Աշխարհի շատ երկրներ շախմատը համարում են սպորտաձեւ եւ մրցաշարերին պատրաստվում ինչպես մարզական մեծ իրադարձության: Մի մասն էլ կարծում է, որ շախմատն իսկական արվեստ է, սպորտային մշակույթ, որը պետք է տարածվի աշխարհով մեկ: Հայաստանի դեպքում շախմատը կյանքի փիլիսոփայություն է. մեզ համար այն միայն սպորտ և մրցություն չէ ու ամենեւին էլ պատահական չեն տարբեր տարիներին մեր շախմատիստների և հավաքականի հաջողությունները միջազգային ասպարեզում:
Շախմատում առավելության հասնելու համար անհրաժեշտ է անընդհատ պայքարի մեջ լինել, կանխատեսել մրցակցի քայլերը, կանխել դրանց իրագործումը, ընտրել ճիշտ մարտավարություն և անհրաժեշտության դեպքում էլ տալ հուժկու հարված: Այս ամենը գործոններ են եւ առանց դրանց հնարավոր չէ հասնել հաղթանակի: Իսկ ինչու են հայերը հաջողում շախմատում․ այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ ՖԻԴԵ-աշխատակից, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ Աղասի Ինանցից:
«Մեր ազգը դարեր շարունակ մշտապես մտածել և մտածում է այս ամենի մասին` պաշտպանվել հակառակորդներից և պաշտպանել սեփական գոյությունը: Իսկապես, շախմատի ամբողջ գաղափարական միտքը համընկնում է մեր ազգային մտածողության հետ: Սակայն կա մի տարբերություն: Եթե շախմատում պետք է ամեն ինչ անես , որ պաշտպանես արքային, ապա մեզ մոտ միշտ արքաներն են պաշտպանել ժողովրդին: Ներկայումս Հայաստանն արժանիորեն դասվում է շախմատային գերտերությունների շարքին: Եվ ինչպես կարող է չդասվել, երբ մեր հավաքականը 3 անգամ դարձել է շախմատի օլիմպիական և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն: Մենք ունեցել ենք աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյան, ներկայումս` Լևոն Արոնյան, ով 2 անգամ դարձել է աշխարհի գավաթակիր։ : Իսկ պատանիներն էլ մշտապես լավ արդյունքներ են գրանցում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Այս ամենին գումարվում է այն , որ Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը շախմատը դարձրեց պարտադիր ուսուցանման առարկա և մտցրեց հանրակրթկան դպրոցների կրթական ծրագրի մեջ»:
Աղասի Ինանցի խոսքով, այսօր շատ երկրներ հետևում են Հայաստանի օրինակին և որպես ուղեցույց ընտրում են մեր փորձը: Առարկայի մուտքը դպրոցներ, անկասկած, մեծացրել է երեխաների հետաքրքրությունը շախմատի հանդեպ:
«Պետք է այս քայլին մի փոքր այլ տեսանկյունից նայել: Շախմատը մուտք գործեց դպրոց հատուկ նպատակով: Երեխան դեռ փոքր տարիքից սովորում է պայքարել, իսկ կյանքն ինքնին պայքար է: Շախմատը սովորեցնում է արդար պայքարի ձևը․ լինել հավասարակշռված, հաշվարկել հետագա քայլերը: Եվ այս ամենը մենք տեսնում ենք մեզ շրջապատող իրականության մեջ: Այնպես որ, մեր նպատակը ոչ թե պրոֆեսիոնալ շախմատիստներ պատրաստնելն է, այլ գալիք սերունդի մեջ շախմատային մտածելակերպ սերմանելը ։ Բայց այդ երեխաներից կընտրվեն առավել աչքի ընկնողները, ովքեր պետք է շարունակեն բարձր պահել հայկական շախմատի մակարդակը»:
Շախմատը հնարավորություն է, որ երեխան փորձի շախմատային քայլերը կիրառի կյանքում եւ համոզվի՝ մտքի ուժով էլ կարելի է գրավել բարձունքներ:
Վազգեն Կարապետյան
3-րդ կուրս