ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

1108

ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ առաջին անգամ վերաքննիչ դատարանների դռները բացվեցին քաղաքացիների համար:

Փետրվարի 26-ին դատարանների բոլոր փակ գոտիները հասանելի էին հանրության համար: Դպրոցականները, ուսանողները, իրավաբանները, լրագրողները և դատարանի գործունեությամբ հետաքրքրված բոլոր անձինք հնարավորություն ստացան այցելելու դատարաններ, տեսնելու, թե ինչ է պահվում խորհրդավոր պատերի ետևում, մասնակցելու շրջայցին, լինելու դատարանների այնպիսի հատվածներում, որտեղ սովորաբար հանրության համար մուտքը սահմանափակ է լինում:

Ներկաները հնարավորություն ունեցան նստել դատավորների աշխատանքային աթոռներին, կրել պատմուճանները և ուղղել իրենց հուզող հարցերը դատավորներին:

Դատարանի գրասենյակներից մինչև բազմազբաղ դատավորների, նրանց օգնականների և գործավարների աշխատասենյակներ, նկուղային հարկում կալանավորների խուցերից մինչև դատական նիստերի դահլիճներ և խորհրդակցական սենյակներ այցելունները մուտք էին գործում, ծանոթանում պայմաններին և հետաքրքրվում դատական համակարգում աշխատանքի նրբություններից:        

Այս միջոցառման ընձեռած հնարավորությունը մեծ նշանակություն և կարևորություն ուներ հատկապես այն երիտասարդների համար, որոնք նպատակ ունեն դառնալ դատավորներ: Դատավորի պատմուճան կրելը ինչպես մեծ հպարտություն, այնպես էլ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Այն երիտասարդները, որոնք հնարավորություն ունեցան կրելու պատմուճանները, գուցե հետագայում արժանան և իրականացնեն իրենց նպատակը՝ ՀՀ նախագահի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ նշանակվեն դատավորներ և օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնեն արդարադատություն:

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել