Տեխնիկան օր-օրի զարգանում է՝ իր հետ բերելով մի շարք խնդիրներ: Յուրաքանչյուրիս շրջապատում էլ կա մեկը, ով կախվածություն ունի համակարգչից կամ հեռախոսից: Սակայն խնդիրն առավել տագնապալի է, երբ երեխաներն են դրա զոհը դառնում:
13-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը գիտակցում է, որ ինքը նույնպես տեխնիկայի զոհ է դարձել և կարծում է, որ իրեն կարող է օգնել միայն մասնագետը. «Ես շատ լավ հասկանում եմ, որ կախվածություն ունեմ, բայց, ի՞նչ արած, ինքս ինձ չեմ կարողանում փոխել: Դասի ժամին հեռախոսները հավաքում են, և ես անհամբեր րոպեներն եմ հաշվում, թե երբ է դասն ավարտվելու, որ հեռախոսս վերցնեմ ու խաղ խաղամ կամ ինտերնետով կինո նայեմ: Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի գալիս, բայց դե չեմ կարողանում, ինձ թվում ա միայն մասնագետը ինձ կօգնի»: Ռոբերտի մայրը` Արմինե Մեսրոպյանը, խոստովանում է, որ երեխան հանուն խաղերի վերջերս նույնիսկ խաբում է իրեն. «Ամբողջ օրը համակարգչի առաջ նստած է, ուրիշ ոչնչով չի զբաղվում, անգամ հաց չի ուտում: Վերջին ծնողական ժողովի ժամանակ պարզվեց, որ նաև ստում է` ասելով, թե հանձնարարություն չեն տվել, ու ոչինչ չի անում: Հիմա ինքն էլ է հասկանում, որ կախվածության մեջ է ընկել: Մտածում ենք՝ երևի հոգեբանի դիմենք»:
Հովսեփ Բաբայանը մասնակցել է «Թումո» կենտրոնի դասընթացներին: Պատմում է, թե ինչպես են ստեղծվում երեխաներին այդքան գրավող խաղերը. «Խաղ ստեղծելու ամենակարևոր փուլը խաղի աշխարհ ստեղծելն է: Նույնիսկ ամենահասարակ թվացող խաղերը մեծ ջանքեր ու ժամանակ են պահանջում: Լավագույն խաղերը կառուցվում են այնպես, որ խաղացողը նույնիսկ մի քանի անգամ պարտվելուց հետո չձանձրանա և փորձի ամեն կերպ հաղթահարել տվյալ աշխարհը: Խաղ ստեղծողների հիմնական նպատակն է ՝ երեխաներին գցել կախվածության մեջ, որպեսզի նրանք չձանձրանան տվյալ խաղից, և շարունակ խաղալու ցանկություն ունենան»:
Ուսուցչուհի Քրիստինե Խաչատրյանը պարզաբանում է, որ խաղային կախվածությունն ուղղակիորեն ազդում է նաև երեխաների ուսման առաջադիմության վրա. «Ես կարճ ժամանակ է, ինչ աշխատում եմ որպես ուսուցչուհի, բայց արդեն նկատել եմ շատ երեխաների մոտ կախվածություն բջջային հեռախոսներից և սոց հարթակներից : Այդպես երեխաները դառնում ավելի ագրեսիվ, ցրված, ինչը դասի ժամանակ նկատելի է դառնում : Երեխաները չեն կարողանում կենտրոնանալ իրենց դասերի վրա, սկսում են վատ ընկալել դասավանդվող նյութը: Հաճախ ծնողների ոչ ճիշտ մոտեցումը , օրինակ `արգելքը, վատթարագույն վիճակի է հանգեցնում, ընդհուպ՝ երեխաները անգիր են անում իրենց դասերը, որպեսզի արագ անցնեն խաղերին»:
Թե ինչով է պայմանավորված երեխաների կախվածությունը համակարգչից և համակարգչային խաղերից և ինչպե՞ս կարող են խուսափել այդ խնդրից, պարզաբանեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս՝ Տիգրանուհի Աճեմյանը. «Ժամանակակից մարդու, հատկապես երեխաների հոգեկանի զարգացման և վարքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն համացանցն ու համակարգիչները: Ինչպես ցանկացած խաղ, վիրտուալ խաղերը նույնպես ունեն յուրահատուկ գրավչություն: Տեղափոխվելով երևակայական, վիրտուալ աշխարհ՝ երեխան խաղի մեջ որոշ չափով կորցնում է ռեալության և ժամանակի զգացողությունը: Համակարգչային խաղի մեջ երեխան կարող է ունենալ նաև ամենակարողության և անպարտելիության զգացում:
Ըստ որոշ հետազոտությունների՝ երեխաներն այսօր հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջինում 3-ից մինչև 10 և նույնիսկ ավելի ժամ, ինչը, բնականաբար, անհետևանք չի կարող լինել:
Երեխաները, ովքեր երկար ժամանակ են անցկացնում վիրտուալ տիրույթում, կորցնում են իրական շփումներ ունենալու հնարավորությունը, ինչի հետևանքով բավարար չափով չեն զարգանում նրանց սոցիալական հմտություները: Նման երեխաները կարող են մեկուսանալ, ունենալ ցածր ինքնագնահատական, բարձր տագնապայնություն և այլն: Համակարգչային կախվածություն ունեցող երեխայի մոտ խնդրի է՛լ ավելի խորացումից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանափակել երեխայի համակարգչային գործունեությունը՝ այն փոխարինելով իրական շփումով, ընտանեկան ժամանցով, սպորտային կամ այլ խաղերով, տարբեր խմբակների հաճախելով և այլն»: Հոգեբանը ծնողներին խորհուրդ տվեց նախևառաջ սահմանափակել երեխայի համակարգչային գործունեությունը՝ միաժամանակ երեխայի համար ապահովելով այլ՝ ոչ պակաս հետաքրքիր օֆլայն գործունեություն. «Շատ հաճախ զբաղվածության կամ երեխայի խնամքն ու իրենց առօրյա գործունեությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով՝ ծնողները չեն վերահսկում համակարգչի օգտագործումը երեխաների կողմից: Երբեմն նույնիսկ ծնողն ինքն է խթանում, որպեսզի երեխան դեռևս վաղ մանկությունից սկսի օգտվել համակարգչից, պլանշետից կամ սմարտֆոնից՝ միացնելով երեխայի համար մուլտֆիլմ, հիմնականում օտարալեզու՝ անգլերենով կամ ռուսերենով, որպեզի երեխան ուշադրությունը կենտրոնացնի մուլտֆիլմի վրա և «չխանգարի» մայրիկին զբաղվել առօրյա գործերով և հոգսերով: Կոպիտ ասած՝ երեխայի դաստիարակության գործընթացը փոխարիվում է ցածրորակ մուլտֆիլմեր դիտելով: Կարելի է երեխայի հետ միասին կազմակերպել ընտանեկան ժամանցը, միասին տարբեր խաղեր խաղալ թե՛ տանը, թե՛ բնության գրկում, ինչը կնպաստի ծնող-երեխա հուզական կապի ամրապնդմանը:
Օֆելյա Պողոսյան
2-րդ կուրս