Ասում են, թե արվեստը չունի ճիշտ ու սխալ, քանի որ այն ստեղծողի հոգու, զգացածի ու ներաշխարհի յուրովի արտացոլոումն է։ Նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն:
«Արվեստն ինձ համար մի ամբողջ ստեղծագործական կյանք է, որտեղ ես կարող եմ արտահայտել ապրումներս, ստեղծագործել այն, ինչը չեմ կարող բարձրաձայնել»-նշում է Օֆելյան։
Գյումրու թաղամասերից մեկում ծնվել է Օֆելյան։ Նա նկարել սկսել է 7 տարեկանից և երազել դառնալ հայտնի նկարչուհի Հայաստանում և ողջ աշխարհում։
«Հիմնականում նկարում էի տներ և եկեղեցիներ, սիրում էի շատ գույներ, թեև տեսածս միայն մանկատան գույներն էին։ Ես առաջին քայլերս նկարչության ոլորտում արել եմ մանկատանը։ Իմ նկարներում փորձում էի դնել այն կարոտն ու սպասումը, որ պատել էր ինձ»,- ասում է նա։
Օֆելյան հիշում է՝ եղել է պարզ, ընկերասեր, ակտիվ, կռվարար, բայց միևնույն ժամանակ հաշտվելու քայլը միշտ առաջինն է արել։ Մանկատանը սպասումը միշտ եղել է, սակայն շուտով նկարչուհու կյանքում պիտի հայտնվեին նոր գույներ… Հետագայում դպրոց, այնուհետև համալսարան։ Այժմ նա տիրապետում է մի շարք լեզուների՝ մասնավորապես անգլերենի, գերմաներենի։
«Այն մարդիկ, ովքեր ինձ որդեգրել էին, կրթության տվեցին Գյումրու Եվրոպական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում։ Համալսարանն ինձ տվեց նոր շունչ՝ բացելով նոր կյանքի դռները»,- հավելեց Օֆելյան։
Մանկատունն իրեն տվել է ուժ և դարձրել
պայքարող, նա սովորել է ներել ժամանակի ընթացքում և երբեք չի չարացել կյանքի նկատմամբ։ Ցանկանում է, որ միայն սերը տիրի աշխարհում,
և ոչինչ մարդկանց չդրդի անցնել մանկատան դարպասներից ներս։ Թե որքանով է նկարելն օգնում
հասկանալ կյանքը, չի կարող ասել, բայց վստահեցնում է՝ յուրաքանչյուր նկարում մի կյանք
կա։
Նկարիչներից իր համար առանձնահատուկ է Այվազովսկին, երբեմն էլ ոգեշնչվում է նրանից։ Երկար ժամանակ նկարելուց հետո դադար է առնում, նկարիչների ստեղծագործություններից ստանում նոր մտքեր և սկսում ստեղծագործել։ Այժմ հիսունից ավելի աշխատանք ունի և համառորեն գնում է դեպի իր երազանքը։
«Ես միայն մեկ բան կասեմ, ամեն ինչ ժամանակավոր է, իսկ աշխարհում այնքան սիրո պակաս կա, սիրեք միմյանց, սիրեք մարդկանց, սիրեք արվեստը»,- եզրափակեց Օֆելյան։
Քնարիկ Համազասպյան
2-րդ կուրս