ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄՏԵԼ ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆԿԱՇԿԱՆԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄՏԵԼ ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆԿԱՇԿԱՆԴ

806

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ավագանու անդամ, մանսագիտությամբ մանկավարժ, հասարակագիտության ուսուցչուհի է  Ժաննա Սարգսյանը։  2015թ. դեկտեմբերից  նա  համայնքում զբաղվում է ոչ միայն սերունդներ կրթելով, այլ նաև՝  քաղաքականությամբ։

-Ինչպե՞ս  տրվեց դպրոցից համայնքապետարան տանող ճանապարհի մեկնարկը։  

– Ինձ համար վճռորոշ դարձավ 2015 թ. աշնանը Դդմաշենում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում անցկացված «Կանանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում» դասընթացը: Մասնակցեցի պարզապես մասնակցության համար, սակայն դասընթացի ավարտից հետո լսարանից դուրս եկա հաստատ որոշմամբ` առաջիկա ընտրություններում դնելու եմ թեկնածությունս:

-Որոշումը կայացվեց մի քանի օրում, ու  ի՞նչ հետևեց դրան։

– Ակտիվ քարոզարշավ չեմ անցկացրել, ավելի շուտ նախկին աշակերտներիս միջոցով փորձել եմ համայնքի տրամադրությունը շոշափել, ու պարզ դարձավ, որ ունեմ բոլոր հնարավորությունները ոչ միայն առաջադրվելու, այլեւ` մրցակցությանը դիմակայելու: Ես վստահ եմ` կինը կարող է շատ բան փոխել համայնքի կառավարման գործընթացում։ Կարծում եմ,  որ պետք է հավատալ սեփական ուժերին եւ չհիմնավորված վախերն ու բարդույթները հաղթահարել հենց ընտրություններին մասնակցելով: Մասնակցեցի և 2015-ի դեկտեմբերի ընտրություններում հավաքեցի ամենաշատ ձայները` 205 ձայն՝ առաջ անցնելով մրցակից տղամարդկանցից։

-Որպես ավագանու անդամ՝ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում։

– Մանկավարժ – ավագանու համար գլխավոր խնդիրը գյուղում մշակութային կյանքի աշխուժացումն է, դրան ուղղված ծրագրերի իրականացումը: Իմ աշխատանքում առաջնորդվում եմ օգտակար գործեր անելու սկզբունքով։ Կարծում եմ՝ պետք է օգնել համայնքի ղեկավարին, որպեսզի գյուղաբնակ երիտասարդների համար ստեղծվի ազատ ժամանցը կազմակերպելու սպասված անկյուն, միաժամանակ կանանց համար բացվեն աշխատատեղեր։

-Այնուամենայնիվ, կին ավագանու անդամ  լինելը շրջապատում ինչպե՞ս է ընկալվում։ 

–  Ընկալումները միանշանակ չեն,  հաճախ եմ լսել, երբ  ասել են՝ «Քեզ ի՜նչ պետք է, ի՞նչ իմաստ ունի, կինն՝ ո՞ւր ,քաղաքականությունն՝ ու՞ր»։  Երբեմն թերագնահատում են կանանց կարողություններն ու  հնարավորությունները։  Կոնկրետ մեր համայնքում ես բացարձակապես ոչ մի խտրականություն չեմ զգացել  տղամարդ ավագանու անդամների  կողմից։  Ավելին՝ արժանացել եմ մեծարանքի և հարգանքի, նրանք գրեթե միշտ հավանություն են տալիս  իմ կարծիքին, առաջարկություններին, հաշվի նստում ինձ հետ։

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հասարակությունն սկսել է կարևորել ոչ թե սեռային պատկանելությունը, այլ աշխատանքը  և դրա արդյունքը։

– Այո՛, այդ միտումը կա․ ընդհանրապես կապ չունի կին է, թե տղամարդ, ոչ թե մարդու սեռն են կարևորում, այլ բանիմացությունը, հնարամտությունը, ուղղամտությունը։  Ես սա հասկացել եմ, երբ  թե՛ ընտանիքում, թե՛ աշխատավայրում, թե° շրջապատում բոլորը սկսել են աջակցել, ողջունել իմ գործունեությանը։ Համայնքում էլ, կարծես թե,  կանանց և աղջիկների համար ուղի եմ հարթում դեպի քաղաքականություն։  

-Այժմ, երբ Դուք անցել եք որոշակի ճանապարհ, Ձեր խորհուրդը քաղաքական դաշտ մտնել փորձող կանանց։

– Ես համարձակ և անկաշկանդ եմ  մտել քաղաքականություն։ Կինը նրբանկատ է, հեռատես, տնտեսող, առաջնայինը երկրորդականից տարբերող, պրպտող, հետևողական և նպատակասլաց։ Կանանց դերակատարումը քաղաքական դաշտում  կարևոր է և խիստ անհրաժեշտ։ Մի վարանեք ձեր խոսքն ասել, եղեք համարձակ։

Մարիամ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել