Մեկնարկեց «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Բարձրաձայնել բնապահպանական և վայրի բնության պահպանության խնդիրները՝ սա է փառատոնի նպատակը:
Ըստ փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանի, իրենք այս տարի սկսել են համագործակցել տարբեր կրթահամալիրների և դպրոցների հետ:
«Հիմնական համագործակից է հանդիսանում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, ում սաները շատ մեծ ոգևորությամբ կազմակերպում և մասնակցում են տարբեր միջոցառումների»,-նկատում է Քալանթարյանը:
«Վորլդ Վիժն Հայաստան»-ի կազմակերպությունն «Արևորդի» փառատոնի հետ համագործակցում է դեռ անցած տարվանից: Կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանն անդրադարձավ մեդիայի և ֆիլմերի միջոցով հանրության շրջանում էկո-մշակույթի ձևավորման կարևորությանը. «Այս փառատոնը տեղափոխեցինք նաև մարզեր, որպեսզի մարզերում և գյուղական համայնքներում ապրող մարդիկ ևս մաս դառնան փառատոնին։ Անցյալ տարի Վայոց ձորի մարզում ֆիլմերի ցուցադրումներ կազմակերպվեց, և դրանով մենք ականատես եղանք` ինչպես ակտիվացավ գյուղական կյանքը, և արձանագրեցինք երեք հազարից ավելի զբոսաշրջիկի այցելություն` փառատոնի շրջանակներում: Ուրախալի է, որ երեխաների նկարահանած ֆիլմերի, բնապահպանական խնդիրների լուսաբանման շնորհիվ խնդիրները համայնքներում սկսվում են լուծվել»:
Փառատոնն անցկացվում է Վիվասել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ: Այս տարի թեման հովազն է: «Վերջերս կենտրոնական բանկը թողարկեց հովազի մետաղադրամ, որը պատկերվել էր մեր անտառապահներից մեկի կողմից: Հովազը նկարահանվել էր տեղադրած թակարդ տեսախցիկի միջոցով»,-նշեց փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
Նա մետաղադրամը նվիրեց Ռալֆ Յիրիկյանին: Ըստ նրա, փառատոնը սիրել են հատկապես երիտասարդները. «Այն շատ կարևոր հարթակ է` բնության հանդեպ հոգատար վերաբերմունքն իբրև հիմնարար արժեք արմատավորելու տեսանկյունից»,-ասաց Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Փառատոնի օրերին կովկասյան հովազին կարող ենք հանդիպել նաև Երևանի տարբեր հատվածներում. երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում:
Արփինե Հակոբյան
3-րդ կուրս