ԵՍ ԴԵՐԱՍԱՆ ԵՄ, ՈՎ ՆԿԱՐՈՒՄ Է ԻՐ ԿԻՆՈՆ . ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆ

ԵՍ ԴԵՐԱՍԱՆ ԵՄ, ՈՎ ՆԿԱՐՈՒՄ Է ԻՐ ԿԻՆՈՆ . ՏԻԳՐԱՆ ՆԱԼՉԱՋՅԱՆ

1699

Հարցազրույց դերասան, ռեժիսոր, սցենարիստ, «Սթեյջդերասանական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Տիգրան Նալչաջյանի հետ:

Տիգրան Նալչաջյանը հեղինակել է 2  լիամետրաժ ֆիլմ՝ «Չներվածները» (2015) և «Արթնացիր» (2018), որոնցում հանդես է գալիս որպես սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերասան: Նա խաղացել է նաեւ «Վերջին հայրիկը», «Ծղրիդի երգը», «Մահվան ջոկատ» և այլ սերիալներում:

-Ի՞նչ սկզբունքով եք համաձայնում կերպարներ մարմնավորել:

-Առաջարկներն ու նկարահանվելու հնարավորությունները այնքան շատ չեն, որ ընտրություն կատարեմ: Տարեկան հնարավոր է, որ ընդամենը 1-2 առաջարկ լինի կամ դա էլ չլինի: Մեծամասամբ նայում եմ, թե ինչ խմբի հետ եմ աշխատելու, որովհետև լավ թիմը միշտ լավ արդյունք է ստանում: Որպես ապացույց, օրինակ «Ծղրիդի երգը» սերիալի վերջում շատ գոհ էի արդյունքից: Շատ կուզեմ նման նախագծերում էլի նկարվել, նույնը թեկուզ «Մահվան ջոկատում», ճիշտն ասած մի քիչ ինձ համապատասխան կերպար չեմ համարում, բայց դերասանը ամեն ինչ էլ պիտի խաղա: Երկու նախագծերն էլ շատ հաջողված էին, ու գոհ եմ, որ այնտեղ նկարվել եմ: Երբ իմ ֆիլմերում եմ խաղում, ես եմ ինձ դեր տալիս և ինչ-որ նմանություն ինձ բնականաբար լինում է:

-Իսկ կա՞ն դերեր, որ կտրականապես դեմ եք լինում մարմնավորել:

-Անկեղծ ասած, չեմ սիրում բաց տեսարաններում նկարվել:

-Լինու՞մ են դեպքեր, որ ինքներդ առաջարկեք ինչ-որ տեղ նկարահանվել։

-Շատ հազվադեպ է նման բան լինում: Ինձ հետ չի եղել, եթե առիթ լինի, չեմ նեղվի՝ կառաջարկեմ: Օրինակ «Քաոս»-ը շատ հավանեցի ու կուզեի խաղալ, բայց բոլորը իրենց դերը այնքան լավ էին խաղում, որ չեմ կարող ասել՝ ում փոխարեն կխաղայի:

-Ձեզ տեսնում ենք սերիալներում, որոնք հիմնականում մոտ 25 սերիայից են բաղկացած: Չե՞ք սիրում բազմասերիանոց ֆիլմեր, թե՞ առաջարկներ չկան:

-Հիմնական առաջարկները մինի սերիալներից են եղել՝ 20, 25, 32 սերիա: Վերջերս միայն այդպիսի բաներ են եղել, որ ես նկարվել եմ ու գեղարվեստական իմ ֆիլմերը: Մի կողմից լավ է, որովհետև դու գիտես կերպարդ ուր է գնում և ինչպես է ավարտվելու. դա օգնում է խաղալուն: Իսկ երկարատև սերիալում, դու չգիտես քո գլխին ինչ է գալու, որովհետև սցենարը ընթացքում է գրվում: Սիրում եմ ավելի շատ կարճ նախագծերը, բայց եթե լինեն երկար սերիալներ, դեմ չեմ լինի, որովհետև ես առհասարակ դեմ չեմ աշխատելուն: Պիտի դերասանը անընդհատ աշխատի, նկարահանվի, այսպես ասած մարզավիճակում լինի: Մեր մասնագիտությունը նման է սպորտին:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևոր հատկություններով պետք է օժտված լինի դերասանը:

-Ժամանակային առումով շատ բան է փոխվել: Վահրամ Փափազյանը իր ժամանակի համար եղել է մեծություն, ու դերասանի հանդեպ պահանջները այլ էին: Ես վստահ եմ, եթե նա հիմա ծնված լիներ և ապրեր, այլ կերպ կմատուցեր դերասանական արվեստը: Այսօր կարևորն այն է, որ դերասանին թողնես իր սեփական որակները ցույց տա՝ թեկուզ դերի մեջ: Ցանկալի է, որ դերասանը իր վրա շատ աշխատի, կարդացած լինի, զարգացած լինի, ինքը լինի որակյալ մարդ և կերպարի հանգամանքներում ինքը արդեն իրեն կդրսևորի: Եթե ինքը ունենա հետաքրքիր, խորը էմոցիոնալ դաշտ, ունենա ինտելեկտուալ մակարդակ, հետևի իր արտաքին խարիզմատիկ դրսևորումներին, զարգացնի այդ որակները, արդեն ինքը կլինի լավը: Այսօր դրանք են կարևոր: Մոտավորապես 70-80 տոկոս դու պիտի լինես կադրում, մնացած 20-30 տոկոս կերպարի հանգամանքներում, որը գրված է սցենարով: Եթե դու էմոցիա ես ստանում քո կերպարի փոխարեն, միևնույնն է դու քո էմոցիոնալ դաշտն ես օգտագործում տվյալ էմոցիան ստանալու համար: Դու ուրիշ մարդ չես դառնում:

-Համեմատեցիք հինն ու նորը, իսկ ինչպիսի՞ն կլինի դերասանի խաղը ապագայում:

-Կարծում եմ՝ միշտ դեպի ավելի բնականը: Այսօր հանդիսատեսը իր պես մեկին է ուզում տեսնել: Հնարավոր է ձևաչափ փոխվի, ավելի շատ ինտերնետով կինո նայեն, և կինոթատրոնների գործը մի քիչ վատանա: Ապագայում միշտ բնականն է պահանջվելու. մարդը պիտի լինի ինքը իր նման, ինչպիսին որ ինքը կլիներ այդ իրավիճակում:

-Այսօր կատակերգական ժանրի սիթքոմներն ու ֆիլմերը գերակշռող են: Դուք չեք նկարահանվում այդ ժանրում:  Ինչպե՞ս կգնահատեք դրանք:

-Ճիշտն ասած`այս վերջերս առաջին անգամ ինձ փորձեցի այդ ժանրում: Շատ բարդ ժանր է, մանավանդ եթե առաջին անգամ ես խաղում: Ես ոչ մի ժանրի դեմ չեմ, բայց կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք ունենալ կինոյի ինդուստրիա, շատ կարևոր է, որ բազմաժանրություն լինի: Մենք այսօր գեղարվեստական ֆիլմերում ընդամենը 2 ժանր ենք տեսնում՝ կատակերգություն և իրադարձային: Ես փորձում եմ այս երկուսի մեջտեղում ինչ-որ բան անել: «Չներվածները» ու «Արթնացիր» ֆիլմերը դրա ապացույցն են: Հիմա մարդիկ սովոր են դրաման սերիալի տեսքով իրենց տանը նստած նայել և դրա համար չվճարել: Դա շատ վատ է, որովհետև դրաման կինոյի ամենակարևոր ժանրն է: Մնացածը կառուցվում են դրա շուրջ։

-Կգա՞ մի օր, որ Դուք կատակերգություն կգրեք:

-Ես գրել եմ ու պատրաստվում եմ մի ամսից նկարել։ Դրամայի հետ համատեղ է լինելու, կոմեդիա-դրամա ժանրում։ Դա կլինի դպրոցական շատ նուրբ, սիրուն պատմություն: 11-րդ դասարանի պատմություն է լինելու, դասղեկի հետ հարաբերություններ, դպրոցական կյանք, փոքրիկ սիրո պատմություն։

-Դուք նաև սցենարիստ եք։ Լինո՞ւմ են դեպքեր, որ համաձայն չեք լինում Ձեր կերպարի տեքստին։

-Եղել են այդպիսի դեպքեր: Փառք Աստծո, վերջերս չի եղել, որովհետև վերջերս ինչում ես նկարահանվել եմ, բոլոր տեքստերը, որ ասվել են, միտք են ունեցել, այսինքն հենց այնպես բազմոցին նստած խոսակցության նման չի եղել։ Ես չեմ սիրում կենցաղային, էժանագին խոսակցություններ, որ ոչ մի բանի մասին են, օրինակ՝ ո՞նց ես, լավ եմ, բայց ոնց-որ լավ չես, սենց անիմաստ դիալոգներ։ Այսօր չի կարելի հանդիսատեսին այսքան էժանագին դիալոգով բերել հեռուստաէկրանի կամ կինոէկրանի մոտ։ Լինում է, որ ռեժիսորի հետ համաձայնեցնելով որոշ բաներ փոխում ենք։ Դա առողջ աշխատանքային պրոցես է։

-Ֆիլմերում առկա ժարգոնային տեքստերին ինչպե՞ս եք վերաբերում:

-Դե, չի կարող կրիմինալ կերպարը շատ գրական խոսել, բայց կրիմինալ կերպարը կարելի է ներկայացնել 2 ձև. մեկը՝ էսթետիկ, մյուսն էլ՝ փողոցային մակարդակ, որի մեջ արվեստ չկա: Կրիմինալ կերպարները կարող են խոսել միջին հայերենով: Ես ուզում եմ՝ մենք ազատվենք այդ գողական, կիսագողական, սուտի մտածելակերպից:

-Ունեք դերասանական դպրոց-ստուդիա և բազում սաներ, եղե՞լ են դեպքեր, երբ զգաք, որ այս մասնագիտությունը այդ երեխայի համար չէ, և նրան ասեք դրա մասին։

-Չէ, այդպիսի բան իրավունք էլ չունեմ ասել։ Նախ, իրենք են դա զգում ժամանակի ընթացքում, հետո ստուդիան առաջին հերթին զարգացման տեղ է, որտեղ նրանք պետք է զարգանան ստեղծագործական առումով, և որպես մարդ ուժեղանան: Ես այդ որակներին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, որպեսզի, եթե անգամ  իրենք դերասան չդառնան, այս կրթությունը իրենց պետք գա։ Եվ կարող եմ ասել, որ դեպքերի մեծամասնությամբ ստացվում է ինձ մոտ, և ես մանկավարժական գործում ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, նույնիսկ ավելի շատ, քան որպես դերասան սերիալում նկարահանվելիս։ Բայց իրար հետ անկեղծ ենք, այսինքն ավելորդ գովեստի խոսքեր էլ չեն լինում, եթե լավ չի, ուրեմն լավ չի, ասում եմ, ու փորձում ենք ավելի լավը դարձնել։

-Ձեր 2 հեղինակային ֆիլմերում գլխավոր դերը խաղում եք Դուք։ Չե՞ք վստահում ուրիշի։

-Չէ, իհարկե վստահում եմ, շատ լավ դերասաններ կան։ Այստեղ խնդիրն այլ է: Ես առաջին հերթին սկսել եմ որպես դերասան և նկարահանվելը ինձ հետաքրքրում է, ու քանի շանս կա կինո նկարելու, ես կարողանում եմ դա համատեղել, այդ դերը տալիս եմ ինձ։ Եթե ես տարեկան 4-5 գեղարվեստական ֆիլմում նկարվեի, իմը նկարելիս ինձ դեր չէի տա։ Ես դերասան եմ, ով նկարում է իր կինոն, բայց երրորդ ֆիլմումս էլ եմ խաղալու, չորրորդում որոշել եմ չխաղալ: Չորրորդը եթե լինի, կլինի 3-րդի շարունակությունը: Սցենարը մտքումս կա, եթե այս ֆիլմը հաջողություն ունենա, կնկարեմ շարունակությունը և այնտեղ հանդես կգամ որպես սցենարիստ և ռեժիսոր:

-Ֆիլմը այնպես է ավարտվելու, որ մարդիկ հասկանա՞ն, որ երկրորդ մաս է լինելու:

-11-րդ դասարանցիների պատմություն է: Ես ուզում եմ հետո շրջանավարտների մասին նկարել: Մի փոքր ակցենտ ես դրան տալիս եմ, որովհետև շատ հայտնի մի դերասանուհի է ֆիլմի վերջին տեսարաններում խաղալու, որտեղից հասկանալի է դառնալու, որ 2-րդ մասում նա կլինի ֆիլմի գլխավոր դերասանուհին:

-Ի՞նչն է խանգարում սկսնակ դերասանին ցուցադրել իր տաղանդը:

-Փորձի պակասը, որովհետև փորձ ձեռք բերելու տեղերը միշտ էլ սերիալներն են, և այստեղ ռեժիսորները շատ քիչ ժամանակ են ունենում դերասանի հետ աշխատելու համար: Նաև դերասանը պետք է ինքը իր վրա աշխատի, պատրաստված գա, որ տեքտի մոռանալու վրա ժամանակ չծախսի: Այսինքն՝ մեկ պատճառ չի, որ ասեմ՝ սա է պատճառը: Ամեն մարդու համար դա տարբեր է:

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրում Ձեր ֆիլմերի հերոսներին:

-Օրինակ մանկապատանեկան տարիքի երեխաների դեպքում քասթինգ չեմ անում: Շատ լավ սաներ ունեմ, իմ սաներից եմ ընտրում: Եղել են դեպքեր, որ սխալվել եմ, արդյունքից գոհ չեմ եղել, բայց հիմնականում՝ ճանաչելով, խաղը տեսնելով: Բայց վերջին 5 տարվա արդյունքը շատ որակյալ ստացվեց մեզ մոտ, և մեր ստուդիան շատ առաջարկներ է ստանում, որ երեխաները գնան և նկարահանվեն։

Հարցազրույցը՝ Մարիամ Նազարյանի

2-րդ կուրս

Կիսվել