ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՅԻՆ ՔՄԱՀԱՃՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԱՅԻՆ ՔՄԱՀԱՃՈՒԹՅՈՒՆ

2567

Մանկապարտեզը նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության հիմնարկ է: Այն գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում: Մանկապարտեզում իրականացվում է ֆիզիկական, մտավոր, գեղագիտական և աշխատանքային դաստիարակություն՝ ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից:                                                                             

Մանկապարտեզում ամենակարևորը դաստիարակի մոտեցումն է երեխաներին, հատկապես քմահաճ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «կապրիզնի» երեխաներին: Քմահաճությունը հիմնականում դրսևորվում է ճաշի ժամանակ, երբ երեխան հրաժարվում է այս կամ այն սնունդից: Սա մի երևույթ է, որի ժամանակ ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան՝ առանց հաշվի առնելու իրադրությունը, հանգամանքները և շրջապատի կարծիքը:

Կան սխալներ, որոնց արդյունքում փոքրիկի մոտ մանկապարտեզի հետ կապված բացասական կարծրատիպ է ձևավորվում: Եվ այդ ամենի արդյունքում երեխան կարող է սթրես ապրել:

Քմահաճության նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից ծնողներին կարելի է բաժանել երեք խմբի: Մի մասը մտածում է, որ պետք է պատժել երեխային. «Էսօր չի ուտի, կմնա սոված, վաղը կուտի»: Մյուս մասը համակարծիք է այն տեսակետին, որ պետք է տանից բերել սնունդը, մինչև երեխան կհամակերպվի մանկապարտեզին և սննդին: Երրորդ խմբի մեջ մտնողները կողմ են խոսքի և հոգեբանական ճիշտ մոտեցման միջոցով երեխային ուտելու անհրաժեշտությունը բացատրելուն: Հոգեբանների մի մասը կամակորությունը համարում է սխալ դաստիարակության արդյունք, իսկ մյուս մասը կարծում է, որ դա մանկական խաղ է և կվերանա ժամանակի ընթացքում: Պարզապես երեխային պետք է տալ որոշակի ազատություն և թույլ տալ, որ ինքը որոշի՝ ուզւոմ է ուտել, թե՝ ոչ:

Չնայած այս տարբեր մոտեցումներին՝ գրեթե բոլոր հոգեբանները կողմ են խոսքի միջոցով երեխային հասկացնելուն: Այս կարևոր խնդրին լուծում առաջարկեց հոգեբան Արկադի Մեհրաբյանը. «Երեխայի մանկապարտեզ գնալը կարևոր է, նույնիսկ՝ պարտադիր: Ծնողը պետք է հասկանա, որ երեխան նոր միջավայր է մտնում, պետք է ծանոթացնի մանկապարտեզի կանոններին: Ծնողները պետք է նախապատրաստեն երեխային: Կարելի է տանը կազմակերպել խաղ, որտեղ ծնողը երեխան է, իսկ երեխան՝ դաստիարակը, կամ հակառակը»:                          

Այն հարցին, թե մանկապարտեզը երեխայի կյանքում ինչ դեր է կատարում, հոգեբանը պատասխանեց, որ մանկապարտեզում է երեխան ձեռք բերում շատ կարևոր սոցիալական հմտություններ: Օրինակ՝ մանկապարտեզում երեխաները սովորում են միմյանց հետ, զարգանում են որպես անհատ, ձեռք են բերում գիտելիքներ և փորձ: Դառնում են ավելի ինքնուրույն:                                                                                                 

Տիկին Ռիման, ով արդեն տասը տարի աշխատում է «Գուլիվեր» մանկապարտեզում, ասում է, որ յուրաքանչյուր երեխայի պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում: Ըստ նրա՝ չկա միատեսակ մեկ մեթոդ կամ մոտեցում, որ կիրառվի բոլոր երեխաների կամակորության դեպքում: Իսկ ինչ վերաբերում է կամակորությանը՝ տիկին Ռիման ասում է. «Էլ ինչ երեխա, որ չունենա կամակորություն»:

Անահիտ Մարանջյան

4-րդ կուրս

Կիսվել