Ժամանցասեր հասարակությունը յուրաքանչյուր երեկո փնտրում է վայր, որտեղ կարելի է լիցքաթափվել և զվարճանալ:Այդպիսի վայրերից մեկն էլ Երևանի Կամերային թատրոնն է, որը միշտ կարողանում է նրբորեն ներկայացնել հումորով համեմված դառն իրականությունը: Որն է գաղտնիքը․ մեզ հետ զրույցում պարզաբանում է թատրոնի բեմադրիչ –ռեժիսոր Լուսինե Երնջակյանը:
– Դուք մեծացել եք թատրոնում, և հետաքրքիր է՝ ի՞նչ է ձեզ համար թատրոնը:
-Մանկությանս մեծ մասը անցկացնելով թատրոնում՝ այն դարձել է ինձ հոգեհեհարազատ մի վայր: Այժմ իմ օրվա մեծ մասը անցկացնում եմ թատրոնում․ սա իմ երկրորդ տունն է:
-Բեմադրել եք բազմաթիվ ներկայացումներ, Ձեր կարծիքով ո՞րն է ամենահաջողված պիեսը:
-Վերջին ներկայացումը, որը բեմադրել եմ, Շեքսպիրի պիեսի հիման վրա է եղել: Ասել է թե՝ Շեքսպիրի կողքին ինչ դրամատուրգ էլ դնես, միևնույն է, Շեքսպիրը հաղթելու է, և դժվար է համեմատականի մեջ դնել իրեն: Փորձենք Շեքսպիրին չդիտարկել այս ցանկում: Շատ կարևոր է, թե պիեսը ինչ ներկայացում է դառնում, օրինակ՝ կարող ենք վերցնել լավ պիես, բայց ի վերջո դառնում է վատ ներկայացում, և հակառակը կարող է լինել: Շատ վատ պիեսները, ի վերջո, դառնում են շատ լավ ներկայացումներ:
-Ձեր հայրը թատրոնի գլխավոր ռեժիսորն է․ որքանո՞վ է նա Ձեզ աջակցում։
-Մենք երկուսս էլ խորհուրդներ ենք տալիս մեկս մյուսին: Հայրս միշտ կարողանում է ճիշտ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, կապ չունի թատրոնում կլինի, թե մեկ այլ գործում: Նույնիսկ, եթե դա ինձ չի վերաբերում, նա կարողանում է այնպիսի ջերմ մթնոլորտ ստեղծել, որ մտքի փոխանակումը տեղի է ունենում:Մենք մեր քննարկումների ժամանակ կարող ենք նույնիսկ վեճի հասնել, ինչից էլ ծնվում է ոսկե միջինը:
-Լուսինե, նկատել ենք որ երիտասարդների հոսքը թատրոն ակտիվացել է․ ի՞նչով է դա պայմանավորված:
-Երիտասարդների հոսքը թատրոն իրոք ակտիվացել է: Մեզ մոտ դա նորմալ վիճակ է: Այն թեմաները, որոնք մենք ներկայացումներում արծարծում ենք բեմից, երիտասարդական են, առօրյա, այսօրվա մասին են և այսօրվա համար:
-Ի՞նչ նոր ներկայացումների սպասի հանդիսատեսը և ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:
Եթե խոսում ենք թատրոնի մասշտաբներով, ապա երեք տարբեր գործ է արվում: Մեկը ես եմ անում, մյուսը՝ Արշալույս Հարությունյանը, մեկն էլ՝ Արա Երնջակյանը: Եվ գալիք տարին մեզ համար բավականին լի է լինելու պրեմիերաներով: Եթե խոսում ենք անձամբ իմ մասին, ապա հիմա ես անում եմ երաժշտական ներկայացում, որը ավելի շատ ժամանցային բնույթ է կրում, շոու ժանրի ներկայացում է: Քանի որ նոր եմ ավարտել «Ռոմեո ու Ջուլետ»ը, որը ծանր բեմադրություն է ստացվել, հիմա ավելի թեթև ժանրի եմ ուզում անդրադառնալ:
Հարցազրույցը՝ Անահիտ Մարանջյանի
4-րդ կուրս