ՆՈՐ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1476

2020 թվականի հունվարից  «Ryanair»  ավիաընկերությունը Երևանից Եվրոպա թռիչքներ կիրականացնի սկսած 35  եվրոյից։ Սա Հայաստանի  առաջին բյուջետային ավիաընկերությունն է, ինչը տուրիզմի ոլորտում կարևոր փոփոխություն է։ Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր 35 եվրոյով թռիչքներ իրականացնել՝ աշխարհի ամենահայտնի բյուջետային  ավիաընկերություններից մեկի`«Ryanair»-ի վարած քաղաքականության մեջ է։ Ավիաընկերությունը տնտեսում է բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով: Եթե նպատակ ունեք օգտվելու «Ryanair»-ից, ապա պետք է պատրաստ լինեք վճարել ծառայությունների համար, որոնք այլ ավիաընկերություններում ներառված են տոմսի հետ։ «Ryanair»-ի տոմսերի մեծ մասը վաճառվում է օնլայն, ուղևորը, պատվիրած տոմսը մինչև թռիչքը չտպելու դեպքում, պարտավորվում է  հավելյալ 55 եվրո վճարել։ Ուղեբեռի չափը մնացած ավիաուղիներից փոքր է, հավելյալ ճամպրուկի համար անհրաժեշտ է վճարել, հաճախ ավելի շատ, քան տոմսի արժեքն է։ Թռիչքի ընթացքում սնունդ չի տրվում, այն նույնպես հավելյալ վճարովի ծառայություն է։ Ցանկություն ունեք նստել ձեր հարազատների կողքի՞ն, դրա համար նույնպես պետք է վճարել, այլապես՝ կնստեք պատահական սկզբունքով ընտրված տեղում։ Ընկերության ինքնաթիռները գրեթե երբեք խոշորագույն օդանավակայաններում վայրէջք չեն կատարում, սա նշանակում է, որ հաճախ ուղևորները թռիչքից հետո երկար ճանապարհ պետք է անցնեն քաղաք հասնելու համար։ Այս  գործոնների շնորհիվ  «Ryanair»-ի տոմսերի սկզբնական գները մատչելի ու հայկական իրականության համար անհավատալի են, սակայն արդեն հավելյալ ծառայություններից օգտվելու դեպքում տոմսի գումարը  բազմապատկվում ու մոտենում է ոչ բյուջետային համարվող ընկերություններին։

Ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելուց արդեն օրեր անց, 35 եվրոյանոց տոմսերը սպառվել են: 2020-ի հունվարի 14-ին` «Ryanair»-ի Հայաստանյան  թռիչքի առաջին օրն ամենամատչելի տոմսը, որ կարելի է ձեռք բերել, սկսվում է 72 եվրոյից: Ապագա ուղևորներին խորհուրդ է տրվում տոմս ձեռք բերելուց առաջ համադրել այս փաստերը:

Հակոբ Քելեշյան

3-րդ կուրս

Կիսվել