SMM՝ (սոցիալական մեդիա մարքեթինգ ) նոր հապավում, որը հավակնում է դառնալ վիրտուալի ամենանորաձեւ ու արդյունավետ գործիքը: Սա աշխատանք է, որը նաեւ հաճելի զբաղմունք է, մասնագետները մեծ պահանջարկ ունեն, բարձր վարձատրությունն էլ երաշխավորվում է: Եթե դուք ունեք հետաքրքիր մտքեր, ցանկանում եք աշխատանք, որը չունի խիստ ժամանակացույց եւ տեղի սահմանափակում, ապա SMM-ը հենց ձեզ համար է։
Իսկ ո՞րն է սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի գործը. նա պետք է ամեն րոպե գրավի ձեր ուշադրությունն իր ապրանքանիշի վրա: Կարող է «լայք» խնդրել, արտառոց լուսանկարով ձեզ ստիպել մուտք գործել էջ ու դառնալ իրենց ամենօրյա հետեւորդը: Սրանք այն պարզագույն հնարքներն են, որոնցից օգտվում են մարքեթոլոգները, որպեսզի ավելացնեն էջերի ակտիվությունը: Կան շատ ավելի բազմազան նորարարություններ, որոնք կստիպեն ձեզ հետաքրքրվել իրենց ընկերությունով։ Հենց այդ գործիքների արդյունավետությամբ էլ աճում են կազմակերպությունների վաճառքները։
ADV գովազդային գործակալության հիմնադիր Ալբերտ Գևորգյանը սկսնակներին խորհուրդ է տալիս նախ մասնակցել անվճար վեբինարների, բաց դասերի և սեմինարների։
« Շատ կարեւոր է, որ տեղում չդոփեք եւ նաեւ հաճախեք վճարովի դասընթացների՝ միայն վիրտուալում փնտրած տեղեկությունները քիչ են արհեստավարժ մասնագետ դառնալու համար: ՍՄՄ-ի մասնագետի ամենակարեւոր հատկանիշը մեծ պատասխանատվությունն է, քանի որ մի ամբողջ կազմակերպության հաջողությունը կախված է մեկ մարդուց»,-վստահեցնում է Ալբերտ Գևորգյանը:
Ըստ փորձագետի, SMM-ի մասնագետը պետք է լավ հոգեբան լինի, քանի որ մարքեթինգի 90%-ը հիմնված է հոգեբանության վրա, մնացած 10%-ը լրացնում են արդեն տեխնիկական գիտելիքները:
Հագոպ Կալաչյան
3-րդ կուրս