«Անլուծելին՝ լուծելի»

«Անլուծելին՝ լուծելի»

3296

Շուրջ 40.000 բնակիչ ունեցող Երևանի արբանյակը ՝ քաղաք Աբովյանը, երբեմն նաև անվանում են «հյուսիսային դարպաս», քաղաքն այս անունը ձեռք է բերել յուրահատուկ աշխարհագրություն ունենալու շնորհիվ: Կանաչ, մաքուր, գեղեցիկ այս քաղաքը իր յուրահատկությունների կողքին ունի նաև շատ խնդիրներ մյուս քաղաքների պես, բայց այստեղ խնդիրներն այնքան էլ անլուծելի չեն, դա էլ ` շնորհիվ յուրահատուկ քաղաքացիների, ովքեր կարծում են, որ անընդհատ խնդիրներից դժգոհելու փոխարեն, պետք նաև դրանք լուծելու ճանապարհներ գտնել: Հենց այսպես էլ որոշեց և սկսեց գործել Աբովյանի հավատարիմ բնակիչ Արտաշ Պողոսյանը, ով մի օր հասկացավ, որ խնդիրները լուծելու ճանապարհներ ինքն էլ կարող է գտնել: Մտածեց, որոշեց, և սկսեց գործել. հենց այդպես էլ ծնվեց քաղաքի երթևեկության խնդիրը որոշ չափով լուծող՝ « Աբովյան անվճար տրանսպորտ» խումբը: «Քաղաքի խնդիրները լուծելու համար շատ երկար ժամանակ է պահանջվում, բայց մենք, որպես քաղաքացիներ, պետք է մեր իշխանություններին օգնենք, որ այդ խնդիրները լուծեն, և ինչ կարող ենք մեր կողմից անենք խնդիրների լուծմանը նպաստելու համար»,-նշում է Արտաշը: Խմբի հիմնադիրի խոսքով տրանսպորտի խնդիր ամեն տեղ կա, սկսած Երևանից մինչև մարզեր.Աբովյանն էլ բացառություն չէ: Վատ աշխատող տրանսպորտ, վատ վիճակում գտնվող մեքենաներ, ոչ հստակ ինտերվալներ, սրանք արձանագրված փաստեր էին, որոնց ամեն օր բախվում էր ցանկացած քաղաքացի: «Որպես քաղաքացի, որոշեցի ինչ-որ կերպ օգնել մյուս քաղաքացիներին և երկար ժամանակ մի քանի հոգու տանում էի ինձ հետ Երևան ու հետ բերում, ու երբ այդ մարդիկ ինչ-որ պատճաներով մի օր չէին գալիս, ես կանգնում էի կանգառներում և ուրիշ մարդկանց ինձ հետ վերցնում,-ավելացնում է նա: Կարծես թե պատկերը շատ պարզ է դառնում, կան խնդիրներ, լուծման ճանապարհ, և ամենակարևորը ցանկություն խնդիրը լուծելու, բայց փաստորեն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, խումբը բացելու որոշումը դեռ չկայացրած արդեն առաջացել են խնդիրներ: Խումբը բացելու գաղափարը միանգամից առաջացավ այն ժամանակ, երբ ուղևորներ տեղափոխելու համար խնդիրներ առաջացան քաղաքում գործող երթուղային ավտոբուսի «դիսպետչերների» հետ: «Կանգնեցնում էին կանգառներում և չէին թողնում, որ մենք մարդկանց՝ թեկուզ անվճար, տանենք Երևան: Վիճաբանությունների արդյունքում որոշեցի այլընտրանք գտնել, որպեսզի ամեն անգամ չբախվեմ վերոնշյալ մարդկանց հետ»,-պատմում է խմբի հիմնադիրը: Հենց այսպես էլ սկսեց գաղափարի իրագործումը, ամեն ինչ որոշվել էր անել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: «Հատկապես , որ ֆեյսբուքում ունեի մոտավորապես 200-300 հոգի աբովյանցի ընկեր»,- նկատում է Արտաշը:

Այսպես, 2018թվականի մայիսի 23ին ծնվեց աբովյանցու խնդիրներից մեկը գոնե ինչ-որ չափով լուծող «Աբովյան անվճար տրանսպորտ» խումբը, որը մեկ տարվա ընթացքում արդեն հազարավոր անգամներ օգնել է բազմաթիվ քաղաքացիների: Այս խմբում են հավաքվել վարորդներ, ովքեր իրենց ամենօրյա ճանապարհը կիսում են հենց իրենց համաքաղաքացիների հետ, ուղևորներն էլ պայմանավորվում են վարորդների հետ, ճշտում մեքենայի համարանիշը, վերցնում ինչ-որ քաղցրավենիք և սպասում իրենց բարի վարորդին: «Մենք մեր վարորդներին բարի որակավորումն ենք տվել, եթե ուշադիր լինեք գրառումներին կտեսնեք, գրում ենք ՝ այսինչ տեղը գնացող բարի վարորդ կա՞: Իրոք բարի են, անվճար և առանց որևէ շահի մեր վարորդները մեզ հասցնում են աշխատանքի, դասի: Սա հրաշալի գաղափար է, հրաշալի երիտասարդներ ունենք»,-նշում է Աբովյանի բնակիչ և խմբի ակտիվ անդամներից մեկը: «Սկզբից սկսեցի ուղևորներ տեղափոխել ընկերներիս հետ, հետո մարդիկ ինքնաբուխ սկսեցին միանալ: Որոշեցինք հանդիպում կազմակերպել, շատ լավ առիթ կլիներ ծանոթանալու, որովհետև մարդիկ ամեն դեպքում վախենում էին, այնքան էլ չէին վստահում,-շարունակում է Արտաշը,- ծանոթացա այժմ ինձ շատ մոտ ընկերոջ՝ Վահե Փայտյանի հետ, ով առաջինը ցանկություն հայտնեց նախաձեռնող անդամների խումբ ստեղծել»,-եզրափակում է նա: Եվ կարծես թե ամեն ինչ պատրաստ էր, խումբը կար, անդամները կային, մնում էր կանոնները մշակել և անցնել առաջ: Հենց այդպես էլ եղավ. խումբն արդեն մեկ տարի է գործում է և չի կորցնում ակտիվությունը անընդհատ ավելացող ուղևորների ու վարորդների շնորհիվ: «Երբ իմացա խմբի մասին առաջին բանը, որ մտածեցի այն էր, թե ինչպես են այսքան լավ գաղափար ունեցել ու կարողացել այսքան լավ իրագործել այն: Սա իսկապես շատ բարի նախաձեռնություն է, և վարորդները մեծ հաճույքով են օգնում մարդկանց: Մեր ուղևորներն էլ հաճախ, որպես շնորհակալություն, մեզ շոկոլադ ու քաղցրավենիք են հյուրասիրում»,-պատմում է խմբի վարորդներից մեկը: Ամեն ամիս խմբի անդամների հետ կազմակերպվում են հանդպումներ, մարդիկ հանդիպում են, ծանոթանում, խոսում հետագա պլաններից, ժամանակ անցկացնում, իսկ հաջորդ օրվանից սկսում վարորդ և ուղևոր փնտրտուքները: «Աբովյան ավճար տրանսպորտ» խմբի ծննդյան օրն էլ սովորականի պես չի անցել: «Մեր երեխայի ծնունդն էր մայիսի 23ին: Այս խումբը մեր առօրյայի մի մասն է դարձել, իմ օրը առանց խումբ չի անցնում, սա լավ մարդկանց գտնելու հրաշալի տարբերակ է»,-պատմում է Լիլիթը, ով համակարգող անդամներից մեկն է: Վերջերս,  այս խումբը  Տավուշի սահմանամերձ 2 գյուղերին գրադարանով ապահովեց: Կարճ ժամանակում գումար, գրքեր հավաքեցին ու 400-ից ավել գրքեր հասցրեցին Ներքին Կարմիրաղբյուր և Տավուշի գյուղերի դպրոցներին:

Այսքանից հետո ոչինչ չի մնում ասելու, բացի խորհուրդ տալուց՝ հետևել այս քաղաքացիների օրինակին: Նրանք էլ բոլորիս նման սովորական քաղաքացիներ են, ովքեր առանց որևէ պաշտոնի կարողանում են լուծել անլուծելի համարվող խնդիրներ:


Ջեմմա Նուրիջանյան

4-րդ կուրս

Կիսվել