Ապրիլը 4-ը նշում են մարդկությանը մարտահրավեր նետած նվաճումներից մեկի՝ համացանցի օրը: Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, որի ընդլայնումը թռիչքային կերպով է աճում. 1999թ.-ին ամբողջ աշխարհում համացանցից օգտվում էր 201 մլն մարդ, 2018թ.-ին այդ թիվը հասել է 4.2 մլրդի:
Համացանցի տարածմանը զուգահեռ՝ լայնորեն տարածվել է նաև «կախվածություն համացանցից» եզրույթը: Տարբեր ուսումնասիրությունների շնորհիվ պարզ է դարձել, որ ամբողջ աշխարհում համացանցից կախվածություն ունի աշխարհի բնակչության 10%-ը: Չինացի գիտնականներն ապացուցել են, որ համացանցին վարժվելը եւ հետագայում դրանից կախվածության զարգացումը մեխանիզմով նման են ցանկացած քիմիական կախվածության, որոնց շարքում են նաև թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունը:
Համացանցային կախվածության առաջին մեղավորները թերեւս սոցիալական ցանցերն են: 2018թ․ տվյալներով՝ ամբողջ աշխարհում Facebook-ից օգտվում է մոտ 2.2 մլրդ մարդ, Youtube-ից՝ 1.5 մլրդ, Instagram-ից՝ 800 մլն, Twitter-ից՝ 330 մլն մարդ: Հայ հասարակությունը ևս անմասն չի մնում համացանցային կախվածությունից:
Մինչև 2017թ.-ի կեսը Հայաստանում «Одноклассники» կայքն առաջատարն էր նախընտրելիների ցուցակում, այժմ այն օգտագործելու ծավալները նվազել են: 2018թ տվյալներով՝ Instagram-ի հայ օգտատերերի քանակն աճել է՝ հասնելով 500 հազարի, Facebook-ի օգտատերերի ցուցանիշը վերջին տարիներին չի աճում, թեև այն նախընտրելիներից է, հայերն ակտիվ են նաև ВК-ում(В Контакте), իսկ Twitter-ում՝ այնքան էլ ոչ:
Մի շարք ծրագրերի միջոցով մարդիկ կարողանում են իմանալ, թե քանի ժամ են անցկացնում համացանցում: Ուսանող Դավիթ Աքելյանը մեկ շաբաթվա ընթացքում 17 ժամ սոցցանցերում է անցկացն՜ում. ինֆորմացիա է ստանում, լեզու է սովորում, գիտական հրապարակումներ կարդում կամ գիտական հոդված գրելու համար անհրաժեշտ գրականություն է որոնում ու շփվում մարդկանց հետ: «Անհերքելի է, որ համացանցն արդեն սկզբունքային նշանակություն ունի իմ կյանքում, բայց այդ նշանակությունը չպիտի ինքնահոսի թողնել: Այն ճիշտ ուղղորդելու դեպքում կարելի է ֆանտաստիկ մեծ օգուտ ստանալ, հենց այս ճանապարհով էլ փորձում եմ օգտագործել համացանցը` միևնույն ժամանակ փորձելով խուսափել համացանցի կողմից օգտագործված լինելուց»:
Ուսանողուհի Անի Ավետիսյանն էլ օրական մոտ 12 ժամ է անցկացնում համացանցում, ասում է՝ առավոտյան՝ աչքերը բացելուն պես, մուտք է գործում ինստագրամյան կամ ֆեյսբուքյան իր էջ: Ֆիլմեր է դիտում, գրքեր կարդում, տնային առաջադրանքների դեպքում էլ առաջինը օգնության է կանչում համացանցին, անգամ հաց ուտելիս է անբաժան ինտերնետից: «Ամբողջ ժամանակ գլուխս հեռախոսի մեջ մտցրած քայլում եմ ու գիշերը ուշ եմ քնում, որովհետև գիտեմ՝ ինտերնետ կա: Երբ հասկանում եմ, որ աչքերս փակվում են, և մարտկոցը ամբողջությամբ նստում է, հեռախոսս դնում եմ սենյակիցս հեռու, որ ձեռքումս չպահեմ։ Երբ մարտկոցը իջնում է արդեն 0 ու անջատվում, անհամբեր սպասում եմ՝ բարձրանա գոնե 2%, որ արագ վերցնեմ. ավել սպասել չեմ կարողանում»: Գրեթե նույն պատկերն էր նաև ուսանողուհի Արփինե Հակոբյանի մոտ մինչ ավարտական դասարանը. «12-րդ դասարանում սկսեցի պարապել. զբաղվածությունից, դասերը չհասցնելուց ինքնըստինքյան էդ կապվածությունը դուրս եկավ: Օրեր են եղել, որ համացանցից ընդհանրապես չեմ օգտվել ու կարիքը չեմ էլ ունեցել»:
Հոգեբան Անահիտ Գևորգյանի խոսքով՝ մի քանի նախանշաններ կան, որոնցով որոշվում է՝ մարդն ունի կախվածություն, թե ոչ. «Անցկացրած ժամանակի քանակին գումարվում է ինտերնետում կարդացած նյութը շրջապատում շատ քննարկելը, քնի հաշվին համացանցից օգտվելը, ինտերնետում լինելու ժամանակ բարձր տրամադրություն ունենալն ու չլինելու դեպքում՝ հակառակը, համացանցային շփումը նախընտրելը կենդանի շփումից, ախորժակի նվազումը, առօրյա տնային գործերն անտեսելը, լարվածության, գրգռվածության առկայությունը…»: Նա նշում է, որ կախվածություն են ունենում հիմնականում այն մարդիկ, ովքեր տանը կամ այլ վայրում ու հարաբերություններում ունեն խնդիրներ և այդկերպ փորձում են փախուստ կատարել դեպի համացանց. «Համացանցային թվացյալ կյանքն ունի որոշ առավելություններ. մարդիկ կարող են անանուն հաղորդակցվել՝ ցույց տալով սեփական անձն այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում: Կարևոր է նաև այն, որ ցանկացած պահի կարող են կոնտակտ հաստատել ու ցանկացած պահի այն վերացնել, հնարավորությունները լայն են ու ճկուն, մարդու պահանջները համացանցոմ ավելի հեշտ են բավարարվում»: Հոգեբանը հավելում է, որ ինտերնետը նաև շատ դրական կողմեր ունի. ինֆորմացիայի մեծ աղբյուր է, որի որոնումն ու ստացումն ավելի դյուրին է դառնում համացանցի շնորհիվ, հեշտանում է նաև հաղորդակցությունը, պարզապես պետք է կարողանալ պահել սահմանը: «Եթե կախվածությունը սկզբնական փուլում է, կարելի է փորձել ինքնուրույն կարգավորել, բայց, կարծում եմ, հոգեբանի միջամտությամբ ավելի արագ ու արդյունավետ կլուծվի խնդիրը, որովհետև այն իր հետևում ուրիշ խնդիրներ ունի, ու միշտ չէ, որ դա խորապես հասկանալի է մեզ, իսկ հոգեբանը կարող է օգնել հասկանալ կախվածության հետևում թաքնված խնդրի բուն էությունը»:
Լիլիթ Մկրտչյան
2-րդ
կուրս