ԱՐԻ ԳՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԻ ԳՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ

4331

Առողջարանային, էքստրեմալ, կրոնական ու գյուղական։ Հայաստանում յուրաքանչյուրը կգտնի տուրիզմի իրեն հետաքրքրող  տեսակը։

Ուկրաինական UKR.media լրատվամիջոցը Հայաստանը ներառել է հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ 7 երկրների շարքում։ Վերջին մի տարում էլ զբոսաշրջությունը Հայաստանում աճել է 10.5%- ով։

Կախված սեզոնից, հյուրանոցի աստղերի քանակից` երկտեղանոց համարի արժեքը Երևանում տատանվում է 17- 74, իսկ մարզերում` 12- 70 հազար դրամի սահմաններում` ներառյալ մեկանգամյա սնունդ։ Այլընտրանքային տարբերակ է արձակուրդի ընթացքում բնակարանի կամ տան վարձակալությունը ։ Հայաստանյան հանգստավայրեր կարող են հասնել երթուղային ավտոբուսներով կամ անձնական մեքենայով։ Կարելի է նաև վարձել ավտոմեքենա կամ հեծանիվ, ամրագրել մոտոցիկլետ, սկուտեր կամ կվադրոցիկլ։

Հայաստանում առավել հայտնի առողջարանային կենտրոններ են  Ջերմուկը, Աղվերանը, Արզնին։ Առհասարակ Հայաստանը բժշկական  հանգստի տեսանկյունից բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Առողջարանային տուրիզմից զատ Հայաստանում զարգանում են նաև պլաստիկ վիրահատություններն ու ատամնաբուժական տուրիզմը։

Տաթևի ճոպանուղին, Խնձորեսկի կախովի կամուրջն ու «Zeepline»-ը կգրավեն էքստրիմի սիրահարներին։ Ակտիվ հանգիստ սիրողներին սպասվում է  «Էքստրիմ» սպորտի պարկը Տավուշի մարզում։ Հայաստանում գործում է նաև «Rafting» (լողարկում) Ձորագետ, Քասախ ու Դեբեդ գետերում։

Վերջին շրջանում Հայաստանում տարածում է գտել գյուղական տուրիզմը։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իսկական գյուղացիների նման պատրաստել տեղական ուտեստներ, սովորել ավանդական արհեստներ, մեկնել քայլարշավի ու ձիարշավի, զբաղվել ձկնորսությամբ, մասնակցել տոնածիսական արարողակարգերի։ Գետիկ գյուղում, օրինակ, գյուղական տուր փաթեթը 2-3 անձի համար արժե 14000 դրամ։

Զբոսաշրջիկներին Հայաստանում գրավում են շարունակական դարձած փառատոները։ Տարվա ընթացքում Հայաստանի տարբեր հատվածներում անցկացվում են 30-ից ավելի ավանդական փառատոներ` խորովածի, ազնվամորու, տոլմայի, գարեջրի, գինու և ոչ միայն։

Ամեն տարի Հայաստան այցելողը կգտնի նոր ու հետաքրքիր տարբերակներ իր հանգիստը վայելելու համար, իսկ առաջին անգամ Հայաստան եկածներին տուրիստական ընկերությունները առաջարկում են վեցօրյա շրջայց Հայաստանի տեսարժան վայրերով, որը կարժենա 420000 դրամ 2-3 անձի համար։

Լիլիթ Հովսեփյան
2-րդ կուրս

Կիսվել