ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔՈՒՖԹԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔՈՒՖԹԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ

1095

Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշեց հիմնադրման 2704֊ ամյակը։ Էջմիածնում արդեն ավանդական դարձած փառատոնների (խորովածի, գաթայի, տոլմայի, հարիսայի…) շարքին ավելացավ նաև Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը։ Փառատոնը սկսվեց ժամը 14։30 -ին՝ Էջմիածնի համայնքապետարանի հարակից տարածքում։ Միջոցառումների շարքում կատարվեց քուֆթայի և այլ ուտեստների համտես, գինու հյուրասիրություն և ցուցահանդես-վաճառք։ Փառատոնն ուղեկցվեց հայկական ազգային պարերով ու երգերով։ «Էջմիածնի քուֆթայի» մասին խոսեց միջոցառումների ընթացքում կամավորական աշխատանք իրականացնող Անահիտ Բաղդասարյանը. «Էջմիածնի քուֆթան ուրիշ համ ու հոտ ունի. դրա մասին բոլորս էլ գիտենք։ Ամենահամով քուֆթան կգտնեք մեր «քուֆթաչիների»` քուֆթա պատրաստողների փողոցում։ Եթե չգիտեք քուֆթա պատրաստել՝ եկե´ք Էջմիածին, մենք ցույց կտանք»։ Էջմիածնեցիների՝ արդեն սիրելի դարձած քուֆթայի փառատոնին, մասնակցում էին հանրային սննդի կետեր, հասարակական կազմակերպություններ, ռեստորաններ, քաղաքացիներ։ Հաղթող մասնակիցների համար նախատեսված էին «Լավագույն մտահղացում», «Լավագույն տեսք» և «Լավագույն համ» մրցանակները, որոնց արժանացան Երևանի թիվ 6 արհեստագործական միությունը, «Արիշտա» ռեստորանը և անհատ՝ Գայանե Եփրեմյանը։ Նշենք, որ նախաձեռնության հեղինակներն են Էջմիածնի համայնքապետանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման»  հասարակական կազմակերպությունը։ Քուֆթայի փառատոնը հաջողված համարելով՝ Էջմիածնի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Անդրանիկ փառատոնի հաջողությունն այն շարունակական դարձնելու վստահություն է տվել կազմակերպիչ կողմերին»։

Նարե Բաբերյան

2-րդ կուրս

Կիսվել