետև բոլորս հիմա շատ զբաղված ենք, և՛ խումբը բավականին պասիվացել էր՝ համերգների և գործունեության առումով։ Ես զգացի, որ ստեղծագործելու առումով ինձ մոտ դադար է տեղի ունենում, և 2 տարի առաջ սկսեցի իմ առանձին նախագիծը։
Թողարկեցի 2 տեսահոլովակ, ու տպավորությունն այնպիսին էր, որ ես դարձել եմ երգերն օնլայն առաջխաղացնող, իսկ նպատակս էր՝ այդ ամենը ներկայացնել ժողովրդին նաև կենդանի երաժշտության միջոցով։ Հետո մեր Անդրեն տեղեկացրեց, որ տեղափոխվելու է Անգլիա՝ իր գործունեությունը շարունակելու նպատակով, և նպատակահարմար գտանք, որ ճիշտ ժամանակն է՝ դադարեցնել խմբի գործունեությունը, և ամեն մարդ զբաղվի իր գործով։ Դրա համար որոշեցի իմ խումբն ունենալ։

– Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին, ի՞նչ ասելիք ունի Ձեր նոր նախագիծը՝ New Gray-ը։
– Եղել են շրջաններ, երբ հավաքել եմ 5 երաժիշտ, նվագել ենք մի երկու օր, հետո նորից ցրվել ենք, այսինքն՝ դա առաջին հերթին իմ երգերի մշակման համար էր։ Հետո եղբայրս ինձ անընդհատ ասում էր, որ ինքն էլ գործեր ունի, որոնք կարող են համահունչ լինել նախագծին։ Խմբի կիթառահար Էրիկ Սեյրանյանը, որը նաև «Lelocity» խմբից է, ամռանն ինձ առաջարկեց իմ երգերի վրա աշխատել։ Հավաքվեցինք սկզբում ես ու ինքը, հետո եղբայրս միացավ, և տեսա, որ խումբ է հավաքվել։ Այսինքն՝ այն, ինչ ես առանձին նախագիծ էի պատկերացնում, դարձավ խումբ։ Նաև Աշոտն ու Դավիթը սկսեցին հետաքրքիր լուծումներ ցուցադրել իմ գործերի վրա, և ես մտածեցի՝ ոչ թե դա լինի Արմեն Շահվերդյան, այլ լինի նոր անունով նոր նախագիծ՝ «New Gray»:

– Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշեցիք նորից խումբ կազմել, չէ՞ որ, այսպես ասած՝ Արմեն Շահվերդյան բրենդն արդեն քիչ թե շատ հայտնի էր, հնարավոր չէ՞ր միայն համագործակցել այդ երաժիշտների հետ, այլ ոչ թե՝ նոր խմբով հանդես գալ։ 
– Ես կարող էի Արմեն Շահվերդյան թողնել, բայց խումբը կազմելուց և փորձերից հետո տեսա, որ հետաքրքիր գույն է ստեղծվել, և որոշեցինք խմբով հանդես գալ։ Գործեր կան, որ եղբայրս է կատարում, այսինքն՝ իր գործերն էլ են ընդգրկված։ Սա, կարելի է ասել՝ երկուսիս նախագիծն է։ Եթե Արմեն Շահվերդյան լիներ, ավելի շատ եսասիրական կլիներ, և մտածեցի՝ այս գույնը, որ Արմեն Շահվերդյանից ստեղծվել է խմբով, նոր գույն համարեմ, դրա համար «New Gray» անվանեցինք։

– Երաժիշտների ընտանիքում եք մեծացել, մանկուց զբաղվել եք երաժշտությամբ, բայց որոշել եք սովորել Բժշկական համալսարանում։ Պատճառը ո՞րն էր։
– Հայրս ատամնատեխնիկ էր Իրանում, և ինքն ու մայրս բոլոր առիթներին երգում էին։ Մենք էլ սկսեցինք մանկուց երգել։ Հայրս միշտ ասում էր, որ պետք չէ երաժշտություն սովորել, քանի որ դա բնածին տրված է ինձ, և առաջարկում էր սովորել մի բան, որից կարողանամ գումար աշխատել։ Ես սկսեցի սիրել իր գործը, որովհետև 14 տարեկանից իր մոտ աշխատում էի, և դա էլ իր մեջ արվեստի գիծ ունի։ Տեղափոխվեցինք Հայաստան, ես ու եղբայրս դեռ տանը նվագում էինք, ոչ մի խումբ չկար, ու այդպես գնացի Երևանի պետական բժշկական համալսարան։
9 տարի սովորել եմ, մասնագիտություն եմ ստացել՝ օրթոպեդ-ստոմատոլոգ եմ, աշխատել եմ մոտ 3.5 տարի, և դրանից հետո հասկացա, որ իմ թևերը փակում է այդ մասնագիտությունը։ Այսինքն՝ այնքան քառակուսու մեջ է։ Երևի նաև խումբն էր «մեղավոր», որովհետև ես երկրորդ կուրս էի, երբ «The Beautified Project»-ը սկսեց, և պատճառ եղավ, որ որպես երաժիշտ՝ ինձ ավելի լավ ճանաչեմ, այսինքն՝ նոր գույներ սկսեցին սինթեզվել։

– Դուք նաև կիթառի դասընթացներ եք անցկացնում, հիմնադրել եք Armen Shaverdian’s Guitar Clinic-ը. ինչպիսի՞ն է նոր սերունդը, հե՞շտ է նրանց հետ աշխատելը, ի՞նչ ճաշակ ունեն։
– Շատ լավ հարց էր․ ես ինքս իմ մեջ կոնֆլիկտ ունեմ՝ նոր սերնդին մոտիվացիա ապահովելու, որովհետև այս տեխնոլոգիաների դարում ամեն ինչ փոխվել է, թվանշային բաների վրա է շեշտը դրվում, և իրական գործիք նվագելը հետին պլան է մղվում։ Ամեն օր խնդիր ունեմ՝ մոտիվացիան պահելու։ Շատ լավ, խելացի երեխաներ կան, բայց որ ասեմ՝ շատ ուժեղ պարապում են, սուտ կլինի։ Այսինքն՝ եթե ես ձեռքս քաշեմ իրենց վրայից, 80 տոկոսով կկորեն։
Ունեմ 20 տոկոս, որ մինչև վերջ պատրաստ եմ իրենց կողքին լինել։ Ճաշակի առումով գերակշռում են փոփ սիրողները, բայց ուրախ եմ, որ փոփի լավ տեսակներ էլ կան, օրինակ՝ ինքս Փինք սիրում եմ, եթե Փինք են ուզում, թե «Try» գործն եմ տալիս։ Այս դարում «Led Zeppelin» քիչ են լսում, բայց եթե մի 5 տարի առաջ երեխաներն ունեին ճաշակի խնդիր, ապա հիմա լավ բաներ լսում են։

Հարցազրույցը` Սյուզաննա Ավագյանի

3-րդ կուրս

Կիսվել