ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂԸ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂԸ

1701

Ոտք եմ դնում գյուղ՝ գիտակցելով, որ թշնամին գտնվում է մի քանի կմ հեռավորության վրա։ Սրտումս իսկապես վախ կար, բայց հպարտության և հայրենասիրության զգացումը հաղթում էր այդ վախը։ Հարց է առաջանում, ինչպե՞ս են Խաչիկցիները հաղթահարում վախի մթնոլորտը։ Զրուցելով գյուղացիների հետ՝ հասկացա, որ եթե ամուր և հպարտ կանգնած ես քո հողի վրա, ապա այդ վախ կոչվածը չի կարող գլուխ բարձրացնել։

Գյուղը հիմնադրվել է անհիշելի ժամանակներից։ Գյուղում կա 5-րդ դարում կառուցված վանք՝ Խոտակերացը և ըստ դրա ենթադրվում է, որ գյուղը գոյություն է ունեցել այդ ժամանակվանից։ Գյուղը գտնվում է բարձրավանդակի վրա․ երևի թե հին ժամանակներում բարձր տեղ ապրելը ավելի ապահով է եղել, և դրա համար այս բարձունքում հիմնել են բնակավայրը։

Նախիջևանի սահմանից ոչ շատ հեռու գյուղը՝ Խաչիկը, կարծես մի փոքրիկ օազիս լինի սարերի և լեռների մեջ։ Գյուղի բնակչությունը իսկապես քիչ է։

Խաչիկ գյուղի գյուղապետը ասում է, որ բնակչության թիվը, ցավոք սրտի, գնալով պակասում է։ «Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ գյուղի երիտասարդները, ավարտելով դպրոցը, ընդունվում են բուհեր և, մասնագիտություն ձեռք բերելով, այլևս ետ չեն գալիս։ Չեմ կարծում, որ արտագաղթի պատճառ կարող է հանդիսանալ գյուղի սահմանամերձ լինելը»։

«Գյուղացին պետք է հիմնականում զբաղվի գյուղատնտեսությամբ։ Այն երիտասարդը, ով ստանում է բարձրագույն կրթություն, պետք է կարողանա իր գիտելիքներով օգուտ տալ գյուղին։ Բայց, ցավոք սրտի, գյուղում չկա նման հնարավություն, և բոլորը մշակում են ավանդական ձևով։ Իհարկե, մեզ համար էլ հաճելի չէ այդքան մեծ ֆիզիկական աշխատանք ներդնել և օգուտ չունենալը»,- ասում է գյուղապետը։

Գյուղում լիարժեք ապրելու և լավ եկամուտ ունենանլու համար գյուղացին ինքնուրույն պետք է ստեղծի և ներդնի, բայց, ցավոք, հնարավորություն չունի։ Պետության աջակցությունը պետք է լինի, որպեսզի բնակիչները ոտքի կանգնեն և սկսեն ստեղծել իրենցը։

«Հիմա պետք է գնանաք մեխանիզացված գյուղատնտեսության։ Ինձ թվում է, որ դա կխթանի, որպեսզի երիտասարդությունը ետ գա գյուղ և զբաղվի թե՛ անասնապահության, թե՛ այգոգործության աշխատանքներով։ Գործարաններ ստեղծելու և դրանք արդյունավետ աշխատեցնելու համար պետք է ունենանք հումք։ Օրինակ՝ գյուղում տասը տոննա ծիրան ենք ստանում, դրա համար ի՞նչ գործարան հիմնես։ Պետք է լինի մոտ 50 կամ 100 տոննա, որ կարողանանք գործարանը աշխատեցնել»։

Գյուղապետը ասում է, որ սահման պահող գյուղին, նաև պետությունն է օգնություն ցույց տալիս․ «Հողի հարկերից ազատված ենք, ջուրը զեղչված է և մոտ 700 կվտ անվճար հոսանք է տրվում։ Այս օգնությունը ես շատ եմ համարում, քանի որ այսօր յուրաքանչյուր ոք պարտավորված է իր աշխատանքով պետությունը պահել, այլ ոչ թե՝ հակառակը»։

Գյուղում ապրում են աշխատասեր և եռանդով լեցուն մարդիկ։ Ապրում են այն մարդիկ, ովքեր գիտեն, որ Հայաստանից բացի իրենց համար ուրիշ երկիր չկա, ապրում են այն մարդիկ, ովքեր դեմ-դիմաց կանգնած են թշնամու առջև և գիտեն, որ գյուղից անգամ մի հոգի էլ հեռանա, սահմանում մեկ սահմանապահ զինվոր կպակասի։

Խաչիկ գյուղի բնակիչ Ալյոշայի հետ խոսելով՝ հասկանում եմ, որ Խաչիկցիների համար թշնամու կրակոցը չի կարող գյուղից դուրս գալու պատճառ հանդիսանալ․ «Ասեմ, որ գյուղի սահմանամերձ լինելը կապ չունի բնակչության նվազման հետ, հակառակը՝ բոլորը սիրում են գյուղը, և ընդհանրապես վախի մթնոլորտ չկա։ Երիտասարդությունը հիմնականում աշխատանք չլինելու պատճառով է, որ դուրս են գալիս գյուղից»։

Ալյոշան, խոսելով գյուղի խնդիրների մասին, ասաց, որ ամենամեծ խնդիրը այսօր ոռոգման ջուրն է․ «Ոչ թե ձրի, այլ շատ ոռոգման ջուր է պետք։ Եթե ոռոգման ջուրը չպակասի, ամեն ինչն էլ լավ կլինի»։

Իսկ հարցին, թե գյուղի տղամարդիկ արտագնա աշխատանքի շատ են մեկնում, թե ոչ, Ալյոշան ասաց, որ գյուղում մի քանի ընտանիք է, ովքեր ապրում է դրսի գումարով․ «Հիմնականում գյուղում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, և քանի որ գյուղը սահմանապահ է, մեծամասնությունը անցել են պայմանագրային զինծառայության»։

Իսկ վերջում հպարտությամբ նշում է, որ իրենց տանից երեք հոգի ծառայում են, երկուսը պայմանագրային, իսկ մյուսը՝ ժամկետային զինծառայող է։

Այսպիսին էր Խաչիկը՝ իր անկեղծ, հյուրասեր և հայրենասեր գյուղացիներով։

Մերի Միքայելյան

2-րդ կուրս

Կիսվել