ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

3612

Աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրներից մեկը` Չինաստանը, տարեցտարի ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական, առևտրային և քաղաքական կապերը: 

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 6-ին: Նույն թվականից էլ Երևանում գործում է ՉԺՀ առևտրա-տնտեսական  ներկայացուցչությունը: ՀՀ-ում է կառուցված Չինաստանի ամենամեծ դեսպանատունը, Երևանում է գործում նաև վերջին տարիներին բացված հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ ուսում են ստանում տասնյակ երեխաներ:

Տարիների ընթացքում երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև հաստատվել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր՝ սպորտի և տուրիզմի, առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության, քաղաքացիական ավիացիայի, կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ, տեխնիկատնտեսական համագործակցության մասին և այլն:

Սակայն տարածաշրջանային երկրների հետ համեմատության մեջ՝ Չինաստանը ավելի շատ ներդրումներ է անում Վրաստանում, քան Հայաստանում: Ըստ չին քաղաքագիտության դոկտոր Վու Խոնվեյի՝ պատճառն այն է, որ Վրաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ կնքեց ազատ առևտրի պայմանագիր Չինաստանի հետ: Այսօր էլ Չինաստանի ներդրումների հիմնական մասը գնում է Վրաստան:

Երևանում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Չինաստան, Եվրասիա և Հայաստան․ հայացք Երևանից և Պեկինից» սեմինարը: Սեմինարի բանախոսներն էին չին գիտնականներ` քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինը, Պաո Ինը և Վու Խոնվեյը, Հայաստանից՝ ք․գ․թ․ Մհեր Սահակյանը և բ․գ․թ․ Խաչիկ Գևորգյանը: Քննարկման առանցքում էր Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գործոնը Եվրասիայում, հայ-չինական հետագա համագործակցության հեռանկարները՝ քաղաքական, տնտեսական և գիտական ոլորտներում։ 

Ամեն տարի Չինաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրում է մեծածավալ ֆինանսական օժանդակություն: Դրա շնորհիվ էր, որ օրինակ Երևանում հայտնվեցին չինական արտադրության քաղաքային ավտոբուսներ ու շտապօգնության մեքենաներ:

Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է: Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը: Չինաստանից Հայաստան ներմուծումը ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն: 2017 թվականին առևտրաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև կազմում էր 436 մլն ԱՄՆ դոլար:

2018 թվականին Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող  ցուցահանդեսում: Հենց այդ միջոցառման ժամանակ էլ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, առիթն օգտագործելով, ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում թե′ մշակութային և թե′ տնտեսական համատեքստում՝ ընգդծելով, որ Չինաստանն այսօր Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է: Դեսպան Մանասարյանի խոսքով՝ Հայաստանը, որպես հնագույն Մետաքսի ճանապարհի անբաժանելի մաս, մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի կողմից առաջադրված բաց և տնտեսական դիվանագիտության բարձր մակարդակի մի նախագիծ է, նոր դարաշրջանում համագործակցության զարգացմանն ու ընդհանուր բարգավաճմանն ուղղված չինական մոդել:

Մետաքսի ճանապարհից՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն: Երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ պատմականորեն, և՛ տնտեսապես: Դիվանագիտական այս հարաբերությունները բազմիցս ենթարկվել են փորձությունների, և այսօր էլ կան ծառացած շատ մարտահրավերներ, որոնցից առաջնահերթը երկրների միջև հարաբերությունների խորացման համար, օրինակ, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթի ներդնումն է:

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել