ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՐՕՐՅԱ ԳԵՐԽՆԴԻՐ

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՐՕՐՅԱ ԳԵՐԽՆԴԻՐ

928

Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ամուսնալուծությունների թվի աճ:

Հայաստանում ամուսնալուծություններ են տեղի ունենում սոցիալ-տնտեսական, միջանձնային անհամաձայնությունների խնդիրների պատճառով և, ամենատհաճը, միգրացիոն գործընթացների հետևանքով: Դրանք դառնում են ամուսնալուծությունների բավական լուրջ պատճառ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե տարիներ առաջ ամուսնալուծության հիմնական պատճառներն էին սոցիալական ծանր պայմանները, գործազրկությունն ու դավաճանությունը, ապա այսօր դրանց ավելացել են նաեւ վիրտուալ եւ ամուսնական գործակալությունների միջնորդությամբ ծանոթությունները։

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթությունները պայմանավորում է այն հանգամանքով, որ մարդիկ չեն կարողանում կյանքում ծանոթություններ հաստատել, եւ կարծում են՝ գուցե այդպես կարողանան գտնել իրենց կողակցին։

«Ամուսնական գործակալության դիմելիս ամուսնալուծության հավանականությունը չի բարձրանում, քանի որ փոխվում է միայն ծանոթության տեսակը, իսկ ընթացքը նույնն է մնում»,- պարզաբանում է Արկադի Մեհրաբյանը։

Իսկ ինչ վերաբերում է վիրտուալ շփման արդյունքում կառուցված ընտանիքներին, Արկադի Մեհրաբյանի հավաստիացմամբ՝ դրանք հետագայում միանշանակորեն չեն կարող ամուսնալուծության պատճառ լինել. «Վիրտուալ հարթակը կարող է ռիսկային լինել միայն այն ժամանակ, երբ զույգերը, իրական շփումը թողած, տարվում են ինտերնետային շփմամբ եւ չեն կարողանում միմյանց ավելի լավ ճանաչել»։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ համացանցում մարդիկ ներկայանում են այն կողմով, որն ի ցույց դնելու ցանկություն են ունենում, եւ բոլոր «մութ» կողմերն այդպես էլ մնում են չբացահայտված. «Կարեւոր է իրականում ճանաչել մարդուն, տեսնել ժեստերը, դիմախաղը, հասկանալ՝ այդ մարդը քեզ ինչպիսի էներգիա է փոխանցում։ Այս ամենը հնարավորինս կօգնի խուսափել կեղծ հարաբերություններից»։

Ամեն ինչ կախված է մարդկանց համատեղելիությունից, տեսակից, խառնվածքից, եւ պետք է քաջ գիտակցել, որ հարաբերություններում կարեւոր են նույնիսկ ամենաչնչին թվացող մանրուքները։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել ամեն ինչ՝ հետագայում համատեղելիության հետ կապված խնդիրներից խուսափելու եւ երջանիկ միություն կազմելու համար. «Հաճախ զույգերը արհեստական ծանրություն են տալիս այն խնդիրներին, որոնք շատ հեշտ լուծելի են իրականում, ուստի՝ պետք է հնարավորինս մեղմ վերաբերվել առաջացած խնդիրներին եւ լինել հանդուրժող՝ երբեք չմոռանալով, որ միությունը ողջ կյանքի համար է եւ ժամանակավոր բնույթ չի կրում»։

Ինչպես ասում են՝ ինչ տեսնում, այն էլ սովորում են․Հոգեբանը վստահ է, որ հատկապես կարևոր նշականություն ունի այն ընտանիքը, որտեղ երիտասարդները մեծացել ու դաստիարակվել են։ Ծնողների միջև հարաբերությունները, ընտանեկան մթնոլորտը, սովորույթները սովորաբար հետագայում որպես օրինակ են ընդունվում երեխաների կողմից:

Անահիտ Մարանջյան

4-րդ կուրս

Կիսվել