Մայիսի 7-ին տեղի ունեցավ «Հայաստանցի մեծ մայրիկս» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հեղինակ Աննի Ռոմանը և թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը: Գիրքը հրապարակվել է 2019թ․-ին երկլեզու թարգմանությամբ:
Գրքի թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը ներկայացրեց գրքի կարևորությունը, և թե ինչու՞ թարգմանեց հենց այս գիրքը, որը գրվել է հեղինակի մեծ մայրիկի օրագրության հիման վրա: «Վերջերս Թուրքիայի նախագահը հայտարարեց. «Հայե՛ր, բացե՛ք ձեր արխիվները, տեսե՛ք՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ:» Թուրքիայի խորհրդարանի ՀՀ խոսնակ Կարո Փայտյանը Թուրքիայում ասում է. «Ցեղասպանության վկայությունը իմ մեծ Արշալույս մայրիկն է»»։
«Գիրքը շատ դժվար էր թարգմանելը, քանի որ հեղինակը գրող չէր, այլ գրել էր մի տիկին հենց ջարդի ճանապարհին: Այդ դժվարին իրավիճակում, երբ երեխաներ են մահանում, կոտորում են բոլորին, այդ կինը հանել էր նոթատետրը և մատիտով գրառումներ արել: Նա կարծում էր՝ ողջ չի մնալու, և, լինելով հեռատես, պահել էր իր օրագրությունը ապագա սերունդների համար»,-պատմում է Գրիգոր Ջանիկյանը:
Հուսահատված ծնողները աղջկան հանձնել են թուրքերին, որպեսզի փրկվի: Ամեն օր թուրք զինվորները եկել, հարցրել են, թե հայ կա՞ իրենց տանը թաքնված, և սպառնացել, որ գտնելու դեպքում իրենց էլ են մորթելու, հային էլ: Այդ ժամանակ մեծ մայրիկը նկուղում թաքնված կարդացել է Տոլստոյ, Բալզակ և այլ դասական հեղինակների: Իր օրագրի վերջին էջում գրել է, թե ինչ ստեղծագործություններ է ընթերցել, և հավելել. «Այսքան գիրք կարդացի, բայց մեր ազգի փրկությունը չգտա»:
Մասնակիցները կարդացին մեծ մայրիկի մատիտով գրի առնված փաստերը։ Հատուկ ընթերցվեցին հենց այդ հատվածնրը, այլ ոչ թե գրքից մեջբերումներ, քանի որ դրանք հստակ վկայություններ են, և ապացույց աշխարհին, որ եղել է Հայոց Մեծ Ցեղասպանություն:
«Այս գիրքը սովորական գիրք չէ, այլ մեր ազգի արդար պահանջատիրությունը: Այն մեր այսօրվա «զինվորն» է, որ պետք է կռվի հանուն ճշմարտության և մարդկային արդարության»,-ասում է թարգմանիչը:
Ոսկեհատ Վարդանյան
4-րդ կուրս