20.000 ԴՐԱՄ ԵՒ ՀԱՅԱՍԱՏԱՆՈՒՄ ՄԵԿՕՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

20.000 ԴՐԱՄ ԵՒ ՀԱՅԱՍԱՏԱՆՈՒՄ ՄԵԿՕՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

1151

Էկոտուրիզմը Հայաստանում համեմատաբար նոր հասկացություն է: Այն  իր հիմքում ունի բնության գրկում ճանապարհորդելու գաղափարը: Այս գաղափարը, սակայն, ավելի լայն է, քան պարզապես մի ճանապարհորդություն, և ընդգրկում է կյանքի բոլոր կողմերը` կենդանական և բուսական աշխարհը, բնության ամբողջ բազմազանությունը, բնապահպանությունը, ավանդույթները և սովորույթները, մշակույթը, հասարակությունը և մարդուն:

Հայաստանում մի քանի հյուրանոցում բնակվելը և սնվելը թանկ հաճույք է: Այս ամենի հետ մեկտեղ կան այլ խնդիրներ ևս ՝ կապված էկոզբոսաշրջության հետ: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ  Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանի հետ:

 –Այժմ Հայաստանում որքանո՞վ է զարգացած տուրիզմի արագ զարգացող ճյուղերից մեկը՝  էկոտուրիզմը, զարգացման ո՞ր փուլում է այն գտնվում:

– Հաշվի առնելով տուրիստական ընկերությունների և ազգային պարկերի կողմից առաջարկվող տուր-փաթեթները կամ երթուղիները` կարող ենք ասել, որ էկոզբոսաշրջությունը Հայաստանում համարվում է ամենապահանջված տեսակներից մեկը: Տարածական տեսանկյունից գոյություն ունի էկոտուրիզմի կազմակերպման 2 մոդել: Առաջինը կոչվում է ամերիկյան (կամ ավստրալական), մյուսը՝ գերմանական: Ամերիկյանի դեպքում էկոտուրիզմ կազմակերպում են հատուկ պահպանվող տարածքների սահմաններում և այս առումով,  կարելի է ասել, որ Հայաստանը բավականին առաջընթաց ունի, որովհետև մեր ազգային պարկերը և արգելոցները՝  հատկապես Խոսրովի արգելոցը, ունեն էկոտուրիստական երթուղիներ, որտեղ պարբերաբար ընդունվում են մարդիկ, և այդ տուրերը կազմակերպվում են: Էկոտուրիզմի գերմանական մոդելի համաձայն՝ էկոտուրեր կազմակերպում են ազգային հատուկ պահպանվող պայմաններից դուրս, և Հայաստանը մեծ գրավչություն ունի, հատկապես էկոտուրիստական բարձր լեռնային հատվածներում: Ընդ որում՝ էկոտուրիզմը իր տարատեսակներն ունի՝ հետազոտական, ճանաչողական և այլն, և այս առումով, միանշանակ, բոլորն էլ ինչ-որ առումներով Հայաստանում զարգանում են:

 –Էկոտուրիզմի ոլորտում կան մի շարք խնդիրներ՝ բնապահպանական, սոցիալական և այլն: Ինչպե՞ս կարող է միջին ֆինանսական կարողություններ ունեցող զբոսաշրջիկը մի քանի օր ապրել Հայաստանում, եթե հյուրանոցները թանկ են, սնունդը՝ նույնպես:

-Հայաստանում միջին վիճակագրական տվյալներով, եթե տուրիստը ունի 20.000 դրամ՝ մոտավորապես 40եվրոյի չափ գումար, ինքը կարող է մեկ օր Հայաստանում ապրել, ճանապարհորդել, դրա մեջ մտնում են բազային պահանջմունքները բավարարող քուն, տաք ջուր, սնունդ, տրանսպորտային պահանջմունքները և այլ որոշակի ասպեկտներ: Այսինքն՝ 20.000 դրամով կարող ես Հայաստանում միջին վիճակագրական տուրիստ լինել: Հայաստանի ծառայությունների առավելությունն այն է, որ մենք ունենք շատ բազմազանություն, գնային առումով թեկուզ: Ստացվում է էնպիսի մի իրավիճակ, որ հյուրանոցի գինը, որպես էդպիսին, էկոտուրիզմի զարգացման վրա չպետք է ազդի: Մյուս կողմից,  մենք ունենք մի քանի տեղական ծառայություններ, որոնք ապահովում են տուրիստին նվազագույն պայմաններով, և նա ընտրում է սովորաբար այն հյուրանոցը, որը իրեն ավելի կմոտեցնի բնությանը:

Որո՞նք են բնապահպանական հիմնական խնդիրները. ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրները ըստ Ձեզ :

-Ընդհանուր առմամբ, էկոտուրիզմը հիմնված է բնության վրա: Եթե մենք ունենք արդյունաբերություն կամ գյուղատնտեսություն, իրենք բնությունն օգտագործում են անմիջապես, այսինքն՝ մեկը քարն է հանում, մյուսը հողը մշակում: Էկոտուրիզմի դեպքում այդ ամենը կատարվում է անուղղակի կերպով, այսինքն՝ գալիս ենք այդ տարածք, հետո նկարում ենք, ինչ-որ բույսի ձեռք ենք տալիս, հետո փորձում ենք օրինակ այդ բույսից ինչ-որ տերև վերցնել և այլն: Այսինքն՝ էկոտուրիզմի դեպքում խախտումը ավելի քիչ է, քան գյուղատնտեսության կամ արդյունաբերության ժամանակ: Հիմա կոնկրետ Հայաստանի պարագայում կան բավականին սրված մի քանի խնդիրներ: Դե առաջինը հանքարդյունաբերությունն է և նրա թողած հետևանքները, հիմա գրեթե ամենուրեք կան մանր և միջին տարբեր տեսակի հանքեր, բայց այն խոշոր հանքային միջավայրերը գտնվում են հիմնականում մարզերում, մեկը Սյունիքի մարզն է, մյուսը՝ Լոռու: Եւ միշտ տնտեսական գործունեության այս տեսակները՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տարածականորեն համընկնում են և պայքարում են իրար դեմ:

Որո՞նք են էկոտուրիզմի իդեալական պայմանները: Արդյոք Հայաստանում հնարավո՞ր է ստեղծել նման պայմաններ էկոզբոսաշրջիկների համար:

-Մենք ունենք բնությունը օգտագործելու կազմակերպչական միավորումներ: Դրանք արտահայտվում են տուր օպերատորական, տուր գործակալական ընկերությունների, տուրիստական ինֆորմացիոն ընկերությունների, տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեսքով, որոնք մի տեղից տուրիստին, կոպիտ ասած, վերցնում, տանում են մի տեղ, կամ հենց տուրիստն ինքն է գնում, այսինքն պարտադիր չէ, որ տուր օպերատորից օգտվի: Այսինքն՝ ազգային պարկից օգտվելու համար ինչն է նպաստում, ունի ինֆորմացիա, թե չէ, ինչպես կարող է կապ հաստատել, որպեսզի հասնի այդ հատվածը, կամ լավ, հասանք ազգային պարկ, էստեղ ինչ ենք անելու, սկսելու ենք երթուղիները կազմակերպել, դիտարկումեր իրականացնել: Այսինքն, եթե մենք խոսում ենք էկոտուրիզմի իդեալական պայմանների մասին, ուրեմն պիտի ուշադրություն դարձնենք երկու կարևոր բաղադրիչի․ առաջինը՝ այդ էկոտուրիզմը կազմակերպող օղակների իդեալականացման և երկրորդը՝ ռեսուրսների իդեալականացման: Այս հատվածում, ըստ էության, մենք ունենք շատ ուժեղ էկոլոգիական բնական պայմաններ, որոնք էկոտուրիստական ռեսուրս են համարվում, դա մեր լեռնային պայմաններն են, ինչպես նաև կլիմայական պայմաններն են: Եւ իդեալական պայմաններ կլինեն այն ժամանակ, եթե մենք կարողանանք այն ռեսուրսները, որոնք էկոտուրիստական արժեք ունեն, ճիշտ ձևով պահպանենք: Նաև կլինեն իդեալական պայմաններ այն ժամանակ, երբ էկոտուրիզմը կազմակերպվի կայուն զբոսաշրջության սկզբունքների հիման վրա:

Հարցազրույցը՝ Աննա Չիբուխչյանի

2-րդ կուրս

Կիսվել