ԱՅԲԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ 7-ՐԴ ԱՆԳԱՄ

ԱՅԲԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ 7-ՐԴ ԱՆԳԱՄ

1129

Հոկտեմբերի 13-ին «Այբ» դպրոցը 7-րդ անգամ նշեց աշակերտների ամենասիրելի տոնը՝ այբական խաղերը։ Սպորտային խաղեր, միտքը զարգացնող մրցավեճեր ու, իհարկե, համեղ ուտեստների  ճաշակում։ Սպորտից բացի Այբական խաղերի կարևոր և անբաժան մասն են կազմում սննդի տոնավաճառը և հուշանվերների անկյունը, որոնցից ստացված ամբողջ հասույթն ամեն տարի ծառայում է «Այբ»-ի խնդիրների լուծմանը։ Այս տարվա հասույթն օգտագործվելու է «Այբ» դպրոցում ավելի ապահով դահլիճ ստեղծելու համար։

Միջոցառումը սկսվեց նորեկ այբեցիների՝ ուսուցիչների և աշակերտների խոստման արարողությունով։ Այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ սումո մենամարտ։

Երեխաներն oգտվում էին զիփլայն ատրակցիոնից, նկարում էին և պարում։

Այդ ամենին հաջորդեց ավանդական հարիսայի ամենամյա հյուրասիրությունը։

Դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Ալավերդյանն այս տարի կամավոր էր։ Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ամեն տարի էլ ավելի հետաքրքիր է անցնում այս օրը. բոլորս աշխատում ենք, որպեսզի կարողանանք օգնել դպրոցին գումար հավաքել։ Անհամբեր սպասում եմ հարիսայի հյուրասիրությանը։ Այս ամենը կարճ ժամանակում ինձ շատ հարազատ է դարձել»։

Այբական խաղերին մասնակցեցին նաև այլ դպրոցներից աշակերտներ:Մաքսեդան դպրոցի աշակերտուհի Ելենա Մակարյանը ասաց. «Առաջին անգամ էի «Այբ» դպրոցում: Անկեղծ կասեմ. տրամադրություն ստեղծող գույներն ու մյուս դպրոցներից տարբերվող կահավորանքը ստիպեցին մտածել երկրորդ անգամ «Այբ» հաճախելու մասին։ Կցանկանայի՝ մեր մյուս դպրոցներն էլ դուրս գային իրենց ստանդարտներից»:

Արփի Ալավերդյան

2-րդ կուրս

Կիսվել