ԾԽԱԽՈՏԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԲԵՐՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃԻ

ԾԽԱԽՈՏԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԲԵՐՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՃԻ

1175

Առաողջապահության նախարարությունն առաջարկում է ծխախոտի գինը բարձրացնել 45%-ով, այդ դեպքում մեկ տուփը հնարավոր կլինի գնել մոտ 2000 դրամով: Նախարարը վստահեցնում է՝ արդյունքում կկանխարգելվի 88 հազար վաղաժամ մահ, հարկային եկամուտներն էլ չեն կրճատվի. «Ծխախոտի գինն է օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը: Ակցիզային հարկի բարձրացումը բերում է հարկային եկամուտների աճին. սպառվում է քիչ, հավաքվում է շատ»,- հայտարարել  է Արսեն Թորոսյանը:

Տնտեսագետ Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ վերլուծություններ կան այն մասով, թե ինչպիսին կլինեն հարկային մուտքերը ծխախոտի գնի բարձրացման դեպքում: Ըստ տնտեսագետի՝ ցուցանիշը դրական է. «Ինձ հետաքրքիր է՝ մարդիկ ինչո՞ւ են փորձում նույնացնել հարկային մուտք ու տնտեսություն հասկացությունները: Տնտեսությունը միայն հարկային մուտքերից չի ձևավորվում: Այն շատ ավելի բարդ օրգանիզմ է, որ, օրինակ, մուտքերը նվազեն, մենք կորուստներ կունենանք: Տնտեսությունը ձևավորվում է շատ ու շատ այլ բաղադրիչներից»:

Եվրոպական ու ասիական երկրներում արված հետազոտություններով՝ ծխախոտի գնի մինչև 75 տոկոս բարձրացումը զգալի ազդեցություն է ունենում սպառման ծավալների վրա: Օրինակ՝ 2010-2016 թվականներին, երբ Ռուսաստանում ծխախոտի ակցիզային հարկը աճեց 30-40%-ով, սպառումը կրճատվեց մոտ 25%-ով, եկամուտներն աճեցին 4.5 անգամ: Հարավային Աֆրիկայում էլ ակցիզային հարկի 61% աճի դեպքում վաճառքի ծավալը նվազել, եկամուտն էլ ավելացել է  17.5-ական տոկոսով:

Ըստ Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ  Սամվել Խարազյանի՝ հարկային օրենսգրքով ժամանակացույց կա, որին համապատասխան ավելացումներ են լինում. «Ներքին արտոդրողները ժամանակ ունեն դիվերսիֆիկացնելու իրենց արտադրանքը:  Այս պրոցեսը  չի բերելու կտրուկ սպառման ծավալների նվազեցման, ոչ էլ՝ հարկային մուտքերի կրճատման»:

Վաղաժամ մահացությունների, թոքի քաղցկեղի դեպքերը նախարարությունը մտադիր է նվազեցնել նաև հանրային վայրերում ծխախոտային արտադրանքի օգտագործումն արգելելով: «Նարգիլե սիրողների միություն» մասնագիտացված ակումբի ներկայացուցիչ Գոռ Գասպարյանը առողջապահության նախարարի հետ օրինագծի քննարկման ժամանակ ասել է, որ նախագծի ընդունումից հետո կփակվեն տասնյակ ակումբներ, գործազուրկ կմնա մի քանի հարյուր աշխատակից. «Մեզ մոտ գալիս են միայն նարգիլե ծխողներ, էս նախագծով կփակվեն կոնկրետ մասնագիտացված ակումբները»:

Նախարարն արձագանքել էր՝ կարող են քննարկել տարբերակներ, որ «մաքսիմալ չտուժեն». «Չենք կարող աչք փակել 30 ակումբների վրա»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը բերում է Ռուսատանում ամենաշատ ծխախոտ օգտագործող շրջանի՝ Նիժնի Նովգորոդի օրինակը: Հետազատության համաձայն՝ հանրային վայրերում ծխելն արգելելուց հետո տեղի ռեստորանների եկամուտները չեն պակասել, տուժում են միայն մասնագիտացված ակումբները: Իսկ արդյունավետ չի՞ լինի արդյոք վերջիններիս նկատմամբ մշակել հարկային առանձին քաղաքականություն:

«Դա հավասար պայմաններ չի ստեղծի նմանատիպ տարբեր տեսակի ընկերությունների, ասենք՝ փաբերի նկատմամբ, որոնք կասեն՝ մեզ մոտ էլ գալիս են մի բաժակ խմիչք և ծխախոտ օգտագործելու:  Կամ բոլորին ենք տալիս արտոնություն կամ՝ ոչ մեկին: Արտոնություններ տալ պետք է արտահանումն էլ ավելի խթանելու համար»,- մեր հարցին ի պատասխան ասաց տնտեսագետը:

Օրինակ՝ 2018-ին Հայաստանից արտահանվել է ավելի քան 266 մլն դոլարի ծխախոտային արտադրանք, որը 2017-ի ցուցանիշը գերազանցում է 22.7 մլն դոլարով:  Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում արտադրվող ծխախոտի միայն 20-25 տոկոսն է իրացվում մեր երկրում, մնացած մասն արտահանվում է հիմնականում արաբական պետություններ. արտաքին շուկան դեպի եվրոպական ու ասիական երկրներ ընդլայնելու հնարավություն կա:

Էլինա Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել