ԱՊԱԳԱ ԿԵՐՏՈՂ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ

ԱՊԱԳԱ ԿԵՐՏՈՂ ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐԸ

1344

Նուրի, Խուճկուլուլու, Ծաղկամեր, Չիլի մամա. տիկնիկներ, որոնք հայկական մշակույթի ամենագեղեցիկ ու խորհրդանշական արժեքներն են: Այս սիրունատես տիկնիկների մեջ են մարմնավորվել հայ ժողովրդի հավատալիքները՝ նրանց օժտելով մոգական ուժով՝ չար խափանող, վտանգից ու դժբախտությունից զերծ պահող յուրահատկություններով։ Այսօր այս կերպարներից, որոշ չափով հիշվում է միայն Նուրին:                                       

Նուրի տիկնիկը պատրաստում էին երաշտի օրերին: Երբ մարդ ու անասուն տառապում էին ջրի սակավությունից, Նուրին արտասվում էր, իսկ նրա արցունքներով թրջված հողն ու արտերը՝ կենդանանում: Տիկնիկի կերպարը դրական էր, տեսքը՝ գունավոր, իր մեջ ծիածանի բոլոր գույները ներառող:                 

Ժամանակները փոխվում են, նախասիրությունները՝ նույնպես: Սիրունատես տիկնիկներին եւ փոքրիկ կենդանիներին այժմ խանութների ցուցափեղկերին փոխարինում են բոլոր տեսակի սարսափելի պատմությունների ագրեսիվ հերոսները:  Ամերիկյան հոգեբանները փաստում են, որ հրեշների կերպարով տիկնիկները անուղղելի վնաս են հասցնում փոքրիկների հոգեկան աշխարհին: Այնպիսի խաղալիքներ, ինչպիսիք են՝ պլաստիկ վամպիրներն ու զոմբիների կմախքները տանում են երեխային մինչեւ անգամ ինքնասպանության:

Երեւանյան խանութներում անցկացրած մեր հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ինչքան էլ ծնողները դեմ են նման խաղալիքներին, իրենց երեխաները երազում են նվեր ստանալ ոչ թե սիրունատես տիկնիկ կամ բարբի, այլ օրինակ «Монстры хаи» մուլտսերիալի կերպարով տիկնիկերը:   

70-ամյա Վերգին տատը դուրս է եկել գնելու ծոռան ծննդյան նվերը, նրան զարմացրել էին մանկական բաժնում տեղ գտած հրեշային կերպարով տիկնիկները. «Սրանք տիկնիկնե՞ր են, տիկնիկն էլ չէ պետք ա տիկնիկի նման լինի, կարողանաս հանես, հագցնես, խոսես հետը, վերջապես, իսկ սրանց հետ ո՞նց խոսեն էդ անմեղ երեխեքը»: 

Սրան հակառակ՝  19-ամյա Տաթեւիկը, ով աշխատում է որպես խորհրդատու-վաճառող երեւանյան մանկական խանութներից մեկում, նշեց. «Հիմա երեխաները ավելի շատ նախընտրում են նվեր ստանալ այն մուլտֆիլմերի հերոսներին, որոնց դիտում ու երկրպագում են, այն երեխաներն էլ, ովքեր չեն դիտում կամ դեռ չեն դիտել, դպրոցի կամ օրինակ մանկապարտեզի իրենց ընկերներից են իմանում դրանց մասին, եւ իրենք էլ ցանկանում են ունենալ: Էստեղ, ըստ իս, ողջ մեղավորությունը բարդել արտադրողի վրա, ինչ-որ չափով սխալ է, չէ՞ որ ծնողները եւս պետք է ուշադիր եւ հետեւողական լինեն երեխայի նկատմամբ: Ամեն դեպքում պահանջարկը մեծ է եւ շուտ են սպառվում»: 

Որպեսզի խաղալիքը ուրախացնի երեխային, խորհրդատու-վաճառողն ասում է, որ առաջինը հարկ է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված տարիքին, այսինքն՝ որ տարիքային խմբի երեխաների համար է այն նախատեսված. «Խաղալիքը պետք է ոչ միայն ուրախացնի, այլեւ զարգացնի, ընկնել մոդայիկ ու բրենդային խաղալիքների խանութների հետեւից՝ չարժե, իսկ այ զարգացնող խաղեր ու աուդիոգրքեր նվիրելը ճիշտ ու հետաքրքիր ընտրություն է»: 

Մեզ հետ զրույցում հոգեբան Վաչիկ Ավետիսյանն ասաց, որ հենց այդպիսի խաղալիքներն են խանգարում երեխային ունենալ հստակ պատկերացում բարու ու չարի մասին․ «Եթե սովորական տիկնիկները զարգացնում  են երեխայի երեւակայությունը, որը երեխաներն անում են տիկնիկին անվանակոչելով, կամ օրինակ հորինելով մի իրավիճակ, որտեղ տվյալ տիկնիկը մայր է, ծառա կամ բժիշկ, ապա այս սարսափելի ու հրեշային կերպարով տիկնիկները հուշում են երեխային՝ ինչպես պատճառել վնաս կողքիններին»:  Իսկ թե ինչն է դրդում երեխաներին ցանկանալ նվեր ստանալ նման հրեշային կերպարներով խաղալիքներ, հոգեբանն ասում է. «Ամեն ինչ շատ պարզ է, երեխան նայում է մուլտֆիլմը, կապվում մուլտհերոսի հետ, նրա հետ անցնում բոլոր «հանձնարարությունները», օրինակ՝ թռչել տանիքից, կոտրել շրջակա առարկաները, թրով հարվածել այնքան, մինչեւ չար հերոսը մեռնի, դե նման տարիքի երեխաներին էլ, բնականաբար, հետաքրքրում է այն, ինչն արտասովոր է»: Հոգեբանի պնդմամբ՝ եթե այս ամենը արդեն հասել է նրան, որ երեխան արդեն իսկ տարվել է նման մուլտհերոսներով, ապա նրան միանգամից կտրելը այդ մուլտֆիլմից կարող է ունենալ ամենածանր հետեւանքը՝ երեխայի մոտ ձեւավորվեն բարդույթներ, երեխան սկսի վարել պասիվ կենցաղ, հակառակը՝ պետք է այդ ամենն անել ժամանակի ընթացքում, դանդաղ, որ երեխայի կապը դրանցից կտրվի շատ աննկատ, ծնողները պետք է գտնեն նոր հետաքրքրություն երեխայի համար, բնականաբար, որը կինի տվյալ երեխայի հետաքրքրության շրջանակում:                                                   

Իսկապես, մանկական խաղերն այդքան էլ «անմեղ» չեն, դրանք այն հիշողություններն են, որոնք երեխան իր հետ տանում է հասուն կյանք եւ հենց խաղի միջոցով կարող է ձեւավորվել ապագա կինն ու օրինակելի տղամարդը։ 

Աննա Չիբուխչյան

2-րդ կուրս

Կիսվել