Ապրիլի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի կյանքին ու գործունեությանը նվիրված «Հայոց ռազմի մարգարեն» խորագիրը կրող հանդիպում-դասախոսություն, որը վարեց ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
Գագիկ Գինոսյանն անդրադարձավ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությանը, հայրենասիրական գործունեությանը, պատմեց նրա կյանքից հետաքրքիր դրվագներ և այլ հետաքրքիր փաստեր ու մանրամասներ:
-Մեր պատմության մեջ կան կերպարներ, որոնք անմար փարոսներ են: Նժդեհն այն մարդն է, ով ինձ տարավ մարտի դաշտ և այն միակ զորավարը, ով չավարտվեց իր ճակատամարտերի հետ, այլ հակառակը՝ շարունակվեց և շարունակվում է՝ յուրաքանչյուր սերնդի կռվի հետ մտնելով դաշտ: Գարեգին Նժդեհն այն ամենը, ինչ հասկացավ ճակատամարտում, վերածեց գաղափարախոսության,-իր ելույթում նշեց Գագիկ Գինոսյանը:
Ելույթի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
-Գագիկ Գինոսյանին ամեն ամիս մեկ օր պետք է հատուկ օրեր տրամադրենք, որպեսզի հանդես գա Նժդեհի մասին դասախոսություններով, թեկուզ անսահմանափակ ժամանակով, քանզի մենք ծարավ ենք նման միջոցառումների: Ես ուրախ եմ, որ ներկաների մեջ տեսնում եմ երիտասարդների, և այդ փաստն, իսկապես, ոգևորիչ է,-նշեց Նարեկ Հարությունյանը:
Դասախոսության ավարտին ծավալվեց զրույց-քննարկում:
Սոֆի Սողոյան
4-րդ կուրս