Տվյալ պահին ՀՀ-ում հաշմանդամության կարգ ունեցող անձանց թիվը կազմում է 191.894: Հաշմանդամության պատճառ կարող են լինել մանկուց հիվանդությունը, ընդհանուր հիվանդությունը, մասնագիտական հիվանդությունը և այլ դեպքեր։ Հաշմանդամության խումբը տրվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին և դասակարգիչներին համապատասխան՝ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից։ Այս հանձնաժողովները, համաձայն կառավարության 276-Ն որոշման, օժտված են անկախ փորձաքննության իրականացման հնարավորությամբ և վերահսկողական մեխանիզմների ոչ բավարար լինելու պատճառով շատ հաճախ դրսևորում են կամայականություններ՝ առաջացնելով դաշտում կոռուպցիոն ռիսկեր։
Արագածոտնի մարզի բնակչուհի 47-ամյա Սուսաննա Հ.-ն պատմում է, որ 2012 թ.-ից սկսած ստանում է հաշմանդամության կարգ և յուրաքանչյուր տարի փորձաքննություն անցնելիս իրենից պահանջել են մեկ ամսվա հաշմանդամության կենսաթոշակը. «Ում մոտ, որ տանում էինք մեր փաստաթղթերը ներկայացնելու, ասում էր, որ հանձնաժողովի նախագահն է ուզել։ Փողը փոխանցելու տարբեր ձևեր կային. կարող էինք թողնել և´ իր մոտ, և´ անձնագրի մեջ դնելով՝ փոխանցել հանձնաժողովի անդամներին, որոնք հետո իրենց մեջ բաշխում էին»։ Հարցին, թե ինչու երբևէ խնդրի մասին չի ահազանգել, պատասխանում է, որ վախեցել է հանձնաժողովի քինախնդրությունից և որ կզրկվի հաշմանդամության կենսաթոշակից, բայց մոտեցումը նախորդ տարի կտրուկ փոխել է. «Հերթական փորձաքննության ժամանակն էր, նորից ինձնից գումար ուզեցին, բայց այդ անգամ հստակ որոշել էի, չէի տալու. հեղափոխությունը հո՞ իզուր չէր եղել։ Ասացի, որ աղմուկ կբարձրացնեմ, իրենք էլ ստիպված յոթ տարվա մեջ առաջին անգամ առանց «մաղարիչի» կարգ տրամադրեցին»։
Նախորդ տարվա համեմատ հաշմանդամության կենսաթոշակ ստացողների թիվը կրճատվել է մոտ ութ հազարով, ինչը «ՈՒնիսոն» հկ-ի նախագահ Արման Ալավերդյանի կարծիքով տարօրինակ է. «Մեկ տարվա ընթացքում ո՞նց է հնարավոր, որ միանգամից 8 հազար մարդ առողջանա։ Հատկապես վերջին տարիների համատարած կամայական կրճատումները նպատակ ունեն խնայելու պետական ռեսուրսները, ինչը հասարակության խոցելի խմբերի ներկայացուցիչների հաշվին անելը այնքան էլ արդար չէ»։
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Բելլա Հովհաննիսյանը, սակայն, լիովին բացառում է ԲՍՓՀ-ների կողմից կամայականությունների դրսևորումը և նշում, որ հաշմանդամության կարգի տրամադրման և համապատասխան կերպով դադարեցման գործընթացները իրականացվում են բացառապես օրինական և օբյեկտիվ հիմքերով։ Արմավիրի մարզի բնակչուհի 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Արմինե Ռ.-ն բնավ համամիտ չէ գործընթացի օրինական և օբյեկտիվ բնորոշմանը, որի համար ունի իր սեփական պատճառները. «Այս տարի լրացավ հաշմանդամության կենսաթոշակ ստանալուս ինը տարին, յոթ տարի ստացել եմ 2-րդ, երկու տարի՝ 3-րդ կարգ, այս տարի գնացի փորձաքննության, հանձնաժողովի նախագահը նայեց մատանուս, հագուկապիս ու որոշեց, որ հաշմանդամության կարգ ինձ այլևս պետք չի, մինչդեռ էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներս խորացել էին»։ Հարցին ի պատասխան, թե ինչպես, այնուամենայնիվ, չի զրկվել հաշմանդամության կարգից, ասում է ամուսինը, ով ոստիկան է, բուժհաստատությունում աղմուկ է բարձրացրել անօրինության դեմ և ի վերջո կարգի տրամադրման դադարեցումը չեղարկվել է։
Կուռուպցիոն ռիսկերի հետ կապված ԲՍՓԳ պետի ժամանակավոր պաշտոնակատար Բելլա Հովհաննիսյանը նշում է, որ կոռուպցիոն ռիսկեր կան գրեթե բոլոր դաշտերում, այն արմատացած է մարդկանց գիտակցության մեջ, և վերահսկողության ոչ բավարար մեխանիզմների առկայության դեպքում չենք կարող արձանագրել դաշտում կոռուպցիոն ռոսկերի հիմնովին բացակայությունը։ Խնդրի հնարավոր լուծման վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ավելի վաղ նշել էր, որ համակարգում սպասվում են փոփոխություններ. «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները կձևավորվեն պատահականության սկզբունքով, ամեն տարի հանձնաժողովում նույն մարդիկ չեն լինելու։ Դա նպաստելու է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»։
Այն շահառուները, որոնք ենթադրաբար անօրինական կերպով զրկվել են իրենց հասանելիք հաշմանդամության կարգից, կարող են բողոքարկել տարածքային հանձնաժողովի փորձաքննական ոդոշումը՝ վերադասության կարգով դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Բելլա Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ շատ քիչ դեպքերում է վերափորձաքննություն նշանակվում և ըստ էության ԲՍՓՀ-ների սկզբնական որոշումները չեն բեկանվում։ Սրանով, սակայն, չի ավարտվում շահառուի բողոքարկման հնարավորությունը, քաղաքացին իրավունք ունի բողոքարկելու փորձաքննական որոշումը դատական կարգով ևս։ Ինչպես տեղեկացանք այս թեմայի առնչությամբ մինչ այժմ դատական նախադեպ չի արձանագրվել։
Ռիմա Գրիգորյան
2-րդ կուրս