ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՀՆԱՐԻՆԸ

ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՀՆԱՐԻՆԸ

1176

Իրական կյանքում անիրական թվացող պատմություններ շատ կան։ Այս պատմությունը դրանցից մեկն է։ 28-ամյա Վահանի համար շատ տարիներ առաջ ընտանեկան զբոսանքը ճակատագրական է լինում։ Մայրը սայթաքում է, և 10 ամսական Վահանը վայր է ընկնում։ Բուժզննումից հետո պարզվում է՝ ողնաշարի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով կարող է այլևս երբեք չքայլել։

Վահանի վիճակը քիչ թե շատ կարող է թեթևացնել վիրահատությունը, որը կապված է շատ մեծ գումարների հետ.

«Ռիսկը բավականին մեծ է, դրա համար հիմա այլընտրանքային բուժման ձևեր եմ փնտրում»- ասում է Վահանը։

Վահանը դպրոց չի գնացել. ինքնակրթությամբ է զբաղվել։ Ունի մեկ քույր։ Եվ քանի որ հայրը նրանց լքել էր, մայրը միայնակ և մեծ դժվարություններով է մեծացրել իր երեխաներին։

Նա հասկանում է, որ տարբերվում է մնացած մարդկանցից, ու միանգամայն նորմալ է վերաբերվում շրջապատի արձագանքներին.

 «Մարդիկ կան, որ ինձ տեսնում են, անգամ խաչակնքվում են։ Մարդկանց հոգեբանությունը և վերաբերմունքը տարբեր են»:

Վահանի կյանքում ամեն ինչ մի ակնթարթում փոխվում է։ Համացանցում մշտապես ակտիվ Վահանը օրերից մի օր ծանոթանում է Իրինայի հետ, ով ապրում էր Ղարաբաղում, և ով հետագայում պետք է դառնար նրա կինը։ Տևական ժամանակ նրանք շփվում են համացանցով, և Վահանը որոշում է նրան հրավիրել Հայաստան.

«Առաջարկել էի Սևանի ափին ինչ-որ տնակ վարձել և մեկ շաբաթ մնալ այնտեղ։ Առաջարկը դուրը եկել էր, ուղղակի հնարավորություն էր պետք։ Աշխատեց մի քանի ամիս և եկավ ինձ մոտ»- պատմում է Վահանը։

Երկար սպասված հանդիպումը տեղի է ունենում։ Բայց Իրինան մեկ ամիս մնալուց հետո հասկանում է, որ չի կարող կյանքը կապել հաշմանդամություն ունեցող մարդու հետ։ Վերադառնում է տուն և ընդամենը 3 օր անց գրում.

 «Նա ասաց, որ փոշմանել է գնալու համար, և զգում է, որ առանց ինձ չի կարող։ Նորից նպատակ ուներ վերադառնալու»:

Իրինան թողնում է  ծնողներին, աշխատանքն ու գալիս Վահանի մոտ. զույգը ամուսնանում է։

Հավատալ, որ երբևէ կսիրի, կսիրվի ու կամուսնանա, Վահանն ինքն էլ դժվարանում էր, բայց դա եղավ, երազանքը բառի բուն իմաստով կատարվեց. «Ես ու Իրինան խիստ տարբեր ենք, երկու առանձին մոլորակ, ու հենց դա էլ օգնում է միմյանցից չհոգնել և սերն ավելի ամուր պահել»։

Խնամքի ու հոգատարության պակաս Վահանը չի զգում. «Իրինան շատ հոգատար և ուշադիր կին է, նաև լավ հարսիկ»- հաստատում է Վահանի մայրը։

Ունենալ ֆիզիկական սահմանափակ կարողություններ, բայց անել անհնարինը։ Առանց մասնագիտական կրթության Վահանը նկարում է մարդկանց դեմքեր։ Մատիտն ու թուղթը վայրկյաններ անց նրա թեթև ձեռքով վերածվում են յուրօրինակ նկարների։ Պատվիրատուներ շատ ունի. իր արվեստով գումար է աշխատում ու ընտանիք պահում։

Լավատես, լուսավոր Վահանը ապագայի համար շատ պլաններ ունի. «Շատ ենք ուզում երեխա ունենալ։ Ուզում ենք մեր տունը ունենալ բնության գրկում և շատ կենդանիներ պահել։ Գումար հավաքելուց հետո էլ կկազմակերպենք իմ նկարների ցուցահանդեսը»։

Կյանքը սահմանափակելով Վահանի ֆիզիկական կարողությունները նրան տվեց երկնային ու իրական սեր ապրելու հնարավորություն. «Իմ պայմաններում ես շատ-շատ երջանիկ եմ։ Ես ինձ պես շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, ովքեր կարողացել են կյանքի ընկեր գտնել, կամ իրենց զբաղմունքով փող աշխատել և ընտանիք պահել։ Եվ դրա համար շնորհակալ եմ թե՛ Աստծուց, թե՛ կյանքից»։

Վահանը սիրում է մարդկանց, սիրում է կյանքը։ Նա գտել է իր միակին և երջանիկ է նրա հետ։ Շարունակելու է սիրել, նկարել ու պարզապես ապրել։

Սրբուհի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել