2018 թվականին նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել է Տեղեկատվության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների թիվը։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տրամադրած տվյալների՝ 2018-ին ստացված բողոքների թիվը կազմել է 109, մինչդեռ 2017-ին՝ ընդամենը 46։
Այս փաստն անհանգստացրել է Մարդու իրավունքների պաշտպանին, մյուս կողմից` պաշտպանի կարծիքով, բողոքների թվի ավելացումը կապված կարող է լինել հարցումների թվի ավելացման հետ: «Նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո պետական մարմիններն աշխատում էին մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ դրան զուգահեռ աճում էր քաղաքացիների կողմից ուղարկված հարցումների թիվը»,- ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ապագա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արման Թաթոյանը: Ըստ Թաթոյանի` անհանգստացնող է հատկապես լրագրողների հարցումներին ոչ պատշաճ պատասխաններ տալու հանգամանքը:
Իր վերջին հայտարարություններից մեկում Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ «պետական մարմինները լրագրողին օրինավորության բարեխղճության կանխավարկածով պետք է վերաբերվեն»:
ՄԻՊ 2018 թվականի տարեկան զեկույցի համաձայն` 2018 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում 45 բողոքների մեծ մասն ուղղված է եղել Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Հայաստանի ազգային արխիվի, Կառավարության աշխատակազմի դեմ, իսկ հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում 64 բողոքների մեծ մասն ուղղվել է Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ոստիկանության, Արդարադատության նախարարության մարմինների, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայության դեմ:
«Կա կարծրատիպ, որ լրագրողը խոչընդոտում է պետական մարմնի աշխատանքը, և այդ մոտեցումը պահպանվում է, ինչը պետք է փոխել»,-նշել է Թաթոյանը՝ հավելելով,որ միաժամանակ կարևոր է նաև լրագրողի պրոֆեսիոնալիզմի մակարդարդակի բարձրացումը։
Հայաստանում Տեղեկատվության ազատության վիճակին հետևում է նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը։ Ուսումնասիրելով ակումբի հետազոտություները` պարզ է դառնում, որ պետական մարմինների՝ հարցմումներին չպատասխանելը կապված է հիմանականում պարտականությունների մասին իրազեկված չլինելու և անհրաժեշտ գիտելիքներ չունենալու հետ:
Հետաքրքրական է` ակումբի կողմից անցկացված մոնիթորինգի ընթացքում եղել են դեպքեր, երբ համայնքապետերն իմանալով իրենց հասցեգրված նամակի մասին, հրաժարվել են այն վերցնել փոստատարից:
Սրա և այլ դեպքերի պատճառն, ըստ ակումբի, սեփական աշխատանքի նկատմամբ ոչ բավարար պատասխանատվություն ունենալն է:
Համաձայն ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ուսումնասիրության՝ 2018 թվականին անպատասխան են մնացել հարցումների մոտ 54%-ը։ Թերի պատասխան է տրվել հարցումների մոտ 15 տոկոսին։ Լիարժեք պատասխան ստացել են միայն 31 տոկոսը։ 2017-ին, սակայն, լիարժեք պատասխան ստացել են հարցումների միայն 17,5 տոկոսը։ Անպատասխան են մնացել մոտ 73 տոկոսը, իսկ 10 տոկոսը ստացել է թերի պատասխան։
Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող հիմնական կառույցը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սակայն, վերջին մի քանի տարիներին ստանում է գրեթե կայուն քանակով բողոք-դիմումներ։ Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի համար զարմանալի է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների թվի նման աճը: Նա նշում է, որ իրենք ստանում են ամսական 40-50 դիմում-բողոք. «Մեզ ուղղված բողոքների քանակում մեծ տարբերություն չկա: Տարեկան ունենում ենք 500 և ավելի բողոք․ դժգոհ մարդիկ միշտ էլ կան»,- նշում է Դոյդոյանը։
Անի Ն. Ավետիսյան
2-րդ կուրս