ԴԱՍԱՐԱՆԻՑ՝ ԽՐԱՄԱՏ. ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԼ Է՝ ԲԱՑԻ ՔԵԶՆԻՑ

ԴԱՍԱՐԱՆԻՑ՝ ԽՐԱՄԱՏ. ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԼ Է՝ ԲԱՑԻ ՔԵԶՆԻՑ

1285

«Առաջնագծում հոգևոր ծառայություն իրականացնելը ոչ թե պարտադրված ընտրություն է եղել, այլ սրտի թելադրանք»,-ասում է զրուցակիցս՝ Հակոբ սարկավագ Մալխասյանը, որը հոգևոր ծառայություն է իրականացնում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկում:

Նրան առաջին անգամ հանդիպեցի մարտական դիրքեր բարձրացող մեքենայում, հետո իմացա, որ հենց առաջին օրն է ինչ ծառայության է անցել տվյալ զորամասում. «Այս զորամաս եմ տեղափոխվել 2017թ.-ի նոյեմբեր ամսին և իմ հոգևոր ծառայությունն եմ իրականացնում զինվորների ու զորականների կողքին՝ փորձելով լուծում տալ մեր զորքի առջև ծառացած հոգևոր և շատ հաճախ նաև սոցիալական ու կենցաղային խնդիրների գոնե մի փոքր մասին»:

Հակոբ սարկավագի խոսքով՝ մենք ունենք հավատք, որն իբրև սպառազինություն և միջոց օգնում է դիմակայելու ու հաղթահարելու կյանքի ամեն տեսակ փորձություն.  «Հոգևոր ծառայությունն ինքնին բարդ և չափազանց կարևոր առաքելություն է, որի գիտակցումով պիտի ծառայենք մեր Աստծուն, ժողովրդին ու հայրենիքին»:

Սկզբնական փուլում սարկավագը բախվել է զանազան խնդիրների, դժվարացել է, հետո՝ հաղթահարել բոլոր բարդությունները. «Ընդհանրապես բանակի, և մասնավորապես մեր զորամասի վերաբերյալ բավականին տեղեկություններ ու պատկերացում ունեի, բայց ինչպես ժողովրդական հայտնի ասացվածքում է ասվում «Լավ է մեկ անգամ տեսնել, քան յոթ անգամ լսել»: Մեր զորամաս ոտք դնելու առաջին իսկ օրվանից հասկացա, որ իսկապես, հեշտ չի լինելու՝ պայմանավորված թե՛ բնակլիմայական խնդիրներով, թե՛ կենցաղային պայմաններով: Սակայն մարդը, Հա՛յ մարդը իր դարավոր փորձառությունով այս ամենին համակերպվում և հարմարվում է ու պատահական չէ, որ մեր գումարտակներից մեկի մուտքի ցուցատախտակին գրված է՝ «Լեռները թույլերին չեն ընդունում», և իրապես, չե՛ն ընդունում»:

Սարկավագի առօրյան բավականին հագեցած է ու ինչպես ինքն է ասում, նաև արդյունավետ. չկա մի օրակարգ կամ ցուցակ, որով պետք է ապրի կամ ծառայի զորամասի հոգևոր սպասավորը: Ասում է, որ շրջում է զորամասի բոլոր ստարաբաժանումներով, դիրքերով, հենակետերով և առհասարակ ողջ տարածքով, ու այս ամենի համար նույնիսկ մի քանի օրը չի բավականացնում. որտեղ մթնեց, այնտեղ գիշերում է:

Հակոբ սարկավագը նկարելու շնորհ ունի, արվեստը նրա համար աննկարագրելի աշխարհ է, ու այժմ քարտեզից դուրս մի տարածքում գտնվելով՝ կրկին ժամանակ գտնում է սիրելի զբաղմունքի համար. «Արվեստի մասին խոսելը, քննարկումներ կատարելն ու նոր գիտելիքներ ձեռք բերելն իմ ամենանախընտրելի և սիրելի զբազմունքներից են: Եթե մեր կյանքում կարևոր ու նշանակալից են գրելը, կարդալը, նկարելը կամ երգելը, հետևաբար դժվար կլինի ժամանակ չտրամադրել հոգեկան այս պահանջները լրացնելու և զարգացնելու համար, առավել ևս այն դեպքում, երբ ապրում ենք քաղաքային աղմուկից անդին»:

Նրա կարծիքով՝ արվեստն Աստծուն նմանվելու, Նրա պես արարելու և Նրա ձայնը լսելու միջոցներից է, իսկ շատ հաճախ մարդկային աղմուկն ու զբաղվածությունը խանգարում են լսել Արարիչի ձայնը. «Այս դեպքում կարող եմ վստահ ասել, որ տեղանքի՝ կտրված և քարտեզից դուրս լինելու հանգամանքն օգնում է. ապրում և արարում ենք, նկարում ու լսում ենք ձայնը:

Երբ առաջնագծում է, աշխարհի գույները մի փոքր փոխվում են՝ կանաչն է գերիշխում. «Զորամասում գերիշխող կանաչ գույնը ստիպում է մտածել այս գույնի իմաստի ու նշանակության մասին: Իհարկե, շատերս գիտենք , որ բանակի հադերձանքի և տեխնիկայի կանաչ երանգն այն նպատակով է, որ զորքը հնարավորինս աննկատ լինի՝ գունային առումով ձուլված բնությանն ու տեղանքին, բայց այս իրականությունից զատ, մենք կարող ենք զուգահեռներ տանել այլ ուղղությամբ. հայ մանրանկարչության և գեղանկարչության պատմությունից մենք գիտենք, որ կանաչը խորհրդանշում է ծնունդ, զարթոնք, կյանք, ու կարող ենք համեմատական անցկացնել այս իմաստով, որ հայոց բանակն էլ ավելի հզորանա, ծաղկի, կանաչի և ծլարձակի հայրենասիրության ու հայրենապաշտպանության շիվեր»:

Մինչ զորամաս տեղափոխվելը սարկավագի հոգևոր ծառայությունն այլ բնույթ է ունեցել, երեխաների հետ է աշխատել, ասել է թե՝ անցում է կատարել դասարանից խրամատ. «Դասարան և խրամատ. բավականին տարբեր իրականություններ են թե՛ նպատակով, և թե՛ կատարած խնդրով: Այլ սկզբունքներ, այլ մոտեցումներ, ամեն ինչ այլ է՝ բացի քեզնից: Միայն դու ես նույնը ու գիտակցումդ առ այն, որ երկու դեպքում էլ նպատակդ մեկն է՝ հոգևոր սպասավորություն: Դասարանում մենք գործ ունենք դեռևս չձևավորված, անկայուն անհատականությունների և փխրուն հոգիների հետ, իսկ բանակում այլ է: Բանակում ձևավորված, մեծամասամբ կայացած, գիտակից և հասուն տղամարդիկ են, որոնց պարագայում անընդունելի է ցանկացած մանկական կամ անհեռատեսական արարք, որովհետև հակառակ դեպքում կործանարար հետևանքներն անխուսափելի են»:

Սկզբնական շրջանում սարկավագը երբեմն վախեր է ունեցել, որ զինվորներն իրեն չեն ընդունի ու իրենց շփումը չի ստացվի, սակայն յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելով, վստահություն ներշնչելով, կարողացել է ի վերջո դառնալ նրանցից մեկը. «Հոգևորականի դերը զորամասում՝ ինչպես և քաղաքացիական կյանքում բազմաֆունկցիոնալ է, որը հիմնված է անփոխարինելի և բացառիկ սկզբունքի վրա, այն է՝ վստահություն: Եթե կարող ես արդարացի շահել զինվորի վստահությունը, հետևաբար դառնում ես նրա խնդիրների լուծման հիմնական «տարբերակը», ու այդ պարագայում քո մեջ տեսնում են ավագ եղբայր, ընկեր ու խորհրդատու: Այժմ քրիստոնեական թեմաներից բացի շատ հաճախ, նաև քննարկում ենք կենցաղային հարցեր, որոնք վերաբերվում են իրենց առօրյային, դժվարություններին, նպատակներին ու երազանքներին»:

Հակոբ սարկավագն ինքն էլ շատ երազանքներ ունի, որոնք սահմանը կարծես թե չի փոխել. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սահմանը ոչ թե փոխեց, այլ լրացրեց երազանքներս, քանի որ ես այսօր ապրում եմ այստեղ՝ սահմանում, ունեմ հստակ նպատակ, այն է՝ օգտակարություն բերելով մեր բանակին, օգտակար լինել Հայրենիքին ու Աստծուն: Իսկ այդ գործընթացում երազանքներն ու նպատակները իրար լրացնելով ծնվում են ամեն օր՝ մեր ապրելակերպը դարձնելով իմաստավոր և հետաքրքիր: Երազանքներն, անշուշտ, իրականանում են, այլապես Աստված չէր օժտի մեզ երազելու ունակությամբ, և սա ամբողջը չէ: Թող այնքան խաղաղ պայմաններ լինեն աշխարում, որ ոչ մեկ չդադարի երազել, ու հավատա իր երազանքների իրականացմանը…»:

Իննա Թումանյան

4-րդ կուրս

Կիսվել