«ՁԵՐ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵՔ ԱՐԵՎԻՆ ԵՎ ՍՏՎԵՐՆԵՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ ԿՄՆԱՆ»․ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ՁԵՐ ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂԵՔ ԱՐԵՎԻՆ ԵՎ ՍՏՎԵՐՆԵՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ ԿՄՆԱՆ»․ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

3156

 Նորագույն տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը սկսվում է մոտիվացիայից։

«Ամեն մարդ ինձ համար մոտիվացիա է, ով կարողանում է ինչ-որ բան ավելի լավ անել, քան ես» -, այսպես է բացատրում տեխնոլոգիաների հանդեպ իր սերը 16-ամյա Վիգեն Խաչատրյանը, ով սովորում է Թալինի ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանում:

2012 թ – ից ընկերների խորհրդով սկսեց հաճախել ռոբոտատեխնիկայի խմբակ, որը հետագայում կոչվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

«Հետաքրքրություններս այս ոլորտում այնքան մեծ էին, որ բաց չէի թողնում ոչ մի մրցույթ, մասնակցում էի բոլորին անխտիր։ Խմբակավարս Եղիշե Ամիրյանն էր, ով մինչև հիմա իմ ամենալավ ընկերներից մեկն է։ Մինչև երեկոյան ժամը 9-10-ը, նույնիսկ մինչև 11-12-ը մնում էինք դպրոցում և պատրաստվում մրցույթների։ Հիմա աշխատում եմ Մաստարայի դպրոցի «Արմաթում»՝ որպես խմբակավար, որում մեծ ներդրում ունի նախկին խմբակավարս՝ Ե. Ամիրյանը։ Խմբակս Հայաստանի մասշտաբով ամենամեծն է։ Սկզբում ունեի 120 աշակերտ, իսկ հիմա մոտ 100» – , անկեղծացավ նա։

Վիգենի ամենամեծ հաջողություններից մեկը NASA-ի ու MIT-ի կողմից Թորոս գյուղում կազմակերպված Zeroro երկշաբաթյա ճամբարին մասնակցությունն էր։

Երկու շաբաթ մնալով այնտեղ և սովորելով կոդ գրել՝ անցել են եզրափակիչ և տեսել, թե իրականում ինչպես է աշխատում իրենց գրած կոդը տիեզերանավի վրա. «Կոդերը վերածել էինք խաղի կանոնների և մրցում էինք տարբեր երկրների մասնակիցների հետ։ Անբացատրելի զգացողություններ են լինում այն ժամանակ, երբ տեսնում ես, որ քո գրած կոդը հենց այդ պահին NASA-ի ուղիղ եթերում ցույց են տալիս, թե ոնց է աշխատում իսկական տիեզերանավի վրա»։

Ինչպես իր խոսքում նշեց Վիգենը՝ բաց չի թողել ոչ մի հնարավորություն և խմբավար Ե.Ամիրյանի գլխավորությամբ մասնակցել է այլ մրցույթների ևս՝ «Գծին հետևող» («Արմաթ ճամբար» 2017), «Գծին հետևող և իրեր դասակարգող», «Ական փնտրող» («Երևան Էքսպո» ցուցահանդես) , «Լեգո ռոբոտաշինության միջմարզային մրցույթ» (Գյումրի) , «3D մոդելավորման և տպագրության մրցույթ» (Congress Hotel)։

Մեզ հետ զրույցում նա պատմեց իրեն պատահած հետաքրքրիր մի դեպք . «Խմբավարիս՝ Եղիշե Ամիրյանի և թիմակցիս՝ Արման Բարսեղյանի հետ գնացել էինք մի մրցույթի, որին գրանցվել էինք ու շատ պատահական անցել։ Մրցույթն անցկացվում էր անգլերենով, մեզանից միայն Արմանն էր տիրապետում անգլերենի, իսկ այդ ժամանակ ոչ շատ լավ և այնքան արագ էին խոսում, որ պիտի լարվեինք, որ կարողանայինք հասկանալ։ Ասացին, որ պետք է կոդ գրենք, ինչը իրականում շատ բարդ էր և մեզ ոչ համապատասխան, մոտեցանք ու ասացինք, որ իրականում մենք սխալվել ենք, դա մեր տեղը չէ։ Կազմակերպիչը մեզ ասաց, որ շատ դժվար է իրենց մոտ ընտրվելը, եթե ընտրվել ենք, (6-7 թիմեր կային) գոնե մնանք և մի բան անենք։

Մենք էլ արեցինք այն, ինչ կարող էինք։

AR ծրագրերը ցույց տվեցինք, պատրաստեցինք 3D անիմացիա և նույնիսկ չէինք էլ կարծում, որ հավանության կարժանանա։ Գնացել էինք մրցույթի , որից ոչ մի բանով տեղյակ չէինք ու հաղթեցինք 100 $»։

Ամենասիրելի նախագծերից է «Sevan startup summit 2018» – ը, որին մասնակցել են չորս հոգով և ներկայացրել  վիրտուալ ակնոցներով վիրահատություն անելու գաղափարը։

Այս նախագծի միջոցով նոր  ընկերներ է ձեռք բերել, որը կյանքում շատ է կարևորում։

Եղել է «IMPACT» ,«SKYE» երիտասարդական կամավորական ակումբների անդամ, այժմ «LYUPIN» հասարակական կազմակերպության կամավոր և տարբեր կազմակերպությունների անդամ է։

Այսքան մեծ հաջողություններ ունենալու հետ մեկտեղ՝ Վիգենը համեստորեն լռում է և ինքագովեստով չի սիրում խոսել իր մասին։

Իր կարևոր ձեռքբերումներից է համարում ՄԱԿ-ի և տարածքային կառավարման նախարարության կողմից կազմակերպված «Համայնքը ես եմ»  ծրագրին մասնակցությունը. «Ընկերոջս՝ Էդմոնի հետ գրել ենք համայնքային ծրագիր, ինչը պետք է վեց ամսում իրագործենք, որ համարվենք ծրագրի շրջանավարտ և նոր հեռանկարներ ունենանք »,-ասաց նա։

Լինելով Երևանի քաղաքապետարանում անցկացվող «Կլիմաթոն Երևան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի մասնակից՝ ասաց . «Գրել էինք ծրագիր-հավելված, ինչը թույլ էր տալիս տնտեսել ու մաքուր պահել քաղաքը պլաստիկներից։ Արագածոտնի մարզի թիմով գրավեցինք առաջին տեղը և ստացանք 200.000 դրամ մրցանակ։

Գնացել եմ նաև սոցծառայության, ձեռնարկատիրական մտածողության զարգացման դասընթացներին, որտեղ ինձ տվել են դասավանդողի հավաստագիր»։

Վանաձորի տեխնոլոգիական զարգացման կենտրոնում՝ մասնակցելով տուրիզմի զարգացման ծրագրին՝ շատ լավ արդյունք են ցույց տվել. «Բոլորը նայում ու ասում էին ՝ էս երկու երեխաները ի՞նչ պիտի անեն, որ եկել են։ Այնտեղ բոլորը տարիքով մեծ մարդիկ էին, լուրջ ծրագրեր էին ներկայացնում, բայց «էդ երկու երեխաները» զարմացրին բոլորին, ու, երբ արդեն պիտի հայտարարեին առաջին տեղի հաղթողների անունները, բոլորը ճանապարհ էին տալիս, որ գնայինք, սակայն մրցանակային տեղ չզբաղեցրինք» ։

Խոսելով սեփական բիզնես-նախաձեռնության՝ TakeAR startup-ի մասին՝ Վիգենը մեծ ոգևորությամբ ասաց. «Սկզբում ես ու ընկերս էինք՝ Վարդան Մելքոնյանը, հետո մեզ միացավ մեր ընկերներից Էդմոն Նազարյանը, Սարգիս Աղաբեկյանը  Երևանից մյուս ընկերը՝ Արմեն Մադոյանը, Երվանդ Ներսիսյանն ու Արտյոմ Ավագյանը, հիմա ընդհանուր թիմում ենք ես՝ 3D մոդելավորող, երեք Unit-ի ծրագրին տիրապետողներս,  1 դիզայներ, 1 կոդ գրող և մարկետոլոգ։

Մեր ծրագիրը մենք սկսել ենք այն գաղափարով, որ պետք է գրքերը կենդանացնող հավելված ստեղծենք։

Այս գաղափարը բարձրաձայնել եմ «Մարիոթ» հյուրանոցում անցկացված բիզնես ֆորումին կրթության նախարարության ներկայացուցիչների մոտ։ Ինձ հրավիրեցին նախարարություն, և ես պատմեցի գաղափարներիս մասին ու ասացի, որ ներդրումներ են պետք։

Խոստացան զանգահարել, այժմ սպասում եմ։ Թիմով պատրաստ էինք մի օգտակար բան անել, պահանջվում էր ընդամենը ներդրում անել ծրագրի համար, գումարը մեզ համար չէինք ուզում։ Նույնիսկ օրինակով էինք գնացել, որ երբ գրքերը կենդանացնեինք, կփոխանցեինք իրենց, որ օրինակ կենսաբանության թեմաները ավելի լավ յուրացնեին (սրտի աշխատանք, գլխուղեղ և այլն)»։

Վիգենը ընկերների հետ որոշել է նաև Case-երի բիզնես անել։ Case-երի հետևում տպագրված է լինելու ինչ-որ նկար, որի վրա հեռախոսը պահելով` պատկերը կկենդանանա։ Եվ հենց դա կոչվում է AR տեխնոլոգիա, որը ուզում են վաճառել։

Ներդրումներ են փնտրում, նպատակ ունեն գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնց հետ կկարողանան համագործակցել։

«Չեմ տիրապետում ծրագրավորման լեզվին ու ինձ ծրագրավորող չեմ համարում, բայց ուզում եմ սովորել ու հենց այդ ուղղությամբ գնալ»,- խոստովանում է նա։

 Շատ է կարևորում 2014-2018 թթ. «Երևան էքսպո» ցուցահանդեսներին ու էլի շատ «էքսպո»-ներին իր մասնակցությունը։

16-ամյա Վիգենի հաջողություններն ու հետաքրքրությունները այսքանով չեն սահմանափակվում.

«Մասնակցել եմ ասմունքի մրցույթի, անցել եմ միջդպրոցական փուլը, մարզային փուլում զբաղեցրել եմ առաջին տեղը, անցել հանրապետական փուլ, բայց չեմ մասնակցել, որովհետև հենց այդ նույն օրը մասնակցելու էի «ԼԱՄՓ»-ի միջոցառմանը։ Թալինի թիմով մասնակցել ենք երեք անգամ. բացառիկ դեպք է, որ երեք անգամ մի թիմը կարող է մասնակցել առանց թիմի մեջ փոփոխության։ Ներկայացնում էինք սերիալների ազդեցությունը մարդկանց և հասարակության վրա»։

Վիգենը խոսեց այլ հետաքրքրությունների մասին ևս.

«Սպորտից վատ չեմ, լավ թենիս եմ խաղում, զբաղվում եմ տրենաժորով, գնացել եմ ըմբշամարտի և ֆուտբոլի։

«Արմաթ» ճամբարում ֆուտբոլից զբաղեցրինք առաջին տեղը, գավաթով վերադարձանք»։

Պատանի երկրապահ է, ունի սերժանտի կոչում, լավ է կրակում։

Մասնակցել է կրակային մրցույթի և զբաղեցրել երկրորդ տեղը։

Այս ամենից բացի՝ սիրողական պարում է, երգում, շախմատ խաղում, անգլերեն է պարապում.

«Չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել անգլերենին, շատ առաջարկներ եմ ունենում դուրս գնալու՝ Վրաստան, Բրազիլիա, ԱՄՆ, բայց չեմ կարողանում գնալ, որովհետև անգլերենի շատ լավ իմացություն է պետք»։

Վիգեն Խաչատրյանը, ով ապագայի հետ կապված դեռ շատ ծրագրեր ունի, շատ է սիրում մտածել ու երազել ամեն ինչի մասին։

Խոսելով դժվարությունների մասին՝ նա մի պահ լռեց ու Էյնշտեյնի խոսքն ասաց. «Ձեր հայացքն ուղղեք արևին և ստվերները հետևում կմնան»։

Գայանե Հարոյան

3-րդ կուրս

Կիսվել