ՍԻՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ՍԻՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

1722

«Մեր կյանքը մեքենա է, և մենք վարում ենք այդ մեքենան: Հնարավոր է, որոշ հանգամանքներից ելնելով, ավտոպատահարների հանդիպենք` շրջանցենք կամ վիրավորվենք, բայց մենք ենք վարորդները»: Այս խոսքերը Սիփան Ասատրյանինն են, որը չի հավատում ճակատագրին: Նրա հետ տեղի ունեցածը կտրուկ փոխեց իր և Ասատրյանների ընտանիքի ճակատագիրը:

Սիփանը չորս տարեկան էր, երբ հանկարծ ամեն ինչ սև դարձավ իր համար: Սկզբում կարծեց` «լույսերն են անջատել», հետո հասկացավ, որ այդ մի քանի վայրկյանում տեղի ունեցածը անվերջ պիտի հետապնդի իրեն: Բանասեր, սփյուռքագետ, տիֆլոմանկավարժ, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ,   Երեւանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը, չնայած տեսողության կորստին, չի կորցրել լավատեսությունը և պայքարելու ձգտումը:

Մենք թույլ ենք այն ժամանակ, երբ մեր միտքը փակ է, ուղեղը` թմրած, դա բխում է հասարակության մոդելից, դաստիարակությունից, ազատության պատկերացումից, արտահայտվելու ցանկությունից: Ցավոք սրտի, միտքը երբեմն փակվում է, դրա հետ մեկտեղ փակվում է կամքը։ Մենք մեծանում ենք կամքից թույլ, ելք չգտնող,  հուսահատվող, այլ ոչ թե առաջ շարժվող:

Սակայն Սիփանը հուսահատվողներից չէր: Ոչինչ չխանգարեց նրան հասնել հաջողությունների: Հիմա հանգիստ խոստովանում է, որ տարիներ առաջ նույնիսկ ինքնասպանություն գործելու մտադրություն է ունեցել, բայց իրեն օգնող մեկին գտնելուց հետո այդ ժամանակ ահռելի, «մեծ գազան» թվացող խնդիրը հիմա մի փոքրիկ կետ է թվում:

Թեև չորս տարեկանից գույները չի տեսնում, բայց կյանքի գույներն ամենքից լավ է զգում: Մանկությունից հիշում է, որ սիրում էր կապույտը և կանաչը. կապույտը երկինքն է, կանաչը՝ անտառը, դաշտերը, որոնք բնության երկու գերհզոր ստեղծագործություններն են: 

Երջանկությունը Սիփանը տեսնում է հենց իր սիրած գույնով` երկնքի պես խաղաղ կապույտ:

«Ինչպես որ երկնքում կարող են հայտնվել սև ամպեր, այնպես էլ քո երջանկությունը կարող է երբեմն քեզ խաթարված թվալ,-ասում է Սիփանը,- բայց որոտից և անձրևից հետո հասկանում ես, որ քո երջանկությունն ավելի թարմ է, ամպերն ավելի են հեռացել, կանաչն ավելի է շատացել»:

Վախը մանկուց սևի, այսինքն` մթության հետ է ասոցացնում: Չնայած գրեթե հաղթահարել է բոլոր վախերը, բայց մահվան վախը մի փոքր առկա է: Դրան գիտակցորեն է վերաբերվում, ասում է` եթե մինչև ծնվելս անչափելի հավերժություն չեմ եղել, ուրեմն պատրաստ եմ նաև այդքան էլ չլինելու:

Սիփանը շատ է ապրում մանկությամբ: Թեև գիտակցում է, որ սխալ է, բայց ասում է, որ դա պետք է իրեն: Հաճախ է ենթագիտակցորեն տեսնում մինչև չորս տարեկանում տեսած պատկերները` ընտանիքի անդամների դեմքերը, կյանքից դրվագներ… Դրանք գնալով աղոտանում են, բայց Սիփանը ստիպում է իրեն վերհիշել, որպեսզի մինչև վերջ չկորցնի տեսնելու կարողությունը` թեկուզ ենթագիտակցորեն:

Հիշում է իր փոքրիկ գյուղաքաղաքը, գետը, սարերը, որ ուզում էր անվերջ բարձրանալ դրանց գագաթներին: Սիփանի անունը գուցե պատահական չէ ընտրված. նա  բազմաթիվ լեռներ է մագլցել` Արարատից մինչև Հատիս, երազանքը Արագած բարձրանալն է:

Հիշում է արևածագն ու արևի հերթագայությունը: Չէր ուզում` մութն ընկներ, ուզոմ էր` լույս լիներ, որ արևը միշտ մնար իր հետ: Հիմա այդ ցանկությունն անուղղակիորեն կապում է տեսողության բացակայության հետ:

Բավականին շատ բանի հասած մարդը ժամանակին կարծում էր, որ հասարակությունում ընդհանրապես դեր չունի: «Ինձ սխալ մատուցված գաղափարախոսության արդյունքում ես կարծում էի, որ ոչինչ չեմ կարող անել և անպետք մի իր եմ»,- ասում է Սիփանը: Հետագայում մտահորիզոնի ընդլայնման, աշխարհայացքի փոխվելու, շրջադարձային նշանակություն ունեցած մարդկանց  հետ հանդիպման արդյունքում Սիփանի պատկերացումները սեփական անձի եւ դերի վերաբերյալ ամբողջությամբ փոխվեցին:

Հիմա կյանքի իմաստը գտնում է Հայաստանում` իր փոքրիկ հողակտորի վրա: «Որպես հաշմանդամություն ունեցող մարդ կարծում եմ, որ երկիրն այդ ոլորտում շատ աշխատանքներ չունի կատարած: Ցավոք սրտի, հաշմանդամություն ունեցող անձինք դեռ շարունակում են իրենց համարել անպետք իրեր` ինչպես ես նախկինում»,- նշում է նա:

Սիփանը ցանկանում է հաշմանդամություն ունեցողներին, հասարակությանը, իշխանությանը ցույց տալ, որ անկախ նմանատիպ խնդիրներից, սեռից, հագուստից`  մարդն արժեք է: Հասարակությունը պետք է լսի մարդ անհատին, տեսնի նրա ժպիտը, գերվի նրա ձայնով, նրա ներքին գեղեցկությամբ:

Պատմում է, որ ինքն էլ է շատ բախվում տիրող կարծրատիպերին: Ամեն օր տանից դուրս գալիս թարմ օդի հետ իր երեսին զգում է հասարակության տհաճ վերաբերմունքը: «Եթե հասարակ մարդուն երբեք չեն հարցնի` ինչու է մենակ դուրս եկել, ինձ հարցնում են, թե ընդհանրապես ինչու եմ դուրս եկել»,- ասում է Սիփանը:

Նմանատիպ դժվարությունները, սակայն, նրան չեն չարացրել: «Ամեն չար միտք ինչ-որ հիվանդության ծնունդ է դառնում. Նախանձը, օրինակ, ոսկրախտի հիմքն է, այսինքն` այդ զգացմունքները հենց քեզ են վնաս տալիս»,- վստահ է նա: Ներելն ու ներողություն խնդրելը համարում է ամենամեծ բանը, որ մարդ կարող է իրեն թույլ տալ:

Սիփանը ակտիվիստ է: Հեղափոխության օրերին վաղ առավոտից մինչև ուշ երեկո ընտանիքի հետ մասնակցում էր բոլոր ցույցերին: Իրեն գերակշիռ մասով այսօրվա սերնդի ներկայացուցիչ է համարում: Այն, որ դուրս է եկել հաշմանդամություն կոչվող պատյանից, որը տարիներ շարունակ իրեն կաշկանդելուց հետո հիմա ուժ է տալիս, համարում է նորօրյա սերնդի մի մասը լինելու ապացույցներից մեկը:

«Այս սերունդը չի հանդուրժում անարդարությունը, չի կարողանում համակերպվել նախորդ սերնդի կապանքներին, որովհետև նախորդ սերունդը փորձում է փակել մեր աչքերը, մտածում է, որ մենք չենք կարող որևէ բան անել, որ բանի պետք չենք, իսկ նոր սերունդն անընդհատ ապացուցում է հակառակը: Եվ սկսվում է պայքար, որը, ցավոք սրտի, կարող է բախումներ առաջացնել հայրերի և որդիների մեջ»,-ասում է Սիփանը: Նա կարծում է, որ հայրերը պիտի պարզապես թողնեն, որ զավակներն աճեն, իսկ իրենք լինեն իրենց խորհրդատուները, ոչ թե շղթայողները:

Անկախ կյանքի դժվարություններից` Սիփանին հաջողվել է ունենալ ամեն ինչ` լավ աշխատանք, հիանալի ընտանիք: Ասում է` իր հաջողության գաղտնիքը ինքնաճանաչողության և ինքնաքննության մեջ է:

Երբ սկսեց իրեն ճանաչել, հասկացավ, որ բացի խարան համարվող հաշմանդամությունից, որի մասին նույնիսկ խոսելն էր ամոթ համարում, ունի միտք, ինտելեկտ, իրեն օգնող ծնողներ: «Այդ քննությունը տեղի ունեցավ, երբ ես առաջին անգամ կռվով միայնակ կարողացա դուրս գալ տնից, երբ տեսա, որ ես առաջին  հերթին անձ եմ»:

Անի Վաթինյան

2-րդ կուրս

Կիսվել