ԵՐԱԶ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԵՐԱԶ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

1347

 Այսպես են շատ մասնագետներ անվանում ավազաթերապիան:

Ավազաթերապևտ Սոսե Խաչիբաբյանը ոլորտի եզակիներից է, ովքեր ոչ միայն զբաղվում, այլ նաև խորն ուսումնասիրում են ավազաթերապիան: Սոսեն ունի հրատարակված մի շարք հոդվածներ ավազաթերապիայի և դրա հետ սերտորեն առնչվող ավազանկարչության թեմայով: Նա ներկայումս պատրաստվում է գիտական հիմքերի վրա դնել ավազանկարչության ուսումնասիրությունը՝ որպես ստեղծարարության զարգացմանը նպաստող մեթոդ: Սակայն նա մտահոգված է այն հանգամանքով, որ ավազաթերապիան այն մեթոդը չէ, որը Հայաստանում լայն կիրառում կամ հաջողություն ունի. «Հայաստանում ավազաթերապիան առավելապես օգտագործում են որպես լրացուցիչ, և ոչ թէ հոգեբանական աշխատանքի հիմնական մեթոդ, իսկ մեծահասակների հետ աշխատանքը բավական քիչ է եվրոպական երկրների համեմատ»,-նշում է Սոսեն:

 Ավազահատիկի գաղտնիքը իր հանգստացնող ազդեցությունն է, որը դեռևս հայտնի է եղել Ամերիկայի բնիկ ցեղերին, իսկ չինացիները օգտագործել են ավազով լցված արկղեր: Նրանք արկղերը դնում էին իրենց տան դռան առջև և յուրաքանչյուրն, ով կմտներ իրենց տուն, նախևառաջ պետք է ոտքերը ավազի մեջ դներ ՝ մաքրվելու համար չար ու բացասական ուժերից, և հետո նոր միայն ոտքը դռնից ներս մտցներ: Նրանք հավատում էին, որ ավազը չեզոքացնում է բացասական էներգիան:

«Ավազաթերապիայի առանձնահատկությունն այն է, որ վերբալ(խոսքային) ակտիվություն քիչ է պահանջում, կարելի է աշխատել նաև գրեթե լռության մեջ: Այս դեպքում այցելուի փոխարեն խոսում է իր ստեղծած ավազապատկերը: Սակայն մեթոդի ընկալման  հետ կապված կան դժվարություններ: Դժվար է կարողանալ  ծնողներին ճիշտ մատուցել, որ սա ոչ  թէ ավազով սովորական խաղ է, այլ լուրջ հիմքեր ունեցող հոգեբանական մեթոդ»,- մանրամասնում է ավազաթերապևտը:

 Ինչու՞ են ավազաթերապիան անվանում երազ արթնության մեջ:

Դա իհարկե ունի իր հոգեբանական բացատրությունը: Ավազի հետ աշխատելիս մարդն իրեն շատ քիչ է վերահսկում: Այս դեպքում նա ինքն էլ չի գիտակցում, թե ինչպես առանց հասկանալու վեր հանեց իր հոգեբանական խնդիրները՝ այն ինչ կա իր ներսում, որոնց մասին երբեմն ինքն էլ չգիտի: Սա օգնում է հոգեբանին ավելի արագ արդյունքի հասնել: Ինչպես քնի մեջ մենք չենք կարող վերահսկել մեր երազները, քանի որ դրանք գալիս են անգիտակցականից, այնպես էլ ավազաթերապիայի դեպքում թեև մարդն արթուն է, սակայն նա անգիտակցաբար պատմում  է իր մասին ավելի շատ տեղեկություն, քան կցանկանար:

 Ավազաթերապիան այսօր գնալով զարգանում է` ի հաշիվ նրա, որ դրանով սկսում են զբաղվել նաև լոգոպետներն ու հատուկ մանկավարժները, ովքեր իրենց աշխատանքում նույնպես կիրառում են ավազը:

Լիլիթ Հովսեփյան

2-րդ կուրս

Կիսվել