ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

1473

   «Հոդված 3» ակումբը կազմակերպել էր «Սոցիալական արդարության ֆինանսավորում» թեմայով միջոցառում:   «Հոդված 3» ակումբը ստեղծվել է 2017թ․-ին տարբեր շահառուների համախմբման արդյունքում: Այս պահին նախաձեռնությանը անդամակցում են ինը կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, ուսուցիչներ և բազմաթիվ ուսանողներ: Նախաձեռնությունը 2018թ․-ին որոշում է խրախուսել անհատ հետազոտողներին, ովքեր  կատարում են հետազոտություններ հետևյալ չորս հիմնական սկզբունքների շրջանակներում․

1.Քննադատական մտածողություն

2. Կրթության իրավունք

3.Սոցիալական արդարություն

4.Մասնակցություն։

 Հետազոտության հայտարարման շրջանակներում ստացված 100 հայտերից երկու փուլի արդյունքում ընտրվել են 16 մասնակիցներ, ովքեր շուրջ երկու ամիս ուսումնասիրություն են կատարել Հայաստանում նշված չորս ոլորտների շրջանակներում:

  Հաղորդումը վարեց կրթական քաղաքացիական նախաձեռնության, բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության կրթական ծրագրի անդամ Լիլիթ Նազարյանը, ով հանդես եկավ բացման խոսքով.

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը իր ստեղծման օրվանից մինչ օրս մի քանի թեմատիկ ուղղություններով է առաջնորդվում, և ամենակարևորագույն թեմաներից է կրթության ոլորտում սոցիալական արդարության և ներառականության սկզբունքի խթանումը։ Սրա անբաժանելի մասեր են համարվում առկա սահմանափակ ռեսուրսների բաշխման և ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության խնդիրները: Ընտրված երկու հետազոտողները կփորձեն վերլուծել, թե ինչպես է կրթության համակարգում բաշխվում և վերաբաշխվում առկա ֆինանսական ռեսուրսները և որքանով են դրանք արդյունավետ:

Առաջին զեկույցը «Ռեսուրսների արդյունավետ վերաբաշխում կրթության ոլորտում․ սոցիալական արդարության բարելավման հենք» թեմայով հանդես եկավ ԵՊՀ կառավարման ամբիոնի դոցենտ Վարդուհի Գյոզալյանը: Նրա խոսքով՝ կրթության որակի ապահովման համար նախատեսված է  նախնական և միջին բարեփոխումներ 154,694,20 հազ. ՀՀ դրամի սահմաններում, սակայն այստեղ հստակ չէ, թե խոսքն ինչ բարեփոխումների մասին է:

  Իր հետազոտությամբ հանդես եկավ նաև Նունե Դավթյանը, ով դասախոս է Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Նրա զեկույցի թեման էր՝ «ՀՀ հանրակրթության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրները սոցիալական արդարության ապահովման տեսանկյունից»:

Տիկին Դավթյանը նշեց, որ համաձայն կառավարության որոշման՝ ամեն տարի ՀՀ ֆինանսների և ՀՀ կրթության ու գիտության նախարարների համատեղ հրամանով որոշվում են, ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցների արժեքները՝ ելնելով ընթացիկ ցուցանիշներից: Մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը 124000 ՀՀ դրամ է: Նա առաջարկում է մշակել, ընդունել և կիրառել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման բանաձևի Սգ և Պգ գործակիցների հաշվարկման հստակ և թափանցիկ մեթոդաբանություն:

 Զեկույցների ներկայացման ընթացքում հնչեցին մի շարք հարցեր, եղան տարբեր քննարկումներ և թեժ բանավեճեր հետազոտողների և ներկա գտնվողների միջև:

Ոսկեհատ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել