ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

1272

«Տասներեք տարեկան էի, երբ բռնաբարության զոհ դարձա։ Այդ օրը երբեք չեմ մոռանա, մարմնիս կապտուկները վաղուց անցել են, բայց դրանց տեղերն անգիր եմ հիշում։ Այսպես մի քանի ամիս խորթ հայրս ինձ սեռական բռնության էր ենթարկում, մինչև որ դժբախտ պատահարից մահացավ»,- պատմում է քսանամյա Արմինե Ասատրյանը։

Միջազգային տարբեր հետազոտություններն ու վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը ավելի շատ տեղի են ունենում ազգականի կամ ընտանիքի անդամների կողմից, բայց այդ մասին տուժողները հիմնականում բարձրաձայնում են տարիներ անց:

Հոգեբաննեերն ասում են, որ թաքցնելու պատճառ կարող է լինել ամոթը, չհասկացված լինելու վախը, ինչպես նաև բռնաբարողի սպառնալիքները։ Հատկապես անչափահասներին հեշտ է վախեցնել  ու մոլորեցնել։ Ըստ հոգեբանների՝ ուժեղ սթրեսներից հետո անչափահասները լռակյաց են դառնում, անհանգիստ, նյարդային, հաճախ չեն շփվում անգամ ծնողների հետ։
Բռնաբարությունից միայն երեք տարի անց Արմինեն կարողացել է պատմել մորը։ Նա ասում էր, որ սկզբում խորթ հայրը սպառնացել է, որ կվնասի մայրիկին, այդ պատճառով է լռել։ Իսկ հետո ամաչում էր խոսել դրա մասին, վախենում էր, որ մայրն իրեն կմեղադրի կամ չի հավատա, որ իր կամքին հակառակ է եղել ամեն ինչ։
Հոգեբանի խոսքով՝ երբ երեխան պատմում է ծնողին եղելությունը, ծնողի վերաբերմունքից է կախված՝ կհաղթահարի երեխան այդ սթրեսը, թե` ոչ։ Քանի որ սեփական ծնողի կողմից չհասկացված երեխան սոցիալիզացիայի լուրջ խնդիրներ կարող է ունենալ, հատկապես այս դեպքում, երբ սեռական բռնության զոհ է դարձել։

«Երբ պատմեցի, մայրս գրկեց ինձ, սկսեց լացել։ Նա անընդհատ ասում էր, որ ինքն է մեղավոր, ոչ թե ես։ Մայրս ինձ անընդհատ հանգստացնում էր ու ասում, որ ամեն ինչ անցյալում է, ու ինքն ինձ էլ երբեք մենակ չի թողնի։ Հիմա ես ուրախ եմ, որ տարիներ առաջ պատմել եմ մորս։ Նա ինձ օգնեց, որ դուրս գամ այդ սարսափելի վիճակից»,- պատմում է Արմինեն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում Հայաստանը 2018 թվականից դարձավ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության անդամ և ուղենշող երկիր։ Դրանով Հայաստանը պարտավորություն ստանձնեց բազմաոլորտային համագործակցության հարթակ ունենալ միջպետական ու հասարակական սեկտորների հետ, այդ հարթակի միջոցով ձևավորել երեխայի նկատմամբ բռնությանը վերջ տալու ազգային-ճանապարհային քարտեզ ու գործողությունների ծրագիր։

– Հայաստանը հիմա գտնվում է այդ գործընթացում, և այդ գործողությունների ծրագիրը պետք է ներառի միջոցառումներ  ամենատարբեր հարթություններում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից մինչև երեխաներին ու ծնողներին ուղղված իրազեկման աշխատանքներ՝ դրական ծնողավարության խրախուսմամբ։ Դրական ծնողավարությունը ենթադրում է այդ հուզական կապը և վստահության հարաբերությունները ծնողների ու երեխաների միջև։ Ու, ի վերջո, սա շատ կարևոր նշանակություն ունի սեռական բռնության կանխարգելման և վաղ հայտնաբերման համար,- նշեց ՄԱԿ-ի հայկական հիմնադրամի «Երեխաների համար արդարատադության մատչելիության» ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը։
Անչափահասների դեպքում սեռական բռնության ամենախոցելի տարիքը, ըստ պաշտնական տվյալների, 13-17 տարեկանն է:

2015-2017 թթ. ընթացքում Հայաստանի քննչական կոմիտեն քննել է սեռական բռնության հատկանիշներով հարուցված 449 քրեական գործ: Երեք տարվա ընթացքում քրեական գործերի թիվն աճել է 30-ով:

Իրավական դաշտում երեխայի նկատմամբ բռնության իրականացման արգելքի իրավական կարգավորումներ կան ինչպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում, այնպես էլ ՀՀ Ընտանեկան օրենսգրքում։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53, 59 և 130-րդ հոդվածներով նախատեսված են համապատասխանաբար ծնողական իրավունքների իրականացման, ծնողական իրավունքներից զրկելու և երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերի վերաբերյալ իրավակարգավորումներ։

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ։ Այս կոնվենցիայի 19-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված է, որ «մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները պաշտպանելու երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից (…), ներառյալ՝ սեռական չարաշահումը»:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ արձանագրվել է երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի աճ: 2016 թվականին քննված բոլոր գործերի 70 տոկոսը եղել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հիմքով, իսկ 2017-ին՝ 62,7 տոկոսը:

Վերոնշյալ քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 301 անձ, որոնցից 170-ը եղել են տուժողի ազգական, բարեկամ, ընտանիքի անդամ կամ հարևան:

Սեռական բռնությունն ի վերջո հանգեցնում է հոգեբանական տրավմայի, որը, եթե ժամանակին չի բուժվում, ազդում է երեխայի ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության և վարքի վրա։ Սա Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից ապացուցված փաստ է՝ արված «Մանկության բացասական փորձառություններ» հետազոտության շրջանակներում։

Հերոսուհու անուն-ազգանունը փոխված է նրա ցանկությամբ:

Շահանե Բաղդասարյան

4-րդ կուրս

Կիսվել