Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ն արդեն 7 տարի ամբողջ աշխարհում հռչակել է աղջիկ երեխաների օր: Օրը հատուկ նշելու պատճառն է կարեւորել աղջիկ երեխաների դերը, վեր հանել նրանց կարիքները եւ լուծել մարտահրավերները՝ միաժամանակ նպաստելով հասարակությունում կանանց դերի ամրապնդմանն ու իրավունքների հաստատմանը: Մեր երկրում օրենքի առջև հավասարությունը և խտրականության արգելքն ամրագրված են Սահմանադրությունով, միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով: 2017թ.-ին Հայաստանը ընդունել է նաեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Մինչդեռ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ.-ի տարեկան հաղորդման մեջ նշված է՝ չնայած առկա օրենսդրական կարգավորումներին՝ Հայաստանում շարունակվել են արձանագրվել կանանց իրավունքների ոտնահարման և նրանց նկատմամբ խտրականության դրսևորման դեպքեր:
Հայաստանում աղջիկ երեխաները դեռ չծնված ենթարկվում են բռնության: Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը համարվում է կանանց նկատմամբ բռնության դրսեւորում: Մեր երկիրն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո: Կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության նորմայից շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թ.-ից, իսկ 2000 թ.-ին այն հասել է մինչև 120 տղա-100 աղջիկ հարաբերակցության: Մինչդեռ նորման կազմում է 102-103 տղա – 100 աղջիկ հարաբերակցությունը:
Աղջիկ երեխայի հանդեպ մյուս խտրականությունը դրսեւորվում է կրթական ոլորտում: Ոստիկան, զինվորական, իրավաբան, լրագրող…. Եթե Հայաստանում 20 տարի առաջ այս մասնագիտություններն «աղջիկների համար չէին», ապա այժմ այս ոլորտներում կին մասնագետների հաճախ կարող ենք հանդիպել: Հայաստանում աղջիկ դիպուկահարները մեկով կհամալրվեին, եթե Անիի երազանքն այդպես էլ երազանք չմնար. «ՆԶՊ–ի դասերը, որ բոլորի համար զուտ «ավելորդ» դասաժամ էին, ինձ համար ամենասիրելին էին։ Դեռ 9-րդ դասարանից շատ լավ կրակում էի, ավտոմատը քանդում ու հավաքում 20վրկ.-ում»: Անի Արոյանն ընդունվեց ԵԿՄ (Երկրապահ կամավորական միություն), մեկ տարի հետո կրտսեր սերժանտի կոչում ստացավ, հետո էլ՝ հրամանատարի: Միակ կինն ինքն էր: «Դպրոցի բոլոր միջոցառումներին, մրցույթներին մասնակցում էի ու ավելի մեծ բավականություն էի ստանում, երբ հաղթում էի տղաներին։ Մրցույթներից մեկում էլ 2-րդ մրցանակային տեղը զբաղեցնելուց հետո երազանքս դիպուկահար դառնալը դարձավ, բայց շա՜տ էին ասում, որ դա աղջկա գործ չի, լավ մտածեմ ու այդպես էլ հրաժարվեցի իմ երազանքների մասնագիտությունից»:
Ի տարբերություն Անիի՝ Բեյրութից եկած Նարինեն իր երազանքն իրականություն դարձրեց. նա այժմ խաչքարագործ է: «Հեչ մեկ գաղափար չունեի խաչքարների մասին, ոչ ալ կհետաքրքրեր ինձի: Փողոցով կանցնեի, պատահմամբ տեսայ, շատ ուրախացա, որովհետև խանդավառ կաշխատեին: Հետո մտքես ըսի՝ ինչու աղջիկ չկա, այդ վայրկյանին որոշեցի սորվիլ, մոտեցա ու հարցուցի, թե կրնամ սորվիլ, և իրենց պատասխանը այո էր»,-ժպիտով հիշում է Նարինե Փոլադյանը: Սկզբում բոլորը զարմացել էին. Մայրս կըսեր Նարինե, աս գործը քեզի համար չէ, «տղու» գործ է, դժվար է: Հիմա ծնողներս կը տեսնեն, որ ուրախ եմ, իրենք ալ կուրախանան և կհպարտանան:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Շուշան Խուրշուդյանի, հիմնական պատճառը հասարակության մեջ ձևավորված կարծրատիպային մտածելակերպն է. «Հայաստանում կանայք իրենց կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, սակայն կանայք կրթության իրավունքի իրականացման մեծ խնդիրներ ու խոչընդոտներ են ունենում: Կանանց հատուկ դեր է վերագրված, երբ կանայք այդ դերից դուրս են գալիս, չեն ընդունվում: Հատկապես մարզերում հասարակությունը չի խրախուսում այն կանանց, որոնք լսարան կամ հրապարակ են փորձում գրավել իրենց ակտիվ խոսքով, հրապարակային կոչերով»,-ընդգծում է Խուրշուդյանը:
Քաղաքացիական ծառայությունում կրտսեր մասնագետների շարքում գերակշռում են կանայք՝ 860-ից 612-ը, իսկ բարձրագույն մասնագետների դեպքում պատկերը հակառակն է՝ 103-ից ընդամենը 15-ն են կին: Կանանց ներկայացվածությունը քիչ է նաև քաղաքականությունում: Կառավարության կազմում ունենք միայն մեկ կին նախարար, Աժ-ում 132 պատգամավորից միայն 32-ն են կին: Կանայք պահանջված են կրթության, առողջապահության, բնակչության սոցիալական ապահովության, առևտրի, մշակող արդյունաբերության ոլորտներում:
Ըստ Խուրշուդյանի՝ պատճառներից է այն, որ կանայք հաճախ կանգնում են խնդրի առջև՝ մայրանա՞լ, թե՞ աշխատել: Կանանց կարիերայի աճին խանգարում է նաև երեխայի խնամքի արձակուրդը: «Կարևոր է, որ պետությունը հասարակությանը իրազեկի, գիտակցությունը հասցնի նրան, որ այս երկուսը մեկը մյուսով պայմանավորված չեն, և հեշտությամբ կարելի է համատեղել: Այդ ընթացքում կանայք դուրս են մնում մրցակցությունից, չեն գնում վերապատրաստումների և օբյեկտիվ պատճառով հետ են մնում տղամարդկանցից: Պետության կողմից սոցիալական աջակցության դրսևորում է վերջին տարիներին ստեղծված դայակի ինստիտուտը»,-նկատում է Խուրշուդյանը:
«Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք»: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այս իրավունքը դեռեւս կանանց զերծ չի պահում նրանց բռնությունից: Ոստիկանության տվյալներով 2018թ.-ին ընտանիքում բռնության 707 դեպք է եղել, որոնցից 441-ն՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն:
«Վիճակագրության թվերը հաճախ իրական պատկերը ցույց չեն տալիս: Ընտանիքում բռնությունը համարվում է ներընտանեկան խնդիր, և կանայք շատ հաճախ չեն բարձրաձայնում դրա մասին և չեն դիմում իրավապահ մարմիններին՝ ելնելով հասարակական կարծիքից, ամոթի զգացումից»,-ընդգծում է Շուշան Խուրշուդյանը:
Այս խնդիրները հատուկ են տարբեր երկրների համար: Հենց այդ պատճառով էլ ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-րդ օրն աշխարհի ուշադրությունը սեւեռում է աղջիկ երեխաների վրա՝ հենց փոքրուց նրանք պետք է ճանաչեն իրենց իրավունքները եւ հիշեն՝ երազանքներն իրականացնելու համար սեռը պատճառ չի կարող հանդիսանալ:
Լիլիթ Մկրտչյան
3-րդ կուրս