Չնայած ամռանը դեռ մեկ ամիս կա, բայց գրեթե բոլորը սկսել են մտածել իրենց կազմվածքի մասին:
28-ամյա Անին դեռ մի քանի տարի առաջ կշռում էր մոտ 105 կգ, իսկ այսօր` 62:
Նա դժվար, բայց արդյունավետ կերպով կարողացավ 8 ամսվա ընթացքում կորցնել 38 կիլոգրամ:
Այժմ ունի ինստագրամյան էջ, որտեղ խորհուրդներ է տալիս և սննդակարգեր մշակում ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար:
Ամենաշատ տրվող հարցը մոտիվացիայի մասին է, թե ի՞նչն է ստիպել նրան նիհարել:
Պատմում է, որ դիտավորյալ գնել է շատ փոքր չափս ունեցող կիսաշիջազգեստ, և հենց այն կրելու միտքը դարձրել իր նպատակը:
Անիից փորձենք պարզել, թե ինչպես պետք է սնվել անցանկալի կիլոգրամենր ձեռք չբերելու համար։
-Ձեր մշակած սննդակարգերը ինչերի՞ց են բաղկացած (փուլեր):
-Իրականում դրանք գրվում են ամեն մեկի համար տարբեր, քանի որ պետք է հաշվի առնել մի շարք հարցեր: Իմ սննդակարգերից այժմ օգտվում են 16 տարեկանից մինչև 54 տարեկան մարդիկ: Փուլերը հետևյալն են` նախաճաշ , ապա լանչի և ճաշի արանքում փոքր այսպես ասած` ճաշիկ, հետո ճաշ ու վերջում ընթրիք։
-Դուք սննդակարգերը կազմելու համար ի՞նչ եք ուսումնասիրել , որքանո՞վ եք համոզված, որ դրանք ճիշտ են:
– Արդեն ունեմ միջազգային դետոքս-դիետոլոգի սերտիֆիկատ: Սննդակարգը կազմում եմ՝ հաշվի առնելով տարիքը, հասակը, քաշը, ապա հորմոնալ խնդիրները, վահանաձև գեղձի խնդիրը: Եթե կինը ամուսնացած է, կամ կերակրող մայր է, նրա սննդակարգը ուրիշ է: Հաշվի եմ առնում ամեն ինչը, անգամ քնելու և արթնանալու ժամերը և աշխատանքային զբաղվածությունը:
-Գիտենք, որ դուք ամիսների ընթացքում կորցրիք զգալի կիլոգրամներ, ովքե՞ր Ձեզ աջակցեցին այդ ժամանակ։Եղա՞ն մարդիկ, ովքեր չէին հավատում, որ նման արդյունքի կհասնեք:
-Աջակցել է ամուսինս: Ամեն կորցրած կիլոգրամի համար ինձ հետ հավասար ուրախացել է: Այո շատ կային ձեր նշած մարդկանցից, բայց ես նրանց մոռացել եմ:
-Ինչպե՞ս էիք զսպում «արգելված» ուտելիքի հանդեպ մեծ ցանկությունը:
– Ես չունեմ նման խնդիր, մենք ենք մեզ համար ստեղծում սահմաններ: Ես սկսեցի այդպիսի ուտելիքին նայել ոչ թե որպես «արգելված»,այլ ինձ համար այն դարձավ առողջ և ոչ առողջ:
-Մենք` հայերս, ինչպիսի՞ սխալներ ենք թույլ տալիս սննդամթերք ընտրելիս։
-Մենք ուտում ենք յուղոտ, և մեզ մոտ կա շատ կշտանալու հակում, դրա համար շատ ենք գիրանում: Սովետական մոտեցում դեռ կա մեզ մոտ, շատ ենք տեղ տալիս կիսաֆաբրիկատ մթերքներին, բայց ասեմ, որ սահուն կերպով անցում ենք կատարում դեպի ֆիլտրված մթերքների, ինչը առավել հաճելի է: Մենք նաև շատ ենք տեղ տալիս հացամթերքին, դա մեր արյան մեջ է: Հացամթերք պետք է օգտագործել շաբաթվա մեջ 2-3 անգամ:
-Առօրյա զբաղվածությունը թույլ չի տալիս աշխատող մարդկանց ճիշտ կազմակերպել սնվելու գրաֆիկը: Ի՞նչ խորհուրդներ կառանձնացնեք նրանց համար:
– Ես խորհուրդ կտամ մշտապես վերցնել իրենց հետ ճաշաման (lunch box) կամ աշխատանքի վայրին մոտ գտնվող տեղերից նորմալ ուտելիք ընտրել: Առաջին հերթին տեղ եմ տալիս այդ ճաշի համար նախատեսված տուփերին, այդպես քո պատրաստած ուտելիքը վերցնում ես հետդ: Խորհուրդ եմ տալիս սնվել թեթև, խմել շատ ջուր օրվա ընթացքում, միշտ ջրի տարա ունենալ աշխատանքի վայրում: Ջուրը հագեցնում է և թույլ չի տալիս արագ ու շատ ուտել լարված աշխատանքային պայմաններում:
-Որո՞նք են նիհարելիս կիրառվող սխալները։
-Ամենատարածվածներից կարող եմ առանձնացնել շատ արագ նիհարելու մեթոդները` դիետաները միայն մեկ կամ մի քանի մթերքների հիման վրա: Նմանատիպ դիետաներից հետո արագ հետ են գալիս կիլոգրամները, և մյուս սխալ տարբերակը քիչ ուտելն է:
ինստագրամ ` @annie_khachatrian
Հարցազրույցը՝ Սոնա Սողոմոնյանի
2-րդ կուրս