ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԶԳԱՅՈՒՆ ԽԱՎ

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԶԳԱՅՈՒՆ ԽԱՎ

868

Իմ զրուցակիցն է քանդակագործ, մոնումենտալ դրվագող, Հայաստանի ժողովրդական վարպետ Ներսես Չարխչյանը: Արվեստագետն առաջին ցուցահանդեսն ունեցել է Գեղարվեստի ակադեմիայի սրահում: Այս տարիների ընթացքում մասնկացել է նաև մի շարք ընդհանուր ցուցահանդեսների: Իսկ 2016թ. նրա աշխատանքերը ցուցադրվել են նաև  Դիլիջանի «Ժողովրդական վարպետների» թանգարանում :

-Պարոն Չարխչյան, քանի՞ տարի է, ինչ զբաղվում եք քանդակագործությամբ :

-Կոնկրետ չեմ կարող նշել. 1975-1996թթ. աշխատել եմ Քանդակի կոմբինատում: Դրա լուծարումից հետո մասնավոր եմ աշխատում: Որքան ուժերս ներեն, այնքան էլ դեռ կզբաղվեմ այս գործով:

-Ե՞րբ է առաջացել սերը դեպի կերպարվեստի այս տեսակը:

-Դեռ դպրոցում սիրել եմ նկարչությունը: Ավարտելուց  հետո ընդունվեցի Գեղարվեստի ուսումնարան, հետո անցա աշխատանքի: Երևի հենց դպրոցից է սկսվել ամեն ինչ:

-Հայ քանդակագործներից  ու՞մ  հետ եք համագործակցել:

-Շատ շատերի հետ եմ աշխատել: Նշեմ Արա Հարությունյանին, Սերգեյ Բաղդասարյանին, Յուրա Մինասյանին, Սուրեն Նազարյանին: Նրանք բոլորն էլ մոնումենտալ արձանների հեղինակ են: Շատ եմ համագործակցել նաև Տիգրան Արզումանյանի հետ:

-Դուք պղնձից մանրաքանդակներ եք պատրաստում: Ինչպե՞ս  է առաջացել դրանք ստեղծելու միտքը:

-Յուրաքանչյուր քանդակագործ ունի իր ոճը: Համագործակցեցի տարբեր աշխատելաոճ ունեցող մարդկանց հետ, և ամեն մեկից ինձ մոտ մի հետք մնաց: Բոլորից մի բան վերցնելով` ես ստեղծեցի իմ ոճը և այս մանրաքանդակները պատրաստեցի: Հայաստանում չկար մի վարպետ, որ պղնձից մանրաքանդակներ պատրաստեր. բոլորը փայտ կամ քար էին օգտագործում : Ես էլ որոշեցի այդ մետաղից պատրաստել և կարող եմ ասել, որ ստացվեց:

-Ի՞նչ պայմաններում եք նախընտրում ստեղծագործել:

-Կարծում եմ`ոչ մի արվեստագետ լռության մեջ չի կարող աշխատել:Առանց դրա դժվար կլինի: Իմ արվեստանոցում միշտ  միացված է ռադիոընդունիչը. երաժշտությունն ինչ-որ տեղ հանգստություն է տալիս, ստեղծագործական նոր մտքեր հաղորդում ինձ:

-Հետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եք զբաղվում :Ինչ –որ աշխատանքներ կա՞ն ընթացքի մեջ:

-Պատվերներ այդքան չեն լինում: Դե, երբ պետությունը ճգնաժամ է ապրում, առաջին հերթին դա զգում ենք մենք` արվեստի ներկայացուցիչներս: Եթե մարդը գումար չունի, որ հաց գնի, դժվար թե իրեն թույլ տա որևէ քանդակ կամ նկար գնել: Հաճախ արտասահմանից են զբոսաշրջիկներ գալիս և մեծ սիրով գնում:

-Ձեր կատարած աշխատանքներից ո՞րը կառանձնացնեիք, ո՞րն է ավելի սիրելի Ձեզ համար:

-Չեմ կարող որևէ մեկն առանձնացնել. դրանցից յուրաքանչյուրն ունի իր ստեղծման պատմությունը:Կան աշխատանքներ, որ մեկ-երկու ամսում են ստեղծվել, կան, որ` մեկ տարում: Ինձ համար բոլորն էլ հարազատ են, սիրելի: Կարծում եմ`դիտողը պետք է գնահատի և առանձնացնի:

Հարցազրույցը՝ Էմմա Հովհաննիսյանի

4-րդ կուրս

Կիսվել