«ՆՊԱՏԱԿՍ ՄԵԿՆ Է՝ ԴԻՄԱՑԻՆԻՍ ՏԱԼ ԿՅԱՆՔԻՑ ՄԻ ՓՈՔՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ»․...

«ՆՊԱՏԱԿՍ ՄԵԿՆ Է՝ ԴԻՄԱՑԻՆԻՍ ՏԱԼ ԿՅԱՆՔԻՑ ՄԻ ՓՈՔՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ»․ ՄԱՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1805

Ծաղիկների սիրահար 19-ամյա Մաշա Գրիգորյանը երեք տարի առաջ որոշեց, որ պետք է հավերժացնի ծաղիկների կյանքը՝ զարդեր պատրաստելով։ Մաշան սովորում է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում ՝դիզայնի ֆակուլտետի 2-րդ կուրսում։

«5 տարի առաջ փնտրտուքների մեջ էի, ուզում էի ստեղծել իմ փոքր աշխարհը, ցանկություն ունեի ինձ գտնելու։ Ես խենթանում եմ ծաղիկների համար, չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում գունզգույն, վառ գեղեցկություն տեսնելիս, ուզում եմ բոլորը հետս տուն տանել»,-նշում է Մաշա Գրիգորյանը։

Ծաղիկներից զարդեր պատրաստելու միտքը շատ պատահական է ծագել։ Սկզբում ֆինանսի առումով հայրիկն է օգնել։ Հայրիկի տված գումարով գնել է մանր-մունր անհրաժեշտ իրեր և կամաց-կամաց քայլեր սկսել դեպի իր երազանքը։ Սկզբում պատրաստելու գործում նպատակին հասնելու համար օգնության է եկել համացանցը։ Աննշան, փոքրիկ ծաղիկն էլ գրավել է Մաշային, հավաքել է,  չորացրել գրքի մեջ ու ստեղծել գեղեցիկ զարդեր։

Սկզբում զարդեր պատրաստում էր միայն իր համար, իսկ հետո սկսեց ստեղծագործել, տարբեր համադրություններ ստանալ բոլորի համար։

Մաշայի ամենասիրելի գույնը դեղինն է, իր աշխատանքներում էլ գերակշռում է դեղինը, պատճառը մեկն է՝ արևը։ Իր արևոտ աշխարհը Մաշան անվանել է «Petite  Fleur», որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է փոքր ծաղիկ․«Սա ինձ համար սոսկ բիզնես չէ, սա իսկապես իմ աշխարհն է, որտեղ ես ինձ լավ եմ զգում, որտեղ կան տաք, արևոտ ու բնական գույներ։ Ինքս արվեստի մարդ եմ ու լրիվ այլ կերպ եմ տեսնում այս ամենը»,- անկեղծանում է Մաշան։

Մաշան վստահեցնում է, որ յուրաքանչյուրի մեջ էլ կա արվեստ, ուղղակի հարկավոր է թողնել, որ ամբողջովին տիրի  յուրաքանչյուրին։

«Նպատակս մեկն է ՝դիմացինիս տալ կյանքից մի փոքր գեղեցկություն ու ջերմության զգացողություն»,- վստահեցնում է Մաշան։

«Petite  Fleur»-ի ցուցահանդես-վաճառքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբեր ամսին, որի ժամանակ 50 զարդից 10-ն էր մնացել։ Պլանավորում է ապրիլ ամսին նորից ցուցահանդես կազմակերպել։ Ապագա դիզայները երազում է ունենալ իր փոքրիկ խանութը, որտեղ կլինեն իր զարդերն ու գեղեցիկ ծաղկեփնջեր։

«Կապ չունի, թե ես որտեղ եմ կամ ում հետ, ծնկի կգամ ու կհավաքեմ հանդիպածս բոլոր ծաղիկները։ Գարունը  նրա համար եմ սիրում, որ ամեն քայլափոխի ծաղիկ կա։ Տատիկս էլ միշտ հատուկ ինձ համար ծաղիկներ է քաղում, բերում, դնում գրքի մեջ, լավ գիտի, որ ինձ համար ամենաթանկ նվերը ծաղիկն է։ Անկեղծ ինձ համար չսիրելի ծաղիկներ չկան, բոլորն էլ գեղեցիկ են յուրովի»,-անկեղծանում է արև սիրող աղջիկը։

Մանե Մուրադյան

4-րդ կուրս

Կիսվել