ԺԱՄԱՆՑԻՑ՝ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՅԻՆ ԶԲԱՂԵՑՆԵԼ ԿԱՄ «ԽԱԲԵԼ» ՀԵՌԱԽՈՍՈՎ

ԺԱՄԱՆՑԻՑ՝ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՅԻՆ ԶԲԱՂԵՑՆԵԼ ԿԱՄ «ԽԱԲԵԼ» ՀԵՌԱԽՈՍՈՎ

1501

Համակարգչային խաղերի հետևանքով այսօր ամեն երրորդ երեխան ունի տեսողական խնդիր: Ըստ մասնագետների՝ համակարգչային խաղերը խիստ բացասաբար են ազդում երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ համակարգչային խաղերից  Ձեր երեխան արդեն ունի կախվածություն, թե՝ ոչ: Մասնագետներն առաջարկում են պարզ մեխանիզմ, եթե խաղի համար հատկացված ժամանակը լրանում է, և երեխան շատ բուռն է ընդունում այն դադարացնելու մասին ծնողի խնդրանքը, արդեն իսկ ճիշտ ժամանակն է դիմել մասնագետների:

Արմինե Հարությունյանի 7-ամյա զավակը համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու հետեւանքով տեսողական խնդիրներ ունի: «Սկզբում մտածում էինք, երեխա է, թող խաղա, զբաղվի, ու եթե ինքը սկզբում համակարգչի առջև նստում էր օրվա մեջ 2,5-3 ժամ, գնալով ավելացրեց ժամերը, նկատում էի, որ կկոցում էր աչքերը, շատ նյարդային էր, պարզեցինք, որ առաջվա պես լավ չի տեսողությունը: Էլ թույլ չտվեցինք նստի համակարգչի առջև, ճիշտ է , սկզբում լաց էր լինում, բայց, միևնույն է, չընդառաջեցինք իրան»:

Հոգեբան Սաթեն Գրիգորյանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխային համակարգչային խաղի համար տրամադրել ոչ ավել, քան օրական կես ժամ. «Ցանկացած համակարգչային խաղ երեխայի հոգեբանության վրա կարող է անդրադառնալ թե՛ դրական, թե՛ բացասական տեսանկյունից: Մեր օրերում խաղերից եկող բացասական ազդակները շատ ավելին են, քան՝ դրականները: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ երեխաներն ավելի խոցելի են դառնում դրանց նկատմամբ, ինչն էլ հավելյալ սթրեսոգենի և նյարդային դիսֆունկցիաների պատճառ է»: Նա շեշտեց, որ չի կարելի երեխային զբաղեցնել կամ «խաբել» հեռախոսով, միայն թե ծնողն ազատ ժամանակ ունենա։ «Երեխայի հետ պետք է խաղալ, ժամանակ անցկացնել հետը, զբոսնել, հյուր գնալ, բայց ոչ մի դեպքում՝ համակարգչային խաղ խաղալ»: Իսկ թե ինչ անել երեխային համակարգչային խաղերից հեռու պահելու համար, հոգեբանը պատասխանեց. «Եթե ծնողը երեխայի մոտ նկատում է կախվածություն, պետք է փորձի նրա համար հետաքրքրությունների այլ շրջանակ ստեղծել, զբաղեցնել մեկ այլ բանով»: Սաթեն Գրիգորյանի խոսքով՝  ցանկալի է, որ երեխան սպորտով զբաղվի, զարգացնող խաղեր խաղա և այլն.«Հարկավոր է նաև հիշել ամենակարևորը՝ երեխան կրկնօրինակում է այն, ինչ տեսնում է, և եթե նա սովոր է՝ ծնողին միշտ տեսնել հեռախոսը ձեռքին, իսկ իրեն՝ անտեսված, նրան մնում է ոչ այլ ինչ, քան իր համար գտնել մեկ այլ զբաղմունք… ճիշտ այնպիսին, ինչպիսին ծնողինն է…»:

Զվարթ Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել