ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ «ԲՐԵՆԴ»-Ը

ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ «ԲՐԵՆԴ»-Ը

970

Զարդեր, կավակերտ իրեր, աբստրակտ նկարներ, վերամշակված թղթեր. այս ամենը աուտիզմով երեխաների աշխատանքներ են, որոնք տեղ գտան հոկտեմբերի 13-ին
Կարապի լճի տարածքում անցկացվող ցուցահանդես-վաճառքում:

 «Made by children with Autism» (պատրաստված աուտիզմով երեխաների կողմից) գրվածքով տաղավարն առաջինն էր գրավում մարդկանց ուշադրությունը: Բոլորը մոտենում էին, ծանոթանում տեսականուն և հիանում նրանց մտքի թռիչքով։
«My Way» աուտիզմով երեխաների ուսումնավերականգնողական կենտրոնը տալիս է իր սաներին ո՛չ միայն կրթություն, այլև արհեստ և արվեստ սերտելու հնարավորություն։
 Դպրոցի թերապևտ Սոնա Ասոյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ կենտրոնն ունի 80 և ավելի աշակերտ, որոնք բաժանված են մի քանի խմբերի։ Ամեն խումբ ունի իր արհեստավարժական հոսքը.  օրինակ՝ կավագործություն, խոհարարություն, երաժշտական հոսք, նկարչական  և այսպես շարունակ։ Նա նշեց՝ այն երեխաները, որոնք զբաղվում են այգեգործությամբ, մշակում են նաև իրենց դպրոց-կենտրոնի ամբողջ այգին։ Սիրում և խնամում են իրենց իսկ տնկած ծառերն ու ցանած ծաղիկները։
 Այգեգործության ուսուցչուհու տեղեկացմամբ՝ դպրոցում անցկացվում են  երաժշտական, նկարչական դասեր, վերականգնողական թերապիաներ։
Երաժշտական դասընթացի ընթացքում երեխաների շրջանում զարգացնում են թիմային աշխատանքը, լսելու և համագործակցելու էթիկայի կանոնները։
Նա անդրադարձավ նաև վերականգնողական կենտրոնի խնդիրներին․«Դպրոցի սաներին նոր և ավելի բարեկարգ դպրոց տեղափոխելու ճանապարհին բախվել ենք մի շարք խնդիրների, որոնցից կարևորագույնը ֆինանսականն է։ Բայց գտնվեցին մի քանի բարերարներ, որոնցից մեկը Աննա Հակոբյանն էր։ Վարչապետի կինն ասել է, որ այս օգնությունը միանշանակ վերջինը չի լինի «Իմ Ուղին» դպրոցի համար»։
Սոնա Ասոյանը խոսքն ավարտեց դպրոցի սաների ձեռքբերումներով և հավելեց, որ ունեն արդեն  3 շրջանավարտ, որոնցից երկուսն ընդունվել են Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ, իսկ մյուսը՝ Փանոս Թերլեմզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։

Մարիամ Բարսեղյան
2-րդ կուրս

Կիսվել