«ԲԱՍԹԻՔՍ» ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՄԻԱԿՆ Է ԱՊՀ-ՈՒՄ. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

«ԲԱՍԹԻՔՍ» ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՄԻԱԿՆ Է ԱՊՀ-ՈՒՄ. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

1287

«Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի հայ մասնակից Նելլի Դավթյանը հաղթել է հոբելյանական միջազգային մրցույթի «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխությունում, որը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Մրցույթին մասնակցել են 10 տարվա ընթացքում ծրագրի շահառու հարյուրավոր ձեռնարկատերեր՝ 36 երկրներից։

-Բրյուսելում կազմակերպված մրցույթում մտածո՞ւմ էիք արդյոք որ այդ 36 երկրներից հենց դուք կլինեիք հաղթողը։                    

-Ճիշտն ասած, այդքան էլ սպասելի չէր, հատկապես, որ 10 տարվա կտրվածքով էին ընտրում մասնակիցներին, ոչ թե  միայն մեկ տարվա,  ծրագիրը 3-6 ամիս է հիմնականում տևում,  և ես ընդամենը 3 ամսով էի գնացել, բայց պայքարում էի՝ ինչքան որ հնարավոր էր, ու վերջում շատ ուրախացա (ժպտում է)։

-Ըստ Ձեզ, ո՞րն էր ձեր առավելությունը մնացած 35 երկրների մասնակիցներից։

-Նախ, որ Հայաստանից էր մասնակիցը, քանի որ Հայաստանը ընդամենը 2 տարի էր  մասնակցում ծրագրին, ամենաերիտասարդ մասնակիցներից էի,   և որ կին ձեռնարկատեր էր գնացել հենց ՏՏ ոլորտից, դա արդեն առավելություն էր,  բացի այդ   3  ամիսների ընթացքում կնքեցինք պայմանագրեր 2 խոշոր կազմակերպությունների հետ, որոնք աշխատում էին Մալթայի ՏՏ ոլորտում,  և «Բասթիքս» հեռախոսային  տուրիստական հավելվածի համար գտանք նոր գործընկեր, որը Եվրոպայում հանդիսանում է առաջատար ավտոբուսային տուռեր մատուցող կազմակերպություն։ Մրցույթում վերջին եռյակի ընտրությունը կայացել էր հենց  այդ չափանիշների  հիման վրա, թե 3  կամ 6  ամիսների ընթացքում ինչ հաջողությունների ես հասել, բնականաբար հաջողությունները պետք է լինեին հենց ձեռնարկատիրական ոլորտում, ինչը իմ դեպքում հաջողվեց։

-Ինչպե՞ս է ձևավորվել Ձեր թիմը, բնավորության ո՞ր հատկանիշն է միավորում Ձեզ։

-Մենք բոլորս ընկերներ ենք եղել մինչև թիմ դառնալը,  և ամենակարևորը, որ  միավորում է մեզ,  նպատակասլացությունն է, մենք այս 1,5 տարվա ընթացքում պայքարել ենք, որ «Բասթիքս»-ը հասնի իր առավելագույն նպատակին՝ երբեք որևէ մեկից որևէ ֆինանսավորում կամ օգնություն  չստանալով։ Մեզ միավորել էր նաև այն, որ  բոլորս ցանկանում էինք, որ Հայաստանը  տուրիզմի ոլորտում առաջընթաց ունենար, ու զարմացնեինք հարևան երկրներին ինչ-որ նորարական մտքով, որը Հայաստանը  կդարձներ ավելի  առաջատար։

-Ինչպե՞ս առաջացավ «Բասթիքս» հավելվածի ստեղծման գաղափարը։

-«Բասթիքս» հավելվածի մասին մտածեցինք բոլորս միասին՝ ելնելով այն խնդիրներից, որոնց հանդիպելու էինք տարբեր երկրներ ճամփորդելու ընթացքում։ Այսօրվա դրությամբ «Բասթիքս» հեռախոսային հավելվածը իր տեսակով միակն է ԱՊՀ-ում։

-Ձեր խոսքում նշել էիք, որ հիմա նոր են սկսում ուշադրություն դարձնել սկսնակ ձեռնարկատերերին, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Բնականաբար, դա պայմանավորված է երկրի քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, քանի որ հիմա մեր երկրի քաղաքականությունը ուղղված է  տնտեսական զարգացմանը, և տնտեսական զարգացման առաջին նախապայմաններից մեկն է ուշադրություն  դարձնել երիտասարդ ձեռնարկատերերին, որոնք նորարական մտքեր և լուծումներ են  առաջարկում հին և երկար տևող խնդիրների համար։ Պետությունը  ուշադրություն է դարձնում  նաև նրան, որ պետական հիմնարկների և մասնավոր կազմակերպությունների համագործակցությունը  կարող  է շատ ավելի մեծ արդյունքներ տալ, քան առանձին-առանձին գործունեությունը։ 

-Չե՞ք կարծում, որ  արտասահմանում  կազմակերպվելիք ծրագրերի «շնորհիվ» հնարավոր է ունենանք արտագաղթի մեծ հոսք։

-Ոչ, չեմ կարծում, որովհետև, երբ տեսնում ես, որ քո երկիրը ուշադրություն է դարձնում  նպատակներիդ իրականացմանը, դու արդեն օգտագործում ես   գիտելիքներդ  հենց քո երկիրը զարգացնելու համար։ Կարծում եմ, որ այսքան ժամանակ  մասնագետների ուժեղ արտահոսքը եղել է այն պատճառով, որ սեփական երկրում  իրենց զգացել են  չգնահատված, երբ Եվրոպայում փորձ ունեցող անձնավորությունը տեսնում է, որ  իր երկրում կարող է ինչ-որ բան փոխել, և իր երկիրը պատրաստ է աջակցել  իրեն, որ այդ փոփոխությունը  տեղի ունենա, նա երբեք  չի լքի իր երկիրը։ Ես որ այդ 3 ամիսը կարոտում էի իմ երկիրը, ոչ թե միտք ունեի այնտեղ մնալու (ժպտում է)։

-Ի՞նչ եք կարծում, արդյոք ԿԳ նախարարությունը  կընդունի Ձեր էլեկտրոնային ուսուցման ծրագիրը, որն իր մեջ ներառում է  հանրակրթական դպրոցի բոլոր դասերը 1-5 դասարանների համար։

-ԿԳ նախարարությանն ենք ներկայացրել  նախնական փորձնական վիդեո տարբերակը, քանի որ ստեղծելու համար  անհրաժեշտ է ստանալ պետական  հաստատուն, մասնագիտական գնահատական, որպեսզի կարողանանք պետության հետ համատեղ դա անել, քանի որ այն վերաբերելու է հանրակրթական ոլորտին: Այդ ծրագրի գլխավոր նպատակն է մեր հանրակրթական ծրագրի ավելի ներառական դարձնելը՝ հաշվի առնելով, որ 2019 թ․- ին որոշում է ընդունվել, որ 2019թ․ -ի ընթացքում Երևանի բոլոր դպրոցները  ներառական կրթություն  են տրամադրելու։

-Արդյո՞ք այդ ծրագիրը չի նվազեցնի աշակերտ-դասագիրք շփումը։

-Անկեղծ ասած, նույնիսկ այսօրվա դրությամբ կարծում եմ, որ բավականին քիչ է աշակերտ-դասագիրք շփումը, քանի որ երեխաների համար ինչ-որ չափով ոչ այդքան մատչելի են  դասագրքերը, և բացի այդ, նույնիսկ եթե շատ լավ գրված դասագիրք լինի, ժամանակները փոխվել են, և երբ ժամանակները փոխվում են,  երեխաների պահանջարկներն ու հետաքրքրություններն էլ են փոխվում։ Երեխաների հետ պետք է խոսել իրենց լեզվով, եթե երեխաներին հետաքրքրում է էլելտրոնիկան, տեխնիկան, հեռախոսներն ու պլանշետները,  ապա  պետք է փորձել իրենց համար օգտակար ինֆորմացիան  այդ կերպ տրամադրել։

-Առաջիկայում ի՞նչ նոր գաղափարներ ունեք, կպատմե՞ք։

-Առաջիկայում դեռ նոր գաղափարներ չկան, քանի որ մենք այս երկու ընթացիկ ծրագրերը  պետք է հասցնենք իրենց հաջողությանը ՝ իրենց նպատակին: «Բասթիքս»-ը աշխատում է միայն Android օպերացիոն համակարգի համար, այսինքն Iphone-ի օգտատերերը դեռ սահմանափակված են այդ առումով, մենք պետք է ընդլայնենք  մեր ծառայությունների շրջանակը նաև իրենց համար։  Ինչ վերաբերում է էլեկտրոնային կրթական ծրագրին,  սա մեր երկրի համար  առաջնահերթ ենք համարում  և հիմա զբաղված ենք  նրանով, որ  այս ծրագիրը հաստատավի պետության կողմից, որպեսզի կարողանանք մեր թիմի և պետական մարմինների կողմից տրամադրված մասնագետների հետ  համատեղ ստեղծենք էլեկտրոնային կրթական ծրագիրը։ Այդ ծրագրի ստեղծումը երևի թե երկու տարի կտևի։

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ձեռնարկատերերին։

-Խորհուրդ կտամ հնարավորինս շատ կիսվեն իրենց գաղափարներով, հնարավորինս շատ մասնակցեն տարբեր տեսակի մրցույթների, որովհետև, եթե անգամ նրանք չհաղթեն էլ, իրենք կհանդիպեն մենթոռների, ովքեր իրենց ռեալ խորհուրդներ կտան, կզարգացնեն իրենց գաղափարները և կօգնեն այն դարձնել ավելի իրատեսական։

Մինչև 2022 թվականը Հայաստանում գործելու է «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար»   ծրագիրը, և իմ մեծ խորհուրդն է, որ  երիտասարդ ձեռնարկատերերը, որոնց կազմակերպությունը մինչև 3 տարեկան է, անպայման դիմեն ծրագրին, մեկնեն արտերկիր, այնտեղ ցանկալի փորձը ստանան, անհրաժեշտ կապերը ձեռք բերեն և վերադառնան Հայաստանը ծաղկեցնելու։

Հարցազրույցը՝ Զվարթ Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել