«ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՂԱՍԻ»․ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՀԵՐՈՍ ԱՂԱՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

«ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՂԱՍԻ»․ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ՀԵՐՈՍ ԱՂԱՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

1764

Փետրվարի 23-ը ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշի դիրքերի պաշտպան՝ Աղասի Ասատրյանի ծննդյան օրն է։

Օրը ջերմ էր, արևոտ` ինչպես Աղասին։ Շտապեցի ժամ առաջ հասնել Մասիս, ուր գտնվում է հերոսի տունը։ Դեռ ներս չմտած առաջինը տեսա Աղասիի մայրիկին ու ամուր գրկեցի, իսկ դռնից ներս Աղասիի հարազատների ջերմ հայացքներն էին։ Միասին գնացինք Աղասիի մոտ՝ խնկարկելու հերոսի hիշատակը։ Նրա շիրմաքարի ետևում ապրիլյան պատերազմի մեկ այլ հերոսի՝ Հենրիկ Ղահրամյանի շիրմաքարն էր, պատերազմում էին հայտնվել նրանք ու հիմա հավերժ կողք-կողքի են լինելու։

Այդ օրը Աղասիի դպրոցում բացվեց նրան նվիրված հուշաքարը, իսկ ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Աղասի Ասատրյանի անունով։ Դասասենյակում փակցված են ապրիլյան պատերազմում Թալիշի դիրքերը պաշտպանելիս քաջի մահով ընկած տղաների՝ Աղասի Ասատրյանի,Մերուժան Ստեփանյանի, Ռաֆիկ Հակոբյանի ու Վիկտոր Յուզիխովիչի լուսանկարները, ինչպես նաեւ Մասիսի հերոս Հենրիկ Ղահրամանյանի լուսանկարը:

Ներսում մեզ դիմավորեցին դպրոցականները՝ կոկիկ զինվորական համազգեստ հագած: Աշակերտներն ամեն տողն այնպես էին արտասանում, որ հուզվում էին ու չէին կարողանում խոսքը մինչեւ վերջ ավարտել ու հուզմունքը փոխանցում էին մեզ։ Երեւում էր, որ նրանք հայրենասիրության դասը լավ էին կերտել:

Հետո դանդաղ քայլերով, արեւի ջերմության ուղեկցությամբ գնացինք դպրոցից քիչ հեռու գտնվող մի դահլիճ, որտեղ հնչեցին հերոսներին նվիրված երգեր, եղան մի շարք պարգեւատվություններ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից: Մի քանի ժամ էլ ու կրկին Աղասիի տանն էինք, սեղանի շուրջ էին հավաքվել հերոսների ծնողները, հարազատները, ընկերները։ Հավաքվել էինք բոլորս ու միայն Աղասին չկար, բայց կենդանի հուշերով մեզ հետ էր։

Անի Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել