ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏ Է, ՈՐԸ ՍՏԻՊՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏ Է, ՈՐԸ ՍՏԻՊՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

1183

Հովհաննես Գևորգյանը մանկավարժ է, դպրոցում զինղեկ է աշխատում, ապրիլյան քառօրյայի կամավորներից է։

«Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ մանկավարժ դարձա, առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ։ Եթե մանկությունս անցներ հաշտ ու խաղաղ, դժվար թե ընտրեի այս ճանապարհը»,- ասում է Հովհաննեսը:

Նրա մանկության հուշերում մնացել է Արցախյան ազատամարտը: «Երեխա էի, աշխարհի բոլոր երեխաների նման, սովորական չարաճճի տղա, աշխույժ, սիրում էի զենքերով խաղալ, անգամ ինքնաշեն մինամյոտ (ականանետ) էի սարքել (ծիծաղում է-հեղ): 90-ականներին սկսվեց Արցախյան շարժումը, հայրս հրամանատար էր: Արարատի մարզից կամավորներ էին հավաքում ու մեկնում Արցախ: 12-13 տարեկան էի, ամեն անգամ, երբ հայրս գալիս էր տուն, խնդրում էի, որ ինձ էլ տանի, չէր համաձայնվում, բարկանում էի, ինչեր ասես՝ չէի անում, որ ինձ իրենց հետ դիրքեր տանեն, անգամ մեքենայի անիվներն եմ ծակել»,- հիշում է Հովհաննեսը:

Զենքերն իրեցն նկուղում էին պահում, լիցքավորում եւ լիցքաթափում։ Զինղեկի խոսքով՝ ինքը կողքից օգնում էր: «Տղերքը որսորդական հրացաններով էին գնում կռիվ, իմ տեսած ամենաթույն զենքը էդ տարիքում դա է եղել։ Շատ բաներ եմ տեսել՝ ոնց են զոհված տղերքի դիակները բերում, ծանոթ դեմքեր էլ կային նրանց մեջ, ոնց էր հայրս ընկերների հետ նստած խոսում տիրող իրավիճակի մասին, բայց չէին կոտրվում, վերջում նայում էին ինձ ու ժպիտով ասում, որ ամեն բան լավ է լինելու»,- պատմում է նա:

2016-ին, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, մտածում էր՝ միայն թե այս ամենը շուտ ավարտվի, չծավալվի ու նոր սերունդը չզգա այն, ինչ ինքն ու իր հասակակիցներն են ապրել։ «Ես ապրիլյանին կամավոր գնացի։ Հարցնում էին՝ ինչու՞ ես գնում, զարմանում էի հարցից, եթե ոչ ես, էլ ուրիշ ո՞վ: Ես գնացել եմ, որ թշնամին չկարողանա մոտենալ մեր սահմանին, գնացել եմ, որ օրինակ լինեմ իմ աշակերտի, իմ երեխայի համար։ Մեր պատմության ամեն էջը մի հրաշալիք է, թողնենք, որ էդ հրաշալիքը աղավաղվի՞: Ինձ նման հարյուրավորներն էին գնացել։ Պատերազմը մարդածին աղետ է, որի «շնորհիվ» մարդիկ գնահատում են հայրենիքը»,- ասում է Հովհաննես Գեւորգյանը:

Նրա աշակերտներից Սյուզաննայի խոսքով՝ ընկեր Գևորգյանը աշակերտների մեջ մարտական ոգի ու հայրենասիրություն է սերմանում: «Քառօրյա պատերազմի ամեն դրվագ այնքան պատկերավոր է ներկայացնում, որ քեզ թվում է՝ դու էլ կանգնած ես եղել նրա կողքին պատերազմի դաշտում»,- ասում է Սյուզաննան:

«Աշակերտներիս միշտ մի բան եմ ասում՝ երբեք չպետք է թողնենք, որ հակառակորդը դիպչի մեր սրբությանը, իսկ մեր առաջին սրբությունը մեր հողն է, մեր նախնիների շիրիմներն են»,- խոսքը եզրափակում է զինղեկ Գեւորգյանը:

Անյա Սարկիսովա

2-րդ կուրս

Կիսվել